Կառավարությունը գնում է բացահայտումների ճանապարհով

Նիկոլ Փաշինյանը խոսելով իրավապահների բացահայտումների մասին, ասել է, որ դրանք շարունակվելու են: Նա ասել է, որ ի պաշտոնե իրեն այնպիսի բաներ են հայտնի դարձել, որ հնարավոր է դա հանրությանը դուր չգա, եւ արդեն իսկ շատ շերտեր դժգոհում են եղած բացահայտումներից:

«Եվ ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ մենք ի վիճակի՞ ենք լինելու ճշմարտության վրա հիմնված հարաբերություններ հաստատել մեր երկրում: Երբ դու չգիտես ճշմարտությունը, դա այլ է, բայց երբ գիտես, քո առաջ հարց կա՝ ի՞նչ անել այդ ճշմարտության հետ: Եվ ես հիմա ի պաշտոնե գիտեմ ճշմարտություններ, որ վստահ չեմ՝ եթե հանրությունն այդ ճշմարտությունն իմանա, կասի՞՝ կառավարություն, ինչ լավ է, որ մեզ ճիշտն ասացիր, թե՞ կասի՝ այս ճմարտությունը մեզ պետք չէր», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այժմ տեղի ունեցած բացահայտումներն արդեն իսկ շոկային են, բայց իրենցից ներկայացնում են «լոկալ» դեպքեր ու անձինք: Իրավապահների վերջին հայտարարություններից, մասնավորապես վարկային ծրագրերի ու հանքարդյունաբերության մասով, երեւում է, որ նրանք արդեն դուրս են գալիս նոր եւ ավելի լուրջ մակարդակ: Այստեղ գործ ունենք համակարգային ու ցանցային դեպքերի հետ, որոնցում արդեն ընդգրկված են բազմաթիվ անձինք ու խմբեր:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կոռուպցիա կա այնտեղ, որտեղ սպասելի չէր: Պետք է ենթադրել, որ խոսքն արդեն այնպիսի ոլորտների մասին է, որոնք չեն առնչվում օլիգարխիկ խմբերի հետ:

Այսինքն, գործ ունենք կոռուպցիայի մետաստազների հետ, որը թափանցել է հանրային լայն շերտեր ու գործունեության ոլորտներ: Այն, ինչին հղում էր անում Սերժ Սարգսյանն իր գործունեությունն արդարացնելիս՝ մենթալիտետ: Դա ոչ այլ ինչ է, քան կեղծիքի ու երեսպաշտության վրա հիմնված արժեհամակարգ, որի պարագայում արդարացվում էր ամեն ինչ:

Հայաստանում տեղի ունեցողն առայժմ համակարգային փոփոխություններ չեն, այլ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներ: Շատերը նշում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք էր սկսել հակառակ կողմից՝ համակարգային փոփոխություններով կոռուպցիան ծնող պատճառների վերացումից, ինչը շատ ավելի արդյունավետ կլիներ թե ընթացիկ խնդիրների, թե հեռանկարի առումով:

Կառավարությունը գնում է բացահայտումների ճանապարհով, եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է մինչեւ վերջ գնալու մասին, որքան էլ ճշմարտությունը դուր չգա հանրությանը: Ճշմարտությունը պետք է բացվի մինչեւ վերջ՝ կեղծիքի ու երեսպաշտության արժեհամակարգը՝ կոռուպցիայի «գաղափարական հիմքը» վերացնելու համար:

Spread the love