Խաղամոլ տնօրենը մի քանի օր շարունակեց խաղալ հիմնադրամի հեղինակության հետ

Karter 1

Խաղատներում «Հայաստան» հիմնադրամի փողերը մսխած Արա Վարդանյանն արդեն հասցրել է ներողություն խնդրել ժողովրդից և հրաժարական տալ: Սակայն Վարդանյանն այդ քայլը կատարեց ԱԱԾ մեկուսարանից աշխատավայր գալուց մի քանի օր հետ` լրատվամիջոցներիս կտրուկ արձագանքից հետո:

Հիմնադրամի խաղամոլ տնօրենը մի քանի օր շարունակեց խաղալ հիմնադրամի հեղինակության հետ` աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածներում անդառնալի հարված հասցնելով համազգային տուրքի գաղափարին:

Հայաստանի իշխանությունների նկատմամբ սովորաբար լոյալ վերաբերմունք ունեցող Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը `«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու որոշում է կայացրել։

Նրանք իրենց անվստահությունն են հայտնել հիմնադրամի Ամերիկայում գործող գրասենյակի գործունեության նկատմամբ: «Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմինը Կը յայտարարէ որ, դուրս եկած է «Հայաստան» Հիմնադրամի Ամերիկայի Հոգաբարձութեան Խորհուրդի կազմէն, իր անվստահութիւնը յայտնելով Լոս Անճելըսի մէջ գործող Հիմնադրամի գրասենեակի գործունէութեան նկատմամբ: Վերջին տասնամեակին Խորհուրդին մաս կազմող եկեղեցական, կուսակցական եւ բարեսիրական կազմակերպութիւններու ներկայացուցիչները ամբողջութեամբ անտեսուած են ու բոլոր որոշումները եւ նիւթական գործառնութիւնները կեդրոնացած են Հիմնադրամի տնօրէն Արա Վարդանեանի կողմէ նշանակուած եւ իր կողմէ ղեկավարուող՝ Լոս Անճելըսի գրասենեակի անձնակազմին մօտ: Խորհուրդի կազմէն խլուած է վերահսկողութիւն հաստատելու իրաւունքը եւ այդ մարմինի գոյութիւնը դարձած է ձեւական»,-ասված է ավանդական կուսակցության պաշտոնական խողովակներով տարածված հայտարարության մեջ:

Արա Վարդանյանի ուշացած ներողությունները գրոշի արժեք չունեն. Սփյուռքում հիմնադրամի նկատմամբ անվստահությունը հասել է գագաթնակետին. «Յուլիս 6-ին նախատեսուած էր Խորհուրդի նիստ՝ հանդէս գալու համար Արա Վարդանեանի չարաշահումները դատապարտող յայտարարութեամբ: Սակայն, նիստէն ժամեր առաջ Հիմնադրամի Լոս Անճելըսի գրասենեակը հրապարակեց հաղորդագրութիւն մը՝ ուղղուած Ամերիկահայութեան, մեղմացնելով Վարդանեանի արարքները ու փորձելով համոզել հանրութիւնը, որ իրենց նուիրաբերած գումարներու կորուստ արձանագրուած չէ, այդպիսով կանխելով տակաւին ընթացքի մէջ գտնուող դատական գործի եզրակացութիւնը: Գրաւի դիմաց բանտէն ազատ արձակուելէն անմիջապէս ետք, Արա Վարդանեանի վերադարձը իր պաշտօնին ոչ միայն անբարոյականութեան դրսեւորում էր այլ նաեւ անարգանք ամբողջ հայութեան»:

Այս պարագայում խնդիրը Արա Վարդանյանի անձը չէ. նա մարմնավորում է քսանամյա արատավոր, գիշատիչ համակարգ, որը համազգային տուրքի գաղափարն իջեցրել է խաղատների, սեփական գրպանները լցնելու նշաձողի: Արա Վարդանյանի հետ կապված վերջին սկանդալային բացահայտումը վերջին կաթիլն էր, որ լցրեց աշխարհասփյուռ հայության համբերության բաժակը:

ՍԴՀԿ հայտարարությունը, մեծ իմաստով, անվստահություն է այն համակարգին, որը քսան տարի շարունակ թալանել, կեղեքել է երկիրը համազգային նպատակների ցուցանակի ներքո:

Թավշյա հեղափոխությունն արմատապես վիճակ է փոխելդրական փոփոխությունների սպասումներ ծնելով նաև Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում: Արա Վարդանյանի հետ կապված սկանդալային բացահայտումը նույնիսկ դրական երևույթ է, որովհետև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, համազգային կառույցներն ու օրակարգը ազատում է կոռուպցիոն բաղադրիչից: Մյուս կողմից Սփյուռքն ու նրա կառույցները Հայաստանի նոր կառավարությունից ավելի մեծ ակնկալիքներ ունեն և սպասում են որակապես նոր վերաբերմունք համազգային օրակարգին, կառույցներին: Ինքնին հասկանալի է, որ դա մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա անելիք չէ, մյուս կողմիցՍփյուռքում անցած երկու տասնամյակում անվստահության այնպիսի պատ է ձևավորվել, որ միայն գեղեցիկ խոսքերն ու ծրագրերը մարդկանց չեն համոզում: Նույնիսկ ՍԴՀԿ-ն, որը, որպես կանոն, ձեռնպահ է մնում կտրուկ գործողություններից «Հայաստան» հիմնադրամը լքելու հայտարարություն է արել, որը ոչ թե փախուստ է համազգային առաքելությունից, այլ ճգնաժամը հաղթահարելու, Սփյուռքի կառույցների հետ անկեղծ երկխոսություն սկսելու հորդոր Հայաստանի կառավարությանը:

Spread the love