Հայաստանի հեռացող համակարգը դեռ իր գոյության ընթացքում էր հասել «կոնդիցիայի»

serzh-sargsyan

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորելու հարցը: Դա, ըստ էության, հայտարարություն է այն մասին, որ նա էլ հենց գլխավորելու է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:

Այս հանգամանքը, սակայն, ավելի շատ առիթ է տալիս մտորելու ոչ այնքան ֆուտբոլի, որքան արտաֆուտբոլային իրավիճակի և իրականության մասին՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանում ԱԱԾ-ն փաստորեն վերածվում է մի կառույցի, որն ամեն տեղ է և ըստ էության ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանն ընդհանրապես պահվում է ԱԱԾ-ի վրա, և կառավարությունն ըստ էության ֆորմալ կառույց է, և Նիկոլ Փաշինյանն իրականում գլխավորում է ոչ թե գործադիր իշխանությունը, այլ ԱԱԾ-ն և իրավապահ համակարգը:

Այս իրավիճակը, անշուշտ, այդքան էլ անհասկանալի չէ, նկատի ունենալով այն, թե ինչի հետ ենք գործ ունեցել պետական կառավարման նախորդ համակարգի պայմաններում:

Ըստ այդմ զարմանալի չէ, որ այդ համակարգի ապամոնտաժման կամ հեռացման առնվազն առաջին ամիսներին հիմնական դերակատարը և գործող, այսպես ասած՝ «անձը» ԱԱԾ-ն է, որովհետև նախորդ համակարգի գործունեության գործնականում ամբողջ կամ գերակշռող մեծամասնությամբ սպեկտրը գտնվում է հենց ԱԱԾ և իրավապահ մյուս կառույցների իրավասության տիրույթում, լիազորությունների դաշտում:

Մյուս կողմից, իհարկե, զավեշտալի է պատկերացնել, որ ԱԱԾ-ն զբաղվելու է կոռուպցիոն բացահայտումներով, ապօրինի հարստացման բացահայտումներով, վերականգնելու է բյուջեից և հանրությունից մսխված ռեսուրսները, միաժամանակ զբաղվելու է ֆուտբոլով, հետո գուցե այլ մարզաձևով, հետո բոլոր նախարարությունները կգլխավորի ԱԱԾ ղեկավարը:

Իհարկե պատկերացնելը զվարճալի է, սակայն իրավիճակը լուրջ է, որովհետև խոսքը վերաբերում է պետության կառավարմանը՝ պատերազմող պետության կառավարմանը:

Ըստ այդմ շատ կարևոր է, որ այդ պետության մեջ նույնքան տեսանելի և էֆեկտիվ դառնա մնացյալ գերատեսչությունների աշխատանքը, և ԱԱԾ ներկայիս ակտիվությունը ընդամենը լինի այդ էֆեկտիվության համար այսպես ասած տարածություն և ժամանակ ապահովելու միջոց:

Սրան զուգահեռ, սակայն, հետաքրքիր է մեկ այլ հանգամանք: Երբ Սերժ Սարգսյանն իր համար ձևավորում էր գերվարչապետական համակարգը, որի առանցքում հենց ԱԱԾ ու ոստիկանության անմիջական ենթակայությունն էր վարչապետին, անկասկած, դարձյալ առաջնորդվում էր հայաստանյան իրողություններով:

Այսինքն՝ դեռ այն ժամանակ էր ակնհայտ, որ կառավարման խորհրդարանական մոդելի անցումը ըստ էության լինելու է դե ֆակտո անցում կառավարման իրավապահ մոդելի: Այլ հարց է, թե ինչ քաղաքական խնդիր էր դրվելու իրավապահ համակարգի առաջ:

Միևնույն ժամանակ, կասկած չկա իհարկե, որ խնդիրը գտնվում էր ոչ թե հանրություն-իշխանություն, այլ իշխանություն-իշխանություն դաշտում, քանի որ հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը չէր ստանձնի անմիջական պատասխանատվություն իրավապահների գործողությունների համար, եթե գլխավոր թիրախը լինելու էր հասարակությունը:

Սարգսյանի գլխավոր թիրախը լինելու էր համակարգը, ներհամակարգային շահերի բախման պայմաններում ապրող համակարգը, որի տարբեր թևեր հավակնում էին լինել Սերժ Սարգսյանի իշխանության ժառանգորդը:

Այսինքն՝ Հայաստանի հեռացող համակարգը դեռ իր գոյության ընթացքում էր հասել մի «կոնդիցիայի», երբ անգամ յուրային և անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանը այլևս անկարող էր իր իսկ համակարգի հետ խոսել ու հարաբերվել առանց ԱԱԾ ու ոստիկանության անմիջական, ուղիղ տնօրինման ու դերակատարման:

Այդ դեպքոմ դժվար չէ պատկերացնել, թե դրա անհրաժեշտությունն ինչպիսին է այդ համակարգի չեզոքացման և ապամոնտաժման խնդիր դրած Նիկոլ Փաշինյանի համար:

Spread the love