Ծառուկյանի նավթավերամշակման գործարանում ուշ ժամերի են շինարարությունն անում, որ ոչ ոք չտեսնի

Gagik Tsarukyan

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից որոշում է կայացվել կասեցնել Եղվարդում գտնվող ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի կառուցման աշխատանքները։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց՝ ընկերությունը չի ունեցել նավթավերամշակում իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություն։

«Չի իրականացվել փորձաքննություն, և եզրակացություն չի տրամադրվել, հետևաբար վարչական վարույթի շրջանակում մենք բացահայտել ենք դա և կասեցրել ենք շինարարական գործունեությունը։ Շինարարությունը նավթավերամշակման գործընթացի մաս է կազմում»,- ասաց Գրիգորյանը և ավելացրեց՝ ընկերությունը, որպես այդպիսին, գործունեություն չի իրականացրել, շրջակա միջավայրին հասցված վնասի մասին խոսել այս պահին հնարավոր չէ։

Ի դեպ, օրեր առաջ Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ նավթավերամշակման գործարանի և պնդում, որ գործարանն իրենց առողջությանը վնաս է հասցնելու, արդեն զգում են հոտը, և առաջիկայում ավելի վտանգավոր է լինելու։ Այնինչ ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին վստահեցնում էր բնակիչներին, որ բնապահպանական բոլոր նորմերը պահպանված են, և որևէ խնդիր չի առաջանալու։ Այս պնդումների մասով Գրիգորյանն ասաց՝ իրենք այդ մասով ստուգումներ չեն իրականացրել, քանզի դա իրենց լիազորությունների շրջանակում չէ, սակայն եթե հետագայում պարզվի, որ գործարանը նավթավերամշակում է իրականացրել, այսինքն՝ առանց թույլտվության գործունեություն է ծավալել, դա պետք է դառնա իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող հարց։

«Մեզ հասել է ահազանգ այն մասին, որ իրականացվում է շինարարություն, և թե ինչ նպատակով է այն իրականացվում։ Դրա համար մենք դա ենք ուսումնասիրել։ Եթե այնտեղ կա ինչ-որ ապօրինի գործունեություն, հոտ կա, և դա նավթավերամշակման արդյունքում է, այդ մասին տեղեկատվություն մենք չունենք, տեսուչները դրա վերաբերյալ վարույթ չեն իրականացրել։ Եթե իրականում կա այդպիսի տեղեկատվություն, և պարզվի, որ դա իրականություն է, ապա դա ոչ միայն մեր գործունեությանն է վերաբերում, այլև իրավապահ մարմինների, այսինքն՝ ստացվելու է շահույթ հետապնդելու նպատակով ապօրինի գործունեություն է իրականացվել։ Դա արդեն այլ հարց է։ Այս պահին ես դրա վերաբերյալ չունեմ կոնկրետ տեղեկատվություն»,- մանրամասնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։

Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները մեզ հետ զրույցում, չնայած այն հանգամանքին, որ նախարարությունը կասեցրել է գործարանի կառուցման աշխատանքները, ահազանգեցին, որ երեկոյան և գիշերային ժամերին շինարարությունն ընթանում է, իրենք տհաճ հոտը զգում են։ «Ուշ ժամերի են շինարարությունն անում, որ ոչ ոք չտեսնի։ Ո՞նց կարելի է, նախարարությունը կասեցրել է, բայց իրենք շարունակում են աշխատանքը»,- բողոքեցին բնակիչները։ Նրանք գոհ չեն նախարարության որոշումից և պատրաստվում են որոշակի քայլերի դիմել, բայց այս պահին դեռ հստակ որոշում չկա:

Spread the love