Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

- in Պաշտոնական

ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  չի բացառում  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:

Հուլիսի 22-ին Փանիկում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Դավիթ  Տոնոյանը նաև նշեց: «Դրանք քարի վրա  գրված փաստաթղթեր  չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք  պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»,- նշեց նախարարը՝  փաստելով, որ  օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը  կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:

Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

ՌԴ 102-րդ ռազմակայանը զորավարժությունների վերաբերյալ համայնքի բնակչությունը չի իրազեկել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին նշեց ՀՀ պաշտպանությանյ նախարար Դավիթ Տոնոյանը։

«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ  չգտնվող սպառազինություն է»,- հավելեց Դավիթ Տոնոյանը:

2015թ. ՌԴ–ն և ՀՀ–ն վարկային համաձայնագիր ենվավերացրել, որի շրջանակներում ՌԴ–ն ՀՀ–ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում:

Spread the love