Երևանի ավագանու ընտրությունները փաստորեն կդառնան նոր իշխանության առաջին ընտրական փորձաքարը

- in Ընտրություններ
Yntrutyun

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանու ընտրությունները դարձել են քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը։ Ըստ օրենքի՝ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբեր ամսին, սակայն Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվեց, որ ավագանին Երևանի քաղաքապետ կընտրի հուլիսի 16-ին: Այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Սա մի կողմից ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություններ է պարունակում ինչպես իշխանության, այնպես էլ այլ քաղաքական ուժերի համար։ Երևանի ավագանու ընտրությունները փաստորեն կդառնան նոր իշխանության առաջին ընտրական փորձաքարը՝ գրեթե համապետական նշանակության ընտրական ակտի տեսքով։ Նոր իշխանությունը, որն ինքը ոչ թե ընտրված, այլ հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանություն է, փաստորեն կազմակերպելու է ավագանու ընտրությունները նախկին ընտրական օրենսդրությամբ (քիչ է հավանականությունը, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունված կամ գործողության մեջ մտած կլինի այդ ժամանակ) և ամենակարևորը՝ այն հանրային բազիսով, որն ընդամենը մեկ տարի առաջ ընդունել է փողի գերակայությունը որպես ընտրության դոմինանտ գործոն։

Իհարկե, այդ նույն հասարակությունը մայիսին իրականացրել է թավշյա հեղափոխություն, ակայն դա դեռ ամենևին չի նշանակում, որ հեղափոխվել է հասարակության արժեքային համակարգը, որ փոխվել են հանրության սպասումները, այդ թվում նաև ընտրություններից։ Անգամ կենցաղային մակարդակի խոսակցություններում հիմա էլ կարելի է հանդիպել կարծիքներ, որ միևնույն է, ընտրությունները փող աշխատելու հնարավորություն են, և որ ընտրողի շահը ընտրություններից հենց այդ 10 հազար դրամն է։ Բացի զուտ ընտրողներից, Հայաստանում շուրջ երկու տասնամյակ գործել է ընտրակեղծարարների, ընտրական գործընթացում ներգրավվածների հզոր բանակ, որի անդամները եղել են ընտրական կոռուպցիայի սպասարկողներն ու իրականացնողները։ Նրանք ևս նոր ընտրություններում ունենալու են դեռևս նախկին ակնկալիքները՝ փող աշխատել ընտրակեղծարարության շնորհիվ։

Ահա այս պայմաններում նոր իշխանությունը պետք է կազմակերպի Երևանի ավանագու ընտրությունները, և պետք է կազմակերպի այնպես, որ դրանք որևէ կասկածի տեղիք չտան, այլ խոսքով, այնպես, որ Երևանի ավագանին ու քաղաքապետը չունենան լեգիտիմության որևէ խնդիր ։ Սա որոշակի ռեսկեր է պարունակում իշխանության համար, որոնք, սակայն, հաղթահարելի ռիսկեր են և քաղաքական կամքի առկայության դեպքում, իսկ նման կամք իշխանության մոտ առկա է, կչեզոքացվեն։

Երևանի ավագանու ընտրությունները, ռիսկերից բացի, պարունակում են նաև հնարավորություններ ինչպես իշխանության, այնպես էլ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների համար։ Կուսակցությունների համար դրանք լավ հնարավորություն են համապետական՝ խորհրդարանական ընտրություններից առաջ փորձարկել իրենց ռեսուրսները, գնահատել իրենց համակիրների քանակն ու որակը Երևանում, ինչը մեծապես կհեշտացնի քաղաքական աշխատանքը նաև մարզերում արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դրանից բացի՝ Երևանի ավանագու ընտրությունները լավ հնարավորություն են ոչ միայն գործող կուսակցություններով հանդես գալու, այլ նոր քաղաքական միավորներ, դաշինքներ ստեղծելու համար։

Ընդ որում, այս հնարավորությունը չպետք է դիտարկել միայն կուսակցությունների մակարդակում։ Դա մեծ հաշվով քաղաքական համակարգի կայացման, դրա կենսունակության բարձրացման հնարավորություն է, ինչում պետք է շահագրգիռ լինի նաև իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը։ Դա իհարկե մակերեսում, առաջին հայացքից հակասում է նրա քաղաքական ու կուսակցական շահին, քանի որ հասկանալի է՝ ցանկացած իշախանության համար ցանկալի է իշխանությունը վերցնել նաև տեղական ինքնակառավարման մակարդակում, առավել ևս՝ Երևանում։ Առավել ևս, որ հիմա Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու հանրային վստահությունն այնքան բարձր է, որ պայմանականորեն ասած, եթե նա նախընտրական արշավի ընթացքում կանգնի ու աջակցի թեկուզ անհայտ մեկին, այդ մեկը, մեծ հավանականությամբ, կդառնա Երևանի քաղաքապետ։ Բայց դա ավելի մոնոլիտ կդարձնի իշխանությունը, այն իշխանությունը, որը կրկին մեծ հավանականությամբ մեծամասնություն է ստանալու նաև խորհրդարանական ընտրություններում։

Իսկ դա, նպաստելով իշխանական ուժի քաղաքական շահին, վնասելու է պետական շահին, քաղաքական համակարգի կայացման շահին։ Եվ հակառակը, եթե իշխանությունը կարողանա վեր կանգնել նաև Երևանում իշխանությունը վերցնելու գայթակղությունից և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում մյուս քաղաքական ուժերը կկարողանան լավագույնս դրսևորվեն, այդպիսով կնպաստի իշխանությանը հակակշիռ բևեռի ձևավորմանը՝ գոնե Երևանի իշխանության մակարդակում, ինչը էական նշանակություն կունենա արդեն համապետական հարթությունում իշխանության, քաղաքական համակարգի ավելի արդյունավետ աշխատանքի, քաղաքական գործուն հակակշիռների ստեղծման համար։ Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը վեր կանգնել նաև Երևանի քաղաքապետի պաշտոնում սեփական թիմացկին տեսնելու գայթակղությունից, թե ինչ-որ իմաստով «կզիջի» Երևանը, պարզ կդառնա արդեն առաջիկա քաղաքական զարգացումներից։

Spread the love