Իլհամ Ալիևը մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները Հայաստանից կարող են տարածվել դեպի Ադրբեջան

- in Վերլուծական

Իլհամ Ալիևը մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները Հայաստանից կարող են տարածվել դեպի Ադրբեջան, Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ դա է նաև պատճառը, որ Հայաստանի փոփոխություններից հետո Ալիևը կուտակումներ է անում սահմանին և հրթիռներ ցուցադրում:

Առաջին հայացքից այդ հայտարարությունը տողատակում բավական հեգնանք է պարունակում Բաքվի գործողությունների հասցեին: Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը պարունակում է քաղաքական բավականին նուրբ մեսիջ, ընդ որում՝ ուղղված ոչ միայն եվրոպական պետությունների ղեկավարներին, կամ եվրաատլանտյան հանրությանը, որն իրեն պատասխանատու է համարում ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում, և ըստ այդմ պետք է պատասխանատու համարի իրեն Ալիևի ագրեսիայի և սպառնալիքների համար, որոնք ուղղվում են ժողովրդավարությանը՝ արդեն ի դեմս Հայաստանի:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քողարկված ակնարկ է նաև Ալիևին, այն մասին, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությանը ամենևին չի օգնելու ինքնապահպանության հարցում, այլ հակառակը՝ ժողովրդավարությանը հրթիռներով դիմագրավելն էլ ավելի է մոտեցնելու այն Բաքվին: Խոշոր հաշվով, Հայաստանի խնդիրը չէ Բաքվի ժողովրդավարացումը, համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չէ, թե Ադրբեջանի ժողովրդավարական շրջանակներն ինչ են մտածում ղարաբաղյան խնդրի մասին, կարգավորման տարբերակների, մեթոդաբանության: Այն, որ նրանք Ադրբեջանի ներքին հարցերում, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մամուլի և խոսքի ազատության հարցերում սուր ընդդիմություն են Ալիևին, մի բան է, իսկ ղարաբաղյան խնդիրը՝ այլ բան:

Համենայնդեպս, Հայաստանին կարծես թե հայտնի չեն ադրբեջանական քաղաքական, ժողովրդավարական վարկով քիչ թե շատ ազդեցիկ ուժեր, որոնք լինելով ժողովրդավարության և ազատության արժեքների կրողներ, նույն արժեքների դաշտում են չափում նաև արցախյան խնդիրը, գնահատում այդ դիտանկյունից: Այդ տեսանկյունից, Ադրբեջանի «ժողովրդավարական ապագայի» հարցում ինդիկատորը պետք է լինի Արցախը, Արցախի խնդրում այդ ուժերի մոտեցումը, և եթե այն որևէ կերպ չի տարբերվելու Ալիևի մոտեցումներից, ապա խորքային, աշխարհաքաղաքական և քաղաքակրթական տեսանկյունից Ադրբեջանի «ժողովրդավարական ապագայի» արժեքը միջազգային անվտանգության և կայունության խնդիրների տեսանկյունից, ըստ էության, զրո է: Եվ այս իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարության տողատակում թերևս պետք է նշմարել խնդիրը այդ շերտերով, հատկապես նկատի ունենալով այն, որ Բրյուսելում ՆԱՏՕ վեհաժողովի շրջանակում նաև տեղի է ունեցել Ադրբեջան-ԵՄ գործակցության եռամյա փաստաթղթի ստորագրում: Ադրբեջանն անշուշտ հեռու է ԵՄ ուղղությամբ Հայաստանի հետ հավասար քայլելուց, հատկապես այժմ՝ թավշյա հեղափոխությունից հետո, սակայն ակնհայտ է, որ Բաքուն միաժամանակ կփորձի «ժողովրավարացման» իմիտացիոն գործընթաց սկսել Եվրամիության հետ, Հայաստանից շատ չկտրվելու համար:

Եվ այստեղ Երևանի համար թերևս ամենաառանցքային խնդիրներից մեկը այն է, որ ներքին վերափոխումների հայկական գործընթացը լինի ոչ միայն Ադրբեջանի հանդեպ առավելության գործոն, այլ նաև հիմք ռեգիոնալ նոր չափանիշներ սահմանելու համար: Այդ մասով, ընդամենը մի քանի տարի առաջ լոկոմոտիվը Վրաստանն էր, որը կատարեց իր դերն այդ առումով և հիմա Վրաստանի դերն արդեն բոլորովին այլ տիրույթում է, կապված ուղղակիորեն ՆԱՏՕ-ի հետ: Այժմ ժողովրդավարացման նոր ռեգիոնալ ալիքի և խորության լոկոմոտիվը Հայաստանն է, ու այդ հանգամանքը պետք է ծառայի նաև ռեգիոնալ նոր նշաձողեր սահմանելուն, առաջին հերթին Ադրբեջանի մասով, ըստ էության կանխարգելելով Բաքվի իմիտացիայի հնարավորությունը:

Spread the love