Ծեծկռտուքին Ծառուկյանի մասնակցության մասին տեղեկություն չկա

Iveta Tonoyan

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օլիմպավանի միջադեպին:

Հարցին, թե տեղեկություն եղավ, որ ստուգվում է ծեծկռտուքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ի՞նչ տեղեկություն կա այս մասին, նա պատասխանեց. «Այս պահին ունենք Վյաչեսլավ Հարությունյանի խոսքը այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել ու ստացել է այդ վնասվածքները: Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ տուժողը հայտնել էր, որ Օլիմպավանում իրեն ծեծի է ենթարկել Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը, իսկ առաջինը հարվածել է Ծառուկյանը: Հետո նա փոխել էր իր խոսքն ու ասել, թե սայթաքել ընկնելու պատճառով է վնասվածքներն ստացել:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ տուժողն իր խոսքը փոխեց, հնարավո՞ր է կաշառել են նրան, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են:

«Ինքն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ, որ պատերազմի մասնակից է, կանտուզիա ունի: Ասել է, որ եղել է որոշակի վիրավորվածություն, նեղվածություն, ուզել է անընդհատ կապվել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել: Ինքն  ասում է, որ բարկացել է, աթոռն է շուռ տվել, դրանից այդ վանասվածքն ստացել է»,- հավելեց նա:

Անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե սայթաքելուց նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, Տոնոյանն ասաց՝ «թե ինչու է ոստիկանապետը նման հայտարարությամբ հանդես եկել նույնիսկ այն օրը, երբ դեռ դատարանում քննարկվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու հարցը, թողնում եմ հանրության դատին»:

Ինչ վերաբերում է Բաբայանի կալանավորմանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք համաձայն  չեն դրա հետ, փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան ու բողոքարկում են այս որոշումը:

Spread the love