Երևանի ավագանու ընտրությունից կերևա, թե ինչպիսին է հարաբերական կամ միջինացված օպտիմալ գործակիցը նոր իրավիճակում

- in Ընտրություններ
Yntrutyun

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն կայացրել է քաղաքական որոշում և կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, որը տեղի կունենա, եթե հուլիսի 16-ին Երևանի գործող ավագանին չընտրի նոր քաղաքապետ: Իհարկե ժամկետների հարցում որոշումը կախված է լինելու կառավարությունից, սակայն արտահերթը այդ դեպքում ամեն պարագայում կդառնա անխուսափելի:

Միաժամանակ, կառավարությունից, իսկ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանից է կախված, թե ինչ կլինի Երևանի քաղաքապետարանում՝ ՀՀԿ ավագանու հետ համապատասխան աշխատանք այդուհանդերձ կկատարվի՞ քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունից խուսափելու համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը որևէ նշանակություն չի տա այդ հարցին և կթողնի իրադարձությունները զարգանան իրենց ընթացքով, իսկ կառավարությունը կսահմանի արդեն արտահերթ ընտրության իր համար հարմար ժամկետ, ընդհուպ այն, որ դրանք կարող են տեղի ունենալ խորհրդարանի ընտրության հետ զուգահեռ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար այդ տարբերակը անշուշտ այնքան էլ շահեկան չէ, մեղմ ասած, ու թերևս որևէ այլ կուսակցության համար: Սակայն ԲՀԿ հանգամանքը առանձնահատուկ է, հաշվի առնելով այն, որ ներկայիս իրավիճակում, ներկայիս ստատուս-քվոյի և դասավորության պայմաններում ԲՀԿ-ն է համարվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական այսպես ասած գլխավոր կամ միակ մրցակիցը, որը սպասում է իր ժամին: Այս տեսանկյունից, քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունը «Բարգավաճ Հայաստան»-ի համար հավասարազոր է այդ «ժամին», եթե տեղի է ունենում խորհրդարանի ընտրությունից առաջ: Համենայնդեպս, ԲՀԿ-ն այդպես է դիտարկում այդ հնարավորությունը: Մյուս կողմից, սակայն, խնդիրը թերևս հաղթանակը չէ, հազիվ թե «Բարգավաճ Հայաստան»-ն ակնկալի հաղթանակ Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը:

Խնդիրը տվյալ դեպքում այն է, որպեսզի հնարավորինս նվազեցվի Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակի տոկոսը: Լավագույն արդյունքը կլինի այն, որ ձևավորվի ավագանի, որտեղ Փաշինյանը չի ունենա բացարձակ մեծամասնություն: Սրանք իհարկե այս պահին թվում են շատ տեսական, անիրականանալի տարբերակներ, սակայն հարցն այն է, որ դրանք են թերևս ԲՀԿ պլան մինիմում կամ մաքսիմումը: Բոլոր դեպքերում, «Բարգավաճ Հայաստան»-ի համար ավագանու ընտրությունը կլինի խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ անփոխարինելի «մարզում»: 2017 թվականի ընտրությանը ԲՀԿ-ն չմասնակցեց, թերևս համարելով ավելորդ ծախս, քանի որ ՀՀԿ-ն, միևնույն է, չէր թողնելու բացարձակ մեծամասնությունը, հատկապես խորհրդարանի ընտրությանն այդպիսի նշաձողից հետո: Միաժամանակ, ՀՀԿ-ն էլ փորձարկում էր, թե ինչի է ընդունակ առանց ԲՀԿ բուֆերային դերակատարման: Ըստ էության, 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունը առաջին ազդակն էր, որ տասնամյակն ավարտվեց, և ՀՀԿ-ն կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանը, իրադարձությունների զարգացումը այլևս դիտարկում է առանց ԲՀԿ բուֆերային դերի, առանց այդ անվտանգության բարձիկի:

Այդ համատեքստում ամենևին զարմանալի չէ Ծառուկյանի աջակցությունը թավշյա հեղափոխությանը: Այստեղ էական էր ոչ միայն այն, որ հեղափոխության հաղթանակն արդեն անխուսափելի էր, այլ պարզապես Ծառուկյանի համար այլևս պարզ էր, որ չի տեղավորվում առաջիկա տասնամյակի սխեմաներում, և եթե նախորդ տասնամյակը ԲՀԿ-ի համար կայացման ու զարգացման տասնամյակն էր, ապա գալիքը լինելու էր մայրամուտը: Թավշյա հեղափոխությունն այդ իմաստով առանձնապես բան չի փոխել հեռանկարների մասով, Ծառուկյանը դա լավ է պատկերացնում: Նիկոլ Փաշինյանին բուֆեր պետք չէ, ինչպես առիթ ենք ունեցել գրելու այդ մասին, միաժամանակ հնարավոր չէ նրան լինել այնպիսի ընդդիմություն կամ այլընտրանք, ինչպես ՀՀԿ-ին: Ի լրումն այդ ամենի, առկա է նաև բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու հեղափոխական օրակարգը, որն առայժմ կենտրոնացած է այսպես ասած ՀՀԿ-ամերձ շրջանակի վրա, սակայն վերջին օրերին Օլիմպիական կոմիտեում տեղի ունեցած հայտնի պատմությունները հուշում են, որ ցանկացած պահի կարող են կենտրոնանալ նաև Ծառուկյանի ուղղությամբ: Սրան գումարած այն, որ մի բան է Ծառուկյանի վարկանիշը ՀՀԿ-ի, Սերժ և Սաշիկ Սարգսյանների «դարաշրջանում», մեկ այլ բան է՝ Ծառուկյանի վարկանիշը Նիկոլի ժամանակաշրջանում: Այս ամենի հանրագումարում ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի թիմի գլխավոր մրցակից դիտվում է ավելի շատ իներցիայով, քան ռեալ քաղաքականության գործակցով, որովհետև այդ գործակիցը դեռ հայտնի չէ: Ընդ որում հայտնի չէ ոչ մի քաղաքական ուժի մասով, ոչ միայն ԲՀԿ-ի:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը այդ իմաստով քաղաքական այդ ուժերի համար շանս է հասկանալու, թե ինչպիսին է հարաբերական կամ միջինացված օպտիմալ գործակիցը նոր իրավիճակում, ինչը նրանց հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ շանսեր ունեն խորհրդարանի ընտրությանն ընդառաջ և ինչ քայլեր են պետք: Կտա՞ Նիկոլ Փաշինյանը մյուս ուժերին սեփական գործակիցները հասկանալու շանս խորհրդարանի ընտրությունից առաջ, թե՞ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կանցկացվի խորհրդարանի ընտրությանը զուգահեռ, կամ բանը ընտրության չի հասնի ընդհանրապես: Ի դեպ, հետաքրքիր է, թե այդ իմաստով Փաշինյանի որոշման վրա ինչ ազդեցություն թողած կլինի Բրյուսել այցը, որը, համենայնդեպս, առերևույթ նրան տալիս է ինքնավստահության մեծ պաշար:

Spread the love