Կոնյակը կանվանափոխվի. Այն քաղաք է, որ գտնվում է Ֆրանսիայում

Konyak Makallan

Ինչպես ներկայացնում է ՀՀ ներդրումների և տնտեսական զարգացման փոխնախարար Մանե Ադամյանը, հայկական կոնյակը պետք է անվանափոխվի:

Դա Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված հարևանության գործընկերության համաձայնագրի կնքման ժամանակ եղել է Եվրոպական միության առանցքային պահանջներից մեկը, եթե ոչ հիմնականը, որի շուրջ տևական «քննարկումներ» են եղել:

«Կոնյակը քաղաք է, որ գտնվում է Ֆրանսիայում: Սա նաև աշխարհագրական նշում է, ինչը ենթադրում է, որ այդ տեղանքում արտադրված ապրանքը կոչվում է նրա անունով: Աշխարհագրական նշումները պաշտպանված են ԵՄ-ի կողմից»: Այդ առումով հայկական կոնյակի համար լուրջ խնդիր է առաջացել: Հայաստան-Եվրամիություն հարևանության գործընկերության համաձայնագրի բանակցությունների ժամանակ եվրոպական, հատկապես ֆրանսիական կողմը կարևորել է այս խնդիրը, ինչի արդյունքում էլ համաձայնագրում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի կոնյակի վերաբրենդավորում, նույնն է, թե անվանափոխություն: Սահմանվել են հստակ ժամկետներ, որից հետո արդեն շուկայում հայկական կոնյակ անվանումով սպիրտային խմիչք չպետք է լինի: Սակայն որպեսզի Հայաստանը դրա հետևանքով ֆինանսական լուրջ կորուստներ չունենա, ֆիքսվել է վերաբրենդավորման ճանապարհային քարտեզ, համաձայն որի՝ բրենդավորման կամ անվանափոխության գործընթացի սկսելուց 25 տարի հետո հայկական կոնյակը այդ անունով այլևս չի արտահանվելու արտաքին շուկա: Իսկ ներքին շուկայում կոնյակ ապրանքային անունը շրջանառությունից պետք է դուրս գա 14 տարվա ընթացքում:

Հունիսի 1-ից սկսվել է գործընթացը, հայտարարվել է ընկերության մրցույթ-ընտրություն: Սա գործընթացի առաջին փուլն է: Ընտրվելու է ընկերություն, որը կսահմանի, թե ինչ գործընթաց է տեղի ունենալու, կգնահատի այդ գործընթացի կարիքները և կհստակեցնի, թե ինչ է հարկավոր այն ամբողջական կազմակերպման համար, և ինչքան գումար է հարկավոր մյուս՝ հիմնական փուլում գործող ընկերության գործունեության համար:

Հիմա առաջին փուլի մրցույթի ընթացքն է, մասնակցությամբ համաշխարհային ճանաչման բրենդավորման, վերաբրենդավորման փորձ ունեցող ընկերությունների: Դա տեղի է ունենում համաձայն ԵՄ-ՀՀ պայմանագրի, որը նախատեսում է ամենաուշը 2018թ. հունիսի 1-ին գործընթացն սկսել: Մրցույթը հայտարարվել է, պետք է ընտրվի հաղթող, որպեսզի վերջինս, մինչև 2019թ. հունիսի 1-ը, ուսումնասիրելով իրավիճակը, սահմանի այն գումարը, որն անհրաժեշտ է ուսումնասիրությունն անցկացնելու համար և ինտերվենցիայի տեսակները, որպեսզի հնարավոր լինի ձևավորել տուր, որի հիման վրա էլ կկազմակերպվի ամբողջ գործընթացը: Հաջորդ, 2019թ.-ին ընտրվելիք ընկերության հիմնական խնդիրը լինելու է ուսումնասիրության հիման վրա առաջարկել մեխանիզմներ, որպեսզի անվանափոխության արդյունքում մեր կոնյակը արտահանման շուկաներում չտուժի: Ինչպես նաև առաջարկի կոնյակին փոխարինող համապատասխան անվանում: Իհարկե, անվանման հետ կապված վերջին խոսքը Հայաստանինն է: Այդ ամենից հետո միայն կկազմակերպվի վերաբրենդավորումը:

Պայմանագրում կան մանրամասներ, թե ինչպես ոչ լատինատառ օգտագործել կոնյակ բառը: Այս կետը հիմա էլ կա, գործում է: Սրա նպատակն այն է, որ ԱՊՀ երկրներ մեր արտահանմանը առաջիկա 25 տարիների ընթացքում չխոչընդոտի: Արդեն արտադրված ապրանքի սպառման տեսանկյունից, որի վրա կոնյակ բառն է, առաջիկայում խնդիրներ չեն լինի: Այդ ընթացքում շուկայում եղած ամբողջ մնացորդը պետք է սպառվի:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր արտահանման շուկաներում, հատկապես ռուսական, մեր կոնյակը չկորցնի իր դիրքերը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում իրենց արտադրանքը հանդիսացող կոնյակի անվանափոխության առումով ռուսների պահվածքին, մենք առայժմ չգիտենք: Չգիտենք, թե ՌԴ-ում ԵՄ-ի հետ կապված ինչ բանակցային գործընթացներ են ընթանում, ռուսները իրենց շուկայում կփոխեն կոնյակի անունը, թե կշարունակեն այդ ապրանքն իրացնել որպես կոնյակ: Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր արտահանման շուկաներում հայկական կոնյակը չկորցնի իր դիրքերը»:

Նույն պահանջներ են ներկայացվել նաև շամպայն գինիների մասով, շամպայն անվան հետ կապված: Սա ևս վերաբրենդավորվելու է: Փոխնախարարի ներկայացմամբ՝ վերաբրենդավորմամբ զբաղվող ընկերությունը հաշվարկելու է նաև, թե անվանափոխության արդյունքում Հայաստանի տնտեսությունը որոշակի ժամանակահատվածում ինչ կորուստներ կունենա, որի հիման վրա էլ, թերևս, Եվրամիությունը ֆինանսական փոխհատուցում կտա: Սակայն եթե պարզվի, որ Ռուսաստանը իր երկրում արտադրված կոնյակի վերաբրենդավորում չի իրականացնելու, ապա հայկական կոնյակագործությունը լուրջ փաստի առաջ է հայտնվելու: Վերջին շրջանում տարեկան Հայաստանից արտահանվում է ավելի քան 100 մլն դոլարի կոնյակ (հանքարդյունաբերությունից հետո ամենամեծ արտահանում ունեցող ճյուղերից մեկը) և հիմնականում իրացվում է ռուսական շուկայում: Պատկերացնել է պետք, թե ինչ իրավիճակ կստեղծվի այդ դեպքում, հատկապես որ կոնյակը շուկայում գտնվում է գնային ամենաբարձր սեգմենտում, մնացած բոլոր անվանումներով խմիչքները, շատ ավելի ցածր են: Բայց ինչպես ներկայացնում է փոխնախարարը, ամեն ինչ արվելու է անվանափոխությունից սպասվող կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Spread the love
  • 17
    Shares