Եվրամիությունը Հայաստանից է սպասում քաղաքականության փոփոխություն՝ ըստ այդմ դրան արձագանքելու համար

- in Վերլուծական
Hayastan EM

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքելով եվրոպական քաղաքականության մասին Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ընթացքում արած հայտարարությանը՝ ակնարկել է, որ Եվրամիությունը Հայաստանից է սպասում քաղաքականության փոփոխություն՝ ըստ այդմ դրան արձագանքելու համար:

Ինչպես հայտնի է, Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Եվրամիությունը, ի տարբերություն նախորդ իշխանության հետ հարաբերության ծավալի, նոր իշխանության քաղաքականության դեպքում չի փոխելու իր քաղաքականության բովանդակությունն ու ծավալը, ապա թող նվազեցնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխության հանդեպ ոգևորության տոնայնությունը:

Դեսպան Սվիտալսկին ասում է, թե իրենք Հայաստանից են սպասում փոփոխություն, սպասում են գաղափարներ նոր իշխանությունից: Դեսպանի դիտարկումը անշուշտ տեղին է՝ Հայաստանը պետք է առավել առարկայորեն ներկայացնի Բրյուսելին, թե ինչ փոփոխություն է ակնկալում, ինչ տեսքով, ինչ ծավալով, բովանդակային ինչ ուղղություններով: Ներկայացրել է այդ ամենը Բրյուսել այցի և հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, թե ոչ՝ դեռ պարզ չէ: Այդ հարցը, սակայն, կարևոր է և ունի պարզաբանման կարիք, որպեսզի Հայաստան-ԵՄ հարաբերությունը չդառնա թյուրըմբռնման զոհ, առավել ևս, որ առանց այդ էլ այդ հարաբերությունն արժանացել ու արժանանում է տարբեր մանիպուլյացիոն հարվածների:

Սակայն մյուս կողմից՝ հենց մանիպուլյացիոն գործոնները չեզոքացնելու և նվազագույնի հասցնելու համար է անհրաժեշտ Հայաստան-ԵՄ հարաբերության վերափոխումն ու համապատասխանեցումը Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին: Եվ այդ առումով արդեն պետք է նկատել, որ այդ հարաբերությունն ունի երկու կողմ՝ Հայաստան ու Եվրամիություն: Եվ ներկայումս ակնհայտ է, որ կողմերից մեկն առնվազն մի քանի քայլի մասով կատարել է էական փոփոխություն: Խոսքը Հայաստանի թավշյա, ժողովրդավարական հեղափոխության մասին է: Ըստ այդմ՝ առաջանում է Եվրամիության արձագանքի հարցը՝ որպես մյուս կողմ:

Այստեղ է խնդիրը, և Հայաստանից սպասվող գաղափարներից առաջ պետք է հնչեցնել թերևս մեկ այլ հարց՝ իսկ Եվրամիությունն ուզո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերության մասով ավելին, թե՞ այն, ինչ պայմանավորվել էին նախկին իշխանության հետ, ԵՄ-ին լիովին բավարարում է և ավելիի հավես, ցանկություն, ժամանակ, միջոց, կամք կամ պատասխանատվություն Եվրամիությունը չունի:

Այստեղ է բուն խնդիրը ու նաև Հայաստանի վարչապետի հայտարարության առանցքը: Եթե Եվրամիությունն այդ ամենը չունի, ապա Հայաստանն իհարկե ոչինչ չի կարող և իրավունք էլ չունի պարտադրելու անշուշտ, սակայն առնվազն իրավունք ունի հորդորելու կամ կոչ անելու, որ ավելիի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բացակայության պայմաններում պետք է ուրեմն չավելացնել հռետորաբանությունը, որովհետև այդ հանգամանքը տալիս է հավելյալ մանիպուլյացիաների տեղիք և վտանգում է Հայաստան-Եվրամիություն անգամ ներկայիս մակարդակի հարաբերությունը՝ Ռուսաստանում Հայաստանի նոր իշխանության հանդեպ անվստահության տրամադրություն գեներացնելու միջոցով, որ հետևանք է Հայաստանի նոր իրավիճակի մասով Եվրամիության աճող հռետորաբանության:

Եթե այդ հռետորաբանության հետ մեկտեղ ԵՄ-ն էապես չի օժանդակելու Հայաստանի նոր իշխանությանը կենսունակության ու դիմադրունակության հարցում, ուրեմն պետք չէ, որպեսզի ստեղծի հավելյալ խնդիրներ, որոնք պահանջելու են ավելի մեծ ջանք ու ժամանակ:

Այստեղ է ամբողջ հարցը, ու հենց այդ համատեքստում է, որ նախ՝ պետք է կողմնորոշվի ԵՄ-ն ու հստակ արձանագրի՝ ուզո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերության մասով ավելին՝ թե՛ դինամիկայի, թե՛ փողի՝ որպես միջոց, թե՛ բովանդակության տեսանկյունից, պատրա՞ստ է, ունի՞ ինքը գաղափարներ ու մտադրություններ, որ անհնար էր համարում նախկին իշխանության պարագայում և հնարավոր է համարում այժմ, թե՞ ոչ:

Spread the love