Զուտ քաղաքական առումով գործընթացները տեղի են ունենալու նախկին ու նոր համակարգերի հատման կետում

- in Հրապարակ

Գերվարչապետության համակարգի չեզոքացում անպայման պետք է լինի, սակայն դա պետք է կատարվի իրավապահ համակարգի կայունության խնդիրը հաշվի առնելով, նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այդպիսով բավականին թափանցիկ տեքստով ընդգծում է իր թիվ մեկ քաղաքական խնդիրը, ընդ որում նաև շոշափելի հեռանկարի համար՝ քաղաքական ամուր հենարանի բացակայությունը: Ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանն ունի այդ հենարանը, նա ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի երիտասարդ թիմի հետ էլ իրականացրեց թավշյա հեղափոխության առաջնորդումը, թեև այստեղ, իհարկե, դերակատարում ունեին նաև մասնակիցներ ոչ այդ թիմից:

Այդուհանդերձ, ֆորմալ իմաստով թիմի առկայությունը իրական քաղաքականության ռեժիմում Նիկոլ Փաշինյանի համար դեռևս ամուր հենարան չէ, և պատճառն ամենևին այն չէ, որ այդ քաղաքական թիմը չունի խորհրդարանական մեծամասնություն: Մեկ տարի անց այդ թիմը, ամենայն հավանականությամբ, կունենա մեծամասնություն, բայց դա խորքային առումով հեռու կլինի Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական հենարանի հարցը լուծելու իրողությունից, որովհետև թիմի և Փաշինյանի միջև տարածությունը՝ հանրային ընկալումների առումով, չափազանց մեծ է: Բանն այստեղ այն չէ, որ Փաշինյանը առաջնորդության առումով չունի այլընտրանք: Խնդիրը ֆունկցիոնալ համաչափությունն է, որ բացակայում է այդ թիմի ամբողջության մեջ, և տեսանելի ապագայում, առնվազն արտահերթ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ու դրանից հետո այդ հարցի լուծումը կպահանջի ժամանակ:

Սակայն այս խնդիրը ինքնին կարող էր այդքան զգալի չլինել, եթե խոսքը վերաբերեր բնականոն քաղաքական գործընթացին, երբ իշխանության ղեկին եղած մի թիմին, մի ուժին պարզապես փոխարինելու է գալիս մյուսը, իսկ այդ փոփոխությունը տեղի է ունենում արդեն իսկ բնականոն գործող համակարգի պայմաններում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական հարաբերությունների համակարգի պայմաններում: Սակայն երբ կա համակարգափոխության խնդիր, այն էլ օրինականության ու իրավականության արմատական խորքով, այստեղ արդեն քաղաքական թիմի ֆունկցիոնալ անհամաչափությունը դառնում է զգալի, ընդ որում՝ զգալի որպես խնդիր: Այդ խնդիրն արդեն իսկ նկատելի է նոր իշխանության գործունեության այս փուլում, և բանն այստեղ այն չէ, որ խորհրդարանի մեծամասնությունն այլ ուժ է, կամ մեծամասնություն՝ որպես այդպիսին, որպես մեկ միավոր, գոյություն չունի: Մեծամասնությամբ այդ հարցը չի լուծվելու, որովհետև քաղաքականության իրական հատվածում գործող մյուս ուժերը ոչ միայն ոչնչով չեն զիջում «Քաղաքացիական պայմանագրին»՝ կուսակցական ֆունկցիոնալ կարողությունների տեսանկյունից, այլ ավելի բազմափորձ են, և նրանց միակ «թերությունը» լիդերի բացակայությունն է, ավելի շուտ Նիկոլ Փաշինյան լիդերի բացակայությունը:

Միևնույն ժամանակ դրան գումարվում է և այն, որ զուտ քաղաքական առումով գործընթացները տեղի են ունենալու նախկին ու նոր համակարգերի հատման կետում, որտեղ խիստ հարաբերական է դրանց փոխազդեցության խնդիրը, բացառությամբ այն մասի, որն առնչվում է արդեն զուտ օրինականությանը: Այստեղ է, որ քաղաքական հենարանին փոխարինելու է գալիս իրավապահ համակարգը, որը տվյալ իրավիճակում և թերևս տեսանելի ապագայում, ըստ էության, միակ ինստիտուցիոնալ հարթությունն է, որի վրա գործնականորեն կարող է հենվել Նիկոլ Փաշինյանը: Խոսքն իհարկե այն մասին չէ, որ իրավապահ համակարգը փոխարինելու է կուսակցությանը կամ քաղաքական թիմին քաղաքական խնդիրներ լուծելու հարցում: Խնդիրն այն է, որ իրավապահ համակարգն ապահովելու է օրինականության և իրավականության հետ կապված խնդիրների լուծման արդյունավետության ու դինամիկայի ապահովում, ինչն էլ փոխարինելու է քաղաքական ինստիտուցիոնալ մակարդակում արդյունավետության բարձր գործակցի զգալիորեն օբյեկտիվ պատճառներով բացակայությանը:

Ընդ որում այդ տեսանկունից հատկանշական է, որ գործնականում առաջին ծավալուն քաղաքական ասուլիսից հետո, որի ընթացքում Փաշինյանն արեց ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի խնդրին, ռեգիոնալ անվտանգությանն ու դրա համար Ռուսաստանի անմիջական պատասխանատվությանն առնչվող հայտարարություններ, Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանություն և մասնակցել կոլեգիայի նիստին՝ գործունեության հանձնարարականներ տալով ոստիկանությանն ու հիշեցնելով, որ նոր կառավարության առաջնահերթությունը շարունակում է լինել օրինականության հաստատումը Հայաստանում: Ընդ որում հատկանշական է, որ կոլեգիայի նիստում ունեցած ելույթում վարչապետը շոշափել է նրբերանգներ, որոնց մասին խոսում է կարծես թե առաջին անգամ: «Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից և անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն և ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը և օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ: Այսինքն՝ ժողովրդավարական հասարակությունը հիմնված է իրավունքի գերակայության, օրենքի գերակայության վրա: Եվ եթե մենք օրինախախտումների նկատմամբ չափազանց խիստ մոտեցումներ չենք ցուցաբերում՝ դա ժողովրդավարության առաջին հակոտնյան է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Սա բավականին նուրբ շեշտադրումներ են, որ արվում են հատկապես ներկայիս փուլում հնչեղություն ստացած մի շարք գործընթացների ֆոնին, որոնք նախընտրական շրջանում կարող են ստանալ ավելի նկատելի ծավալներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...