«Տաղարանի» համերգ՝ Զաքար Քեշիշյանի շվիի կախարդանքով – Լուսանկարներ

Sedrak Erkanyan

«Տաղարան» համույթի հուլիսյան համերգին բավական լայն ծրագրով ներկայացվեց ազգային նվագարան շվին: Շվիի վրա նվագներով հանդես եկավ Զաքար Քեշիշյանը, որ հայ հանրությանը հայտնի է նաև որպես Շուշիում և Բեյրութում մի քանի երգչախմբերի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, դիրիժոր և երգահան, ուսուցանող, վերջապես Հայրենիքի նվիրյալ անձ, որ արդեն տասնամյակներ իր ծառայությունն է բերում Արցախում և Սփյուռքում հայ մշակույթը պահպանելու, հիմնավորելու և հանրահռչակելու գործում:

Զաքար Քեշիշյանը Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի շջանավարտ է, և նրա շուրթին շվին հնչել է բազում բեմերում: Բայց սա առաջին անգամն էր, որ հանդես էր գալիս Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի նվագակցությամբ:

Հայկական հնագույն նվագարաններից մեկը՝ շվին, անհիշելի ժամանակներից ծառայել է հայ մարդու ապրումն ու հույզն արտահայտելուն. բնության հետ ներդաշնակվելու կերպն էր նաև շվիից արտաբերվող հունչը: Ծիրանենուց կամ եղեգից պատրաստված նվագարանը, առաջին հայացք, ներկայումս երաժշտական նեղ շրջանում գործածվող գործիք է, բայց իրականում շվիով նվագում են թե՛ ժողովրդական և թե՛ ազգային-դասական ստեղծագործություններ: Շվիի համար գրված հայտնի ստեղծագործություններից է Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը: «Տաղարանի» համերգին նույն հեղինակի «Հուշերը» և «Տաղ հայտնությանը»՝ Մաեստրո Սեդրակ Երկանյանի գործիքավորմամբ, Զ. Քեշիշյանը կատարեց թավ շվիով, ինչը հատուկ հնչողություն հաղորդեց այդ գործերին: Համերգին հնչած ստեղծագործությունների մշակումները կամ գործիքավորումները Ս. Երկանյանի գրչին են պատկանում, այդ թվում նաև՝ Գ. Մանասյանի «Կարնո շորորը», Գ. Հախինյանի «Ինտերմեցցոն»: Վերը թվարկված երաժշտական փոքր կտավները՝ Զաքար Քեշիշյանի շվիի նվագի մեկնությամբ, հնչեցին անմիջական, անկեղծ, անսեթևեթ. ոնց լինում է բնության կենդանարար զովը, խտածառ անտառի խշշոցը, սաղարթների մեջ խաղացող արևաշողը, մերթ աշխույժ, մերթ քնարական-հուզառատ… Շվիի պարզ հունչը կարող է արտահայտել զգացմունքի գույնը, եթե այդ նվագարանը վարպետ ձեռքերում է. և դրա ապացույցը Զաքար Քեշիշյանի նվագն էր երևանյան համերգասրահում:
«Կարնո շորորը» կատարելիս նավգախմբին միացավ մանկահասակ Վահագն Քեշիշյանը, որ հարվածային գործիքով նվագակցեց իր հորը՝ անբռնազբոս, բեմին սովոր պահվածքով: Փոքրիկի աչքն իր պապի՝ «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի տված չափին էր, ու երեք սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարումն առանձին ջերմությամբ ընդունվեց հանդիսականի կողմից:

Գործիքային կատարումներից զատ համերգին հնչեցին հայ ավանդական երգեր՝ հրավիրյալ երգչուհիներ Սոնա Սարգսյանի, Աննա Փոստոյանի և Արմենուհի Բազինյանի կատարմամբ: Կոմիտասյան «Չինար ես»-ը և ժողովրդական երգշարը՝ «Ամպելա ա կամար-կամար, Յարիս անուն Պալասան, Աղչի անունդ Շուշան» մեղմ երգեցողությամբ ներկայացրեց Սոնա Սարգսյանը:

Իբրև կանոն, չկա «Տաղարանի» որևէ համերգ, որի ընթացքում չհնչի մի նոր կատարում, երգի պրեմիերա, թարմ մշակում կամ գործիքավորում: Այս անգամ էլ «Տաղարանի» համերգին առաջին անգամ հնչեց «Զուլոն»՝ երիտասարդ երգչուհի Աննա Փոստոյանի կատարմամբ: Համույթը հաճախ է հնարավորություն ընձեռնում երիտասարդ երգիչ-երգչուհիներին բեմելու, քանի որ մեր իրականությունում նրանք լայն հնարավորոււթյուն չունեն հաճախ ներկայացնելու իրենց արվեստը: «Տաղարանի» հետ ելույթները ոչ միայն բեմելու հնարավորությունն են, այլև դրան նախորդած շրջանում Մաեստրոյից կատարողական արվեստի լուրջ դասեր առնելը, ինչը հետագա զարգացման կարևոր նախադրյալ են երիտասարդների համար: Ա. Փոստոյանին վստահվել էր նույն համերգին հանդես գալու ևս երեք անգամ. նա կատարեց հայտնի «Գարուն ա» երգը, «Ինչու՞ Բինգյոլը մտար, Սև ա չոբանի շունը» երգշարը, «Ալագյազ բարձր սարին» մանրակերտը: Իսկ Հ. Բերբերյանի «Անորը» և մի այլ երգշար-մանրակերտերի շարան («Չեմ կրնա խաղա, Շողեր ջան, Շախկըր, շուխկըր») ներկայացրեց Արմենուհի Բազինյանը:

2018թ. հուլիսյան ելույթով «Տաղարանը» եզրափակեց իր ամառային համերգաշրջանը, իսկ սեպտեմբերից սկսյալ կլինեն իրարու որակով գերազանցող նոր բեմելույթներ, նոր համերգային ծրագրեր, անակնկալներ, պրեմիերաներ… Հավելեմ, որ մի քանի օրից էլ՝ հուլիսի 18-ին նույն համերգասրահում (Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը, ժամը 19.00-ին) կկայանա Զաքար Քեշիշյան – Կամիլա Երկանյան-Քեշիշյան զույգի համերգը՝ Կամիլայի նորընծա գրքի գինեձոնով համակցված:

Հասմիկ Սարգսյան

Հ. Գ. Ամենայն պատասխանատվությամբ ու ճաշակով կազմված այս համերգը, որ արժանի էր հանդիսականով պռնկեպռունկ լեցուն դահլիճի, չուներ, ցավոք, ակնկալված թվով ունկնդիրներ, և սա ամո՛թ է արվեստասեր համարվող հայ հանրության համար, որը գերդասում է դատարկ զվարճանքը կամ համակարգիչների դիմաց երկար ժամեր ծախսելը բարձրարվեստ կատարումներ ունկնդրելուց: Առաջին անգամը չէ՛, որ խոսում եմ այս արգահատելի երևույթի մասին: Ֆեյսբուքյան հեռահար դիտումների փոխարեն եկեք համերգների. հայ արվեստագետներն անշահ նվիրումով ձեզ համար են տքնում ու ստեղծում: Որտե՞ղ ես, հա՛յ հանդիսական, ձա՜յն հանիր:

Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.

Spread the love