Թրամփը «կռիվ է գցել արևմուտքի տանը». Այդ մարդը շրջապատված է ԱՄՆ «բազեներով»

donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի Վեհաժողովի մեկնարկին ուշագրավ հայտարարություններ է արել իր եվրոպական հանդիպումների, եվրոպացի գործընկերների վարքագծի հետ կապված: Օրինակ, Թրամփը ասել է, թե ով կմտածեր, որ Եվրոպայում ամենահեշտը կլինի Պուտինի հետ սպասվող հանդիպումը, քան եվրոպացի գործընկերների հետ հանդիպումները:

Թրամփը ասել է նաև, որ ԱՄՆ-ն օրինակ պաշտպանում է Գերմանիայի անվտանգությունը, մինչդեռ Բեռլինը միլիարդավոր դոլարների գազային պայմանագիր է ստորագրում Ռուսաստանի հետ և ըստ էության կախված է ռուսական այդ պայմանագրերից: ԱՄՆ նախագահն անարդար է համարում, որ Վաշինգտոնը հսկայական փողեր է ծախսում եվրոպացի գործընկերների անվտանգությունն ապահովելու համար, իսկ նրանք բավարար ֆինանսներ չեն հատկացնում պաշտպանությանն ու անվտանգությանը:

ԱՄՆ նախագահ Թրամփը այսպես ասած «կռիվ է գցել արևմուտքի տանը»: Դա ակնհայտ դարձավ շաբաթներ առաջ Կանադայում տեղի ունեցած Մեծ Յոթնյակի Վեհաժողովից: Շարունակությունը սպասվում է ՆԱՏՕ-ի Վեհաժողովում, որտեղ ևս կան փորձագիտական մտավախություններ, որ Թրամփը հարցերը կդնի նույն կերպ, ինչ Մեծ Յոթնյակի Վեհաժողովում: Միևնույն ժամանակ, մեղմ ասած արդարացի չի լինի ասել, որ ԱՄՆ նախագահը պառակտում է Արևմուտքը, թեև կան դավադրության տեսության սիրահարներ, որոնք Թրամփին համարում են Պուտինի դրածո, որը քանդում է Արևմուտքը:

Այն, որ Պուտինը կարող է ուրախ լինել դրա համար, հնարավոր է, բայց, որ Պուտինը կարող է ԱՄՆ նախագահ դնել, դա անկեղծ ասած առաջին հերթին արհամարական, քամահրական վերաբերմունք և գնահատական է թիվ մեկ գերտերության հասցեին:

Ավելին, իրավիճակը կարող է ունենալ նաև իր հակառակ կողմը, համենայնդեպս այդ կողմից դիտարկվելու անհրաժեշտություն էլ: Բանն այն է, որ արևմտյան աշխարհի խորացող ճգնաժամը ակնհայտ էր դեռևս 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից սկսած: Արևմուտքի միասնականությունն այդ տեսանկյունից ավելի ու ավելի է կառուցվում կամ պահպանվում էր այսպես ասած իներցիայի, քան առարկայական տնտեսա-քաղաքական մեխանիզմների շուրջ ռազմավարական ընդհանրությունների:

Բուն խնդիրը անշուշտ Եվրոպայում է, որտեղ ԵՄ անդամ երկրների վարքագծում ավելի ու ավելի են ի հայտ գալիս տարամետ վեկտորներ ու առաջնահերթություններ, այդ թվում իհարկե Ռուսաստանի հանդեպ քաղաքականության մասով:

Պատժամիջոցներն առայժմ պահվում են, սակայն դրան զուգահեռ տեղի են ունենում տարբեր ֆորմատներով շփումներ ու գործարքներ, որոնք առաջացնում են հարցեր: Թրամփը դրանք բարձրաձայնում է, նա առևտրական է, բիզնեսմեն, շատ պրագմատիկ մարդ:

Միաժամանակ, այդ մարդը շրջապատված է ԱՄՆ «բազեներով», որոնք շատ լավ են հասկանում քաղաքականությունն ընդհանրապես և հատկապես արևմտյան քաղաքականության ու անվտանգության խնդիրները: Իներցիայով, «հիշողություններով» պահվող միասնական Արևմուտքը դառնում է ավելի ու ավելի նվազ կենսունակ: Այդ Արևմուտքը պահվում է ՌԴ հանդեպ պատժամիջոցներով, սակայն դրանք ինքնին չեն կարող լինել կենսակերպ, դրանք պետք է փոխարինվեն միասնականություն ապահովող ավելի կայուն, փոխշահավետ բաղադրիչներով: Իսկ դա նշանակում է լուրջ ռեֆորմացիոն գործընթացների անհրաժեշտություն թե ՆԱՏՕ-ում, թե Եվրամիությունում: Հակառակ դեպքում, ավելի ու ավելի մեծանում է հավանականությունը, որ առերևույթ լինելով ՌԴ հետ այսպես ասած հակադրության մեջ, արևմտյան երկրներում ավելի ու ավելի կտարածվի նույն ՌԴ հետ հարաբերությունների ստվերային ռեժիմը:

Հայաստանը, որպես պետություն, որն ունի ռուսական «միակ» տարբերակին գործնական այլընտրանքներ և փոխլրացումներ ունենալու, ձևավորելու ռազմավարական խնդիր, խիստ շահագրգռված է Արևմուտքում հարաբերությունների պարզաբանման ճգնաժամի էֆեկտիվ հանգուցալուծմամբ: Միևնույն ժամանակ, քանի դեռ Արևմուտքում առկա է այդ պրոցեսը, Հայաստանի խնդիրն է շեշտադրում անել երկկողմ հարաբերությունների վրա՝ հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական, հայ-մեծբրիտանական և այլ ուղղություններով, որում առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի չեզոքացնել Հայաստանի վրա ներարևմտյան հարաբերությունների պարզաբանման գործընթացի որևէ բացասական էֆեկտ, որոնց թվում կարող է լինել և այն, որ Հայաստանը դառնա ՌԴ հետ ստվերային երկկողմ հարաբերությունների «մանրադրամ»:

Spread the love