ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի

Հայկական մշակույթի հանրահռչակումը ցանկացած միջազգային հարթակում շատ կարևոր է:

«Արմենպրես»ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին և հայկական կողմի՝ «Ֆոլքլայֆ» մշակութային փառատոնի մասնակցությանը՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ մի կողմից՝ կարևոր է մշակույթի պահպանությունը, զարգացումը երկրի ներսում, մյուս կողմից՝ մեր մշակույթի հանրահռչակումը, այն ճանաչելի, տեսանելի դարձնելն այլ ժողովուրդներին:

«Վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ մասնակցել եմ «Ֆոլքլայֆ» փառատոնին, որտեղ ներկայացված էին հայերը և կատալոնացիները: Իհարկե, ինձ համար թե՛ որպես հայ, թե՛ որպես մշակույթի նախարար մեծ ոգևորություն էր տեսնել Վաշինգտոնի կենտրոնում մեզ բնորոշող, բնութագրող հայկական տաղավարներ: Ուրախալի էր նաև տեսնել մշակույթի և նորագույն տեխնոլոգիաների համադրությունը»,-նշեց նախարարը՝ հատուկ շեշտելով, որ մեծ ոգևորություն է նկատել «Ֆոլքլայֆ»-ին մասնակցած ոչ միայն օտարազգիների, զբոսաշրջիկների, այլև մեր հայրենակիցների շրջանում: 10 օր շարունակ հազարավոր հյուրեր հնարավորություն ունեին ծանոթանալու հայկական ավանդական մշակույթին, սովորույթներին և մեր մշակույթը կրողներին:

Նախարարն այցն ԱՄՆ արդյունավետ է գնահատում: «Այցի ժամանակ հանդիպում եմ ունեցել նաև The National Endowment for the Arts կազմակերպության հետ, որը ֆինանսավորում է տարբեր մշակութային ծրագրեր: Փորձեցինք նրանց հետ հասկանալ և քննարկել, թե ինչ սկզբունքներով, չափանիշներով են նրանք ԱՄՆ 50 նահանգներում մշակութային ծրագրերի ընտրություն կատարում: Բավականին արդյունավետ հանդիպում էր, որից, կարծում եմ, մենք որոշակի եզրակացություններ կանենք»,-շեշտեց Լիլիթ Մակունցը:

ՀՀ մշակույթի նախարարը հավելեց, որ եղել է նաև Լոս Անջելեսում. այցը պետական բյուջեից չէր ֆինանսավորվում, տեղի համայնքի և «Ստեղծարար Հայաստանի» գործընկերների հրավերն էր:

«Այցի շրջանակում հանդիպում եմ ունեցել տեղի մշակութային գործիչների, մշակույթում ակտիվ գործունեություն ծավալողների հետ: Նրանք ցանկանում էին ծանոթանալ նոր կառավարության ներկայացուցչի հետ, իրենց հարցերն ուղղել նրան թավշյա հեղափոխության որոշակի գործընթացներին առնչվող թեմաների շուրջ, այն մասին, թե հետագայում ինչպես է ծավալելու իր գործունեությունը կառավարությունը, մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարությունը: Այցելության ժամանակ հանդիպում եմ ունեցել նաև մի շարք մեծահարուստ սփյուռքահայերի հետ: Նրանց հետ փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ նոր Հայաստանում: Որոշակի գործընթացներ պայմանավորվածությունների փուլում են, մեծ հույս ունեմ, որ արդյունք լինելու է: Այս պահին այլ բան դեռ չեմ հրապարակի»,-հավելեց նա:

Մակունցը հիշեցրեց, որ այս տարի սեպտեմբերին Նյու Յորքի«Մետրոպոլիտեն» թանգարանում բացվելու է Հայաստանին առնչվող ցուցահանդես: «Այստեղ ներկայացնելու ենք հուշարձանային բեկորներ: «Մետրոպոլիտեն»-ում անցկացվելիք ցուցահանդեսը տևելու է մոտ 7 ամիս: Մեզ համար մեծ հաջողություն է, որ նման վայրում է անցկացվելու ցուցահանդեսը: Ամիսներ շարունակ աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ հնարավորություն կունենան ծանոթանալու հայ մշակույթին: ԱՄՆ-ի և Հայաստանի մշակութային փոխանակումը հետաքրքիր է այնքանով, որ այստեղ գնահատվում է յուրօրինակությունը: Մենք հետաքրքիր ենք ոչ միայն ԱՄՆ-ին, այլև աշխարհին մեր յուրօրինակությամբ: Եվ դա պետք է ներկայացնենք ու ամեն հնարավոր կերպով ընդգծենք: Իհարկե, նոր շունչ, նոր երանգ հաղորդելով»,- եզրափակեց ՀՀ մշակույթի նախարարը:

Spread the love
  • 17
    Shares