Մոսկվան գերտերություն լինելով՝ միանգամայն ունակ է զսպել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները

- in Կարծիք
Putin Aliev

Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է երկու հատկանշական հայտարարություն՝ ուղղված Եվրամիությանն ու Ռուսաստանին, իհարկե՝ տարբեր թեմաներով և առիթներով:

Եվրամիության մասով Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Բրյուսելից հետո արած հայտարարությունը Հայաստանում նոր իրավիճակում աջակցության ծավալների մասին: Սակայն նախօրեի հայտարարությունը աչքի է ընկել նրանով, որ այն, փաստորեն, եղել է ինչ-որ առումով պատասխան նաև ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտնի արձագանքին, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, վերահաստատելով իր խոսքը՝ կրկնել է բավականին կոշտ հարցադրումը, որ Եվրամիությունը պետք է կողմնորոշվի Հայաստանում փոփոխությունների հանդեպ իր վերաբերմունքի գործնականացման հարցում:

Միևնույն ժամանակ, դրան զուգահեռ, անվտանգության հարցում Նիկոլ Փաշինյանը աննախադեպ հստակությամբ և բավական նկատելի կոշտ շեշտադրումով ընդգծել է Ռուսաստանի դերը, մասնավորապես, պատերազմ թույլ չտալու հարցում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մոսկվան գերտերություն լինելով՝ միանգամայն ունակ է զսպել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները, և ինքը չի հավատում, որ Ռուսաստանը չի անի դա: Այդպիսով, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործողությունների համար պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա:

Փաստորեն, նոր իշխանությունը կամ ավելի շուտ այդ իշխանության ղեկավարը փոխլրացնող կոշտ մեսիջներ է հղում Բրյուսել ու Մոսկվա, մի դեպքում շատ հստակ արձանագրելով, որ եթե Եվրամիության աջակցությունը կախված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումից, ապա Երևանը բացարձակապես հրաժարվում է դիտարկել այդպիսի պայման կամ հարց, մյուս դեպքում՝ այդպիսով նաև Ռուսաստանին մեսիջ հղելով, որ Հայաստանի նոր իշխանության այդ հստակ դիրքորոշումը պետք է իր հերթին անվտանգային աջակցության արժանանա Ռուսաստանում, որովհետև Հայաստանի, այսպես ասած, դաշնակցային պարտավորությունը կամ բարոյականությունը չպետք է լինի միակողմանի:

Այս փոխլրացնող մեսիջները անկասկած հիմնված են իշխանության լեգիտիմության վրա, այլապես Հայաստանը թույլ չէր տա թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության հետ խոսել այդպիսի տոնայնությամբ ու շեշտադրումներով: Մյուս կողմից՝ այս հանգամանքը Հայաստանում, այսպես ասած, վախեցնում է շատերին, այն իմաստով, որ մտահոգություն է առաջացնում միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ հարաբերությունը վտանգելու տեսանկյունից:

Գործնականում, սակայն, այս իրողությունը պայմանավորված է դեռևս նախորդ իշխանությունից եկող իներցիայով, որտեղ պատասխանատվության շեշտադրումը թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում բացակայել է իսպառ և միայն երբեմն անուղղակիորեն առաջ է եկել պոստֆակտում, ինչպես, օրինակ, ապրիլյան քառօրյայի դեպքում: Մինչդեռ պատասխանատվության շեշտադրման բացակայությունն իրականում երբևէ եղել է ոչ թե խնդիրների բացակայություն, այլ դրանց կոծկում, ինչը, սակայն, իրականում ոչ թե օգնել է լուծել դրանք, այլ ավելի բարդացնել: Ըստ այդմ՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա ժողովրդավարական հեղափոխության քաղաքական կապիտալիզացիան որպես նվազագույն անհրաժեշտություն ենթադրում է նաև հենց ներքին ու արտաքին պատասխանատվության շեշտադրում թե՛ Հայաստանի համար, թե՛ նաև Հայաստանի հետ հարաբերվող տարբեր սուբյեկտների՝ անկախ հարաբերության աստիճանից և ըստ հարաբերության աստիճանի:

Այս իմաստով մտահոգության առարկա պետք է լինի ոչ թե այդ հանգամանքը, այլ դրա բացակայությունը, ինչը կնշանակի թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-արևմտյան և թե՛ ընդհանրապես Հայաստանի ինքնիշխան շահի առանցքով արտաքին քաղաքականության ոլորտում խնդիրների կուտակման և բարդացման շարունակություն:

Spread the love