«Եվ՛-և՛»-ի ժամանակներն ավարտվում են։ Գալիս են «կա՛մ-կա՛մ»-ի ժամանակներ

dzerq

Ժամանակակից աշխարհը խիստ դիֆերենցված է։ Սառը պատերազմի ավարտից ու ԽՍՀՄ փլուզումից հետո հատկապես վերջին տարիներին աշխարհակարգը հիմնված է արևմտյան քաղաքակրթական-քաղաքական հանրույթի ու Ռուսաստանի և ռուսական ազդեցության տիրույթի հակադրության վրա։ Լավ է դա, թե վատ, արդարացված է, թե ոչ՝ քննարկման այլ նյութ է։ Դա իրողություն է, որի հետ հատկապես ու առավել ևս՝ փոքր երկրները հաշվի չնստել չեն կարող։

Կրկին անկախ նրանից լավ է դա, թե վատ, բայց հատկապես ու հաստատապես փոքր պետությունները, առավել ևս զգայուն տարածաշրջաններում գտնվողները ստիպված են լինում ընտրություն կատարել այդ երկու համակարգերի միջև։

Ընտրությունն այդ առաջին հերթին քաղաքակրթական է, ապա արտահայտվում է արդեն պրակտիկ քաղաքականության գործիքակազմով՝ տնտեսական, մաքսային միություններ, անվտանգության գլոբալ ու տարածաշրջանային համակարգեր։ Այդ ընտրությունից խուսափելու, կամ ինչպես Հայաստանի նախկին իշխանությունն էր հայտարարում, «և՛-և՛»-ի քաղաքականություն վարելու փորձերն իրականում տաֆտալոգիկ բնույթ ունեն կամ մեղմասացություններ են։

Հայաստանն իր փորձով է ապացուցել դա։ Մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը Հայաստանը ունենալով ժողովրդավարական ցուցանակով շղարշված ավտորիտար իշխանություն, այդուհանդերձ կատարել էր ճիշտ քաղաքակրթական ընտրություն և պատրաստվում էր Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։

Դա ոչ լեգիտիմ իշխանության թերևս միակ պետականանպաստ որոշումն էր, որը հիմնված էր Եվրոպայի հետ քիչ թե շատ նույն արժեքային համակարգի ու գուցե առաջին հերթին քրիստոնեական ընդհանրության վրա։ Ադ ընտրությունը կանխվեց։ Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց, մեկ գիշերվա մեջ Հայաստանը դարձավ Մաքսային, ապա՝ Եվրասիական միության անդամ։ Բերվեցին ամենատարբեր հիմնավորումներ, որոնցից սակայն ամենավճռորոշը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն առնչվող սպառնալիքներն էին։

Չէր ասվում ուղիղ, բայց հասկացվում էր տառացիորեն, որ եթե Հայաստանը չանդամակցեր Մաքսային միությանը և չհրաժարվեր Ասոցացման համաձայնագրից, Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով անվտանգության սպառնալիք կստեղծեր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար։ Ասոցացման համաձայնագիրը երեք տարի տարփոխող այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները այդ սպառնալիքը ավելի պատկերավոր դարձնելու համար ասում էին, որ կարող ենք ընդհուպ կորցնել Ղարաբաղը։

Մաքսային միությանն անդամակցելուց երեք տարի անց, սակայն կորցրեցինք Ղարաբաղի տարածքից 800 հեկտար, դրան հաջորդած տարիներին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ոչ միայն ավելի հուսալի չդարձավ, այլ հայտնվեց գրեթե ամենօրյա սպառնալիքի ներքո՝ մեր ռազմավարական դաշնակցից միլիարդավոր դոլարների սպառազինություն գնող Ադրբեջանի կողմից։ Քիչ է խոսվում, բայց այդ 800 հեկտար տարածքն ու 100-ից ավել զոհերը Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության գինն էին, դրա հետևանքը։

Հայաստանը հայտնվեց ակումբում, որի անդամների մեծամասնությունը բարեկամական կամ ֆինանսատնտեսական հարաբերություններ ունի մեր հակառակորդի՝ Ադրբեջանի հետ։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը Ադրբեջանի հաղթանակն էր, իրեն բարեկամական երկրների աքցանում Հայաստանը սեղմված տեսնելու արտահայտությունը։

Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն ու նոր իշխանությունը հայտարարեց, որ շարունակելու է նախորդների արտաքին քաղաքականությունը։ Այն քաղաքականությունը, որը էականորեն խոցելի է դարձրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, այն քաղաքականությունը, որի համար գերակայություն է ռուսական կայսերապաշտության սպասարկումը։ Դրա դիմաց Հայաստանի նախկին իշխանությունը Ռուսաստանից ստանում էր իշխանությունը պահպանելու և վերարտադրվելու համաձայնություն ու աջակցություն։

Ի՞նչ է ստանում Հայաստանի նոր իշխանությունը ռուսական իմպերիալիզմի շահը սպասարկելու դիմաց։ Զորքի կուտակումներ Նախիջևանում, հայկական բնակավայրերի պերմանենտ հրետակոծում, ռուսական քաղաքական մտքի կողմից ամեն օր հնչող սպառնալիքներ՝ Ադրբեջանի միջոցով նոր պատերազմ հրահրելու մասին։

Այս պայմաններում հանրային-քաղաքական դիսկուրսում է հայտնվել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը։ Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ նախկինի համեմատ շրջադարձ չի լինելու, այսինքն կողմնորոշում չի փոխվելու։ Միևնույն ժամանակ իշխանությունը սկսել է ներքին բարեփոխումներ, ինչի դիմաց ակնկալում է աջակցության ավելացում Արևմուտքից։ Արևմուտքը գրեթե ուղիղ տեքստով հակադարձում է՝ ինչ փաստարկով պետք է ավելացնի աջակցությունը մի երկրի, որը Արևմուտքի հակառակորդի՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահի սպասարկողն է։

Արևմուտքի արձագանքի տողատակում ընկած է գուցե հորդորը Հայաստանի իշխանությանը՝ աջակցություն հայցեք նրանից, ում շահերին ծառայում է ձեր արտաքին քաղաքականությունը։ Բայց Հայաստանը համառում է, ցանկանում է ավելին՝ ավելիի դիմաց. Ավելի շատ եվրոպական փող, Ռուսաստանի հետ ավելի մերձենալու համար։ Բայց եվրոպացիները կարծես միանգամայն այլ բան են հասկանում «ավելին՝ ավելիի» դիմաց սկզբունքի ներքո։

Հայաստանն այսօր ապրում է ներքին ու արտաքին քաղաքականությունների դիսբալանսի պայմաններում։ Ներքին քաղաքականության հիմքում արևմտյան մոդելն է, արտաքին քաղաքականությունը ուղղված է Ռուսաստանին։ Հայաստանի իշխանությունը ցանկանում է շարունակել այդ դիսբալանսը՝ հընթացս Արևմուտքից ֆինանսական աջակցություն հայցելով։ Հավասարակշռության այդ խախտումը սակայն, երկար տևել չի կարող. պետք է ընտրություն կատարի կամ Հայաստանը, կամ Արևմուտքը։

Վերջինս կարծես թե չի ցանկանում ֆինանսավորել եվրասիականության զարգացմանը՝ ի դեմս Հայաստանի։ Հայաստանն էլ կարծես թե չի ցանկանում հրաժարվել եվրասիականությունից։ «Եվ՛-և՛»-ի ժամանակներն ավարտվում են։ Գալիս են «կա՛մ-կա՛մ»-ի ժամանակներ։ Առջևում ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտաքին քաղաքական կուրսի ընտրություններ են։

Spread the love