Միքայել Հարությունյանի անվտանգությունը կենսական հարց է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հարցում

Robert Qocharyan

Չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է ԼՂՀ և ՀՀ նախագահների բարձրագույն պաշտոններըդժվար է նրան հրապարակային գործիչ համարել: Հատկապես պաշտոնաթողությունից հետո Քոչարյանը հանդես չի եկել, այսպես կոչված, ստանդարտ հարցազրույցներով դրանց մասին հիշելով, երբ սեփական անձը կամ շահերը կարևորելու խնդիր է ունեցել: Երկրորդ նախագահն այս ժանրից շեղվեց երկու օր առաջ, երբ Մարտի 1-ի թեմայով հարցազրույց տվեց yerevan.today կայքին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ արտերկրում գտնվող Ռոբերտ Քոչարյանից ոչ ոք չէր խնդրել հրապարակային ցուցմունք տալ, մանավանդ, որ քննություն իրակացնող մարմինն ի գիտություն է ընդունել երկրորդ նախագահի իրազեկումը, որ ՀՔԾ կարող է ներկայանալ միայն հուլիսի 25-ից հետո:

Գրեթե բոլոր փորձագետները կարծիք են հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ինքնապաշտպանական բնույթ ունի` հաշվի առնելով այն անելանելի վիճակը, որում նա հայտնվել է Մարտի 1-ի գործով: Այս վարկածն, իհարկե, տեղ ունի. Ռոբերտ Քոչարյանը երբեք այսքան մոտ չի եղել քրեական հետապնդման, մանավանդ, որ Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննությունը դուրս է եկել երկրորդ նախագահի հետքի վրա:

Այս լույսի ներքո Ռոբերտ Քոչարյանի նախօրեին տված հարցազրույցն ավելի բազմաշերտ է և հաստատ ավելի ընդգրկուն խնդիր է լուծում, քան` մեխանիկական ինքնապաշտպանությունը, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքը կորցրել է իր արժեքը և շատ քչերն են ուղիղ տեքստով ընկալում այն:

Դա ներքին փաստաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում. սա Ռոբերտ Քոչարյանը արձագանքն է ՊՆ նախարարի 2008-ի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանին: Քոչարյանն, իր սովորությանը համաձայն, այսպես ասած` «փուռն» է տալիս Միքայել Հարությունյանին, ձեռքի հետ էլ ակնարկելով, որ եթե անգամ պաշտպանության նախարարն իշխանություն է յուրացրել, դա արել է վարչապետ Սերժ Սարգսյանի հրահանգով կամ գիտությամբ:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում և մեղադրյալի կարգավիճակում գտնվող այս գեներալն, անշուշտ, ՀՔԾ-ին պատմելու է, որ 0038 հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանի ցուցումով: Ի դեպ, տարիների առաջ Միքայել Հարությունյանը նման խոստովանությամբ արդեն հանդես է եկել, երբ պատասխանել է Փաստահավաք խմբի անդամների հարցերին:

Միքայել Հարությունյանն այն հիմնական ճանապարհն է, որ Մարտի 1-ի ոճրագործությունը դնում է իրական բացահայտման կամ Ռոբերտ Քոչարյանի հետքի վրա: Երկրորդ նախագահի հարցազրույցը խիստ մտահոգիչ է հենց Միքայել Հարությունյանի անվտանգության համատեքստում.

Քոչարյանը կարող է ռուսական որոշակի շրջանակների օգնությամբ ֆիզիկապես վերացնել գեներալին: Մոսկվայի համար խիստ մտահոգիչ է Ռոբերտ Քոչարյանի ազատազրկման հեռանկարը, որովհետև նա կարող է հարկադրված լինել` պատասխանել նաև Հոկտեմբերի 27-ին առնչվող հարցերին, որոնք կենսական են ռուսական շահերի տեսանկյունից:

Այս բոլոր փաստերը հուշում են, որ ռուսական որոշակի շրջանակներ շահագրգռված են Քոչարյանի «փրկությամբ» և կարող են, այսպես ասած, օգնել նրան` Միքայել Հարությունյանից ազատվելու հարցում:

Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ Միքայել Հարությունյանի անվտանգությունը կենսական հարց է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հարցում և միջոցներ ձեռնարկեն նրան Հայաստան բերելու ուղղությամբ: Նույն Միքայել Հարությունյանը պետք է գիտակցի, որ նույնիսկ Հայաստանի բանտն իր ամենաապահով տեղն է` աչքի առաջ ունենալով, թե Քոչարյանը ինչպես է վարվել Հոկտեմբերի 27-ի առանցքային վկաների հետ:

Spread the love