ՀՀ – ՆԱՏՕ. Մոսկվայում սադրանք է նախապատրաստվում Հայաստանի ու նրա իշխանության դեմ

- in Վերլուծական

Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ դեսպանների ու մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան համարժեք արձագանք է տալու ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ քայլերին, և նրանք, ովքեր ցանկանում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ՝ այդ թվում նաև Ուկրաինան ու Վրաստանը, պետք է գիտակցեն նման քաղաքականության հետևանքները:

«Նման ագրեսիվ քայլերին, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար, արձագանքելու ենք համարժեք ձևով: Իրավիճակը սրել ցանկացող ու Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մտադրություն ունեցող մեր գործընկերները՝ այդ թվում նաև Վրաստանն ու Ուկրաինան, ճիշտ կանեին, եթե մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին»,- սպառնալից տոնով հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի՝ ռուսական սահմաններին մոտեցումը անմիջական սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: Իհարկե, վաղը կամ մյուս օրն Ուկրաինան ու Վրաստանը չեն դառնալաու ՆԱՏՕ-ի անդամ, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի յուրաքանչյուր գագաթաժողովին հաջորդում է Ուկրաինայի ու Վրաստանի հարցի ակտուալացումը՝ նոր առճակատման պատճառ դառնալով Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։

Սա բնական արձագանք է. չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության կոնկրետ ժամկետներ չեն նշվում՝ այնուամենայնիվ, գնալով ավելանում են այն հարթակները, որոնցում հետխորհրդային այս երկրները սերտ համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ՝ հաճախ ինտեգրացիայի ձևաչափում ներառելով տարածաշրջանը։

Պուտինի երեկվա ռազմատենչ ելույթի ֆոնին հետաքրքիր տեղեկատվություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին, ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության, կմասնակցի նաև Հայաստանը: Աղբյուրը տեղեկացնում է, որ շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններն այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո: Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը: Գերատեսչությունը նշում է, որ զորավարժություններին ներկայացված կլինեն ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա:

«Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն չորրորդ անգամ: Ուշագրավ է, որ զորավարժություններին մասնակից տասներեք երկրներից ինը ՆԱՏՕ-ի անդամներ են, Վրաստանն ու Ուկրաինան ձգտում են անդամության, և միայն Հայաստանն ու Ադրբերջանն են, որոնց արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններում գոնե այս պահին բացակայում է ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը։

Վրաստանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությունը դեռ ոչ մի արձագանքի չի արժանացել Երևանում։ Այս հանգամանքը շեշտում ենք հատուկ, որովհետև անցած տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին:

Անցած տարի Հայաստանում դեռ միանգամայն այլ իրավիճակ էր. իշխանության ղեկին էր Սերժ Սարգսյանը, և գրեթե բոլոր փորձագետները միակարծիք էին այն հարցում, որ Հայաստանը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին Մոսկվայի աննախադեպ ճնշման հետևանքով։ Շատ հնարավոր է, որ այդպես էլ կա, համենայնդեպս՝ պաշտոնական Երևանը մեկ տարի առաջ այդպես էլ բանական բացատրություն չտվեց, թե ինչու է վերջին պահին հրաժարվում զորավարժություններին մասնակցելուց՝ վտանգելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, մեր երկրի միջազգային հեղինակությունը։

Մեկ տարում Հայաստանը, իհարկե, փոխվել է, սակայն ամենևին չեն փոխվել Մոսկվայի շեշտադրումները, դեռ ավելին՝ այսօր Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները շատ ավելի լարված են, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օրերս է ավարտվել Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը, որի ամփոփիչ հռչակագրում խիստ քննադատվում էր Ռուսաստանի քաղաքականությունը, ու տակավին երեկ է հնչել Վլադիմիր Պուտինի ագրեսիվ ելույթը։

Ռուսաստանը՝ մի կողմից, Վրաստանն ու Ուկրաինան՝ մյուս կողմից, գտնվում են գրեթե թշնամական հարաբերությունների մեջ, և եթե Պուտինը նման խանդով ու սպառնալից տոնով խոսում է ՆԱՏՕ-ի ու այս երկու երկրների համագործակցության մասին, թերևս ակնհայտ է, թե հիմա Մոսկվայում ինչ տրամադրվածություն է Հայաստանի հանդեպ։

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, հիմա էլ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որը մասնակցելու է Վրաստանում տասն օրից մեկնարկող «Ուժը գործընկերության մեջ է» զորավարժությանը։

Խիստ ուշագրավ է, որ Երևանում դեռ չեն արձագանքել Վրաստանի ՊՆ հաղորդագրությանը, փոխարենը դա արել են ռուսաստանցի որոշակի փորձագետներ՝ Հայաստանի ու նրա իշխանության հասցեին հանդես գալով բացահայտ սպառնալիքով։ Ընդ որում, կրեմլամերձ RERNUM լրատվական-վերլուծական գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կամա թե ակամ փոխկապակցել է Փանիկի միջադեպը, դրան Նիկոլ Փաշինյանի արձագանքը և ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցության փաստը։ «Փաշինյանը կարող էր հանգիստ դրան (Փանիկի միջադեպին) արձագանքել, նման բարձրագոչ հայտարարություններ չաներ և դա չորակեր որպես սադրանք: Իսկ մենք սադրանք ենք որակում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ընդդեմ Ռուսաստանի: Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, և թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները և իր արևմտյան գործընկերները»,- նման ցինիզմով է արտահայտվել Ստանիսլավ Տարասովը:

Եթե դուրս գանք դիվանագիտական ձևակերպումներից, Տարասովն ասում է՝ մերոնք լավ են արել, որ գյուղում կրակել են, քանի որ դուք մասնակցում եք ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ մասնակցությունը Տարասովը ներկայացրել է ոչ կոռեկտ անալոգիայով. «Սա նման է նրան, որ մարդ ունենա օրինական կին ու գնա սիրուհի ունենա՝ ՆԱՏՕ-ի տեսքով: Դա միայն հիվանդ ուղեղով կարելի է պատկերացնել: Այո, պատահում են տակտիկական մանևրներ, անխոս պատահում են, բայց երկակի ստանդարտնե՞ր խաղալ: Բայց կներեք, գիտեք, մենք էլ այդքան չենք ցանկանում մեր զինծառայողներով պաշտպանել Փաշինյանի և իր խմբի շահերը: Թող իրենք պաշտպանվեն, Աստծու սիրուն»:

Սա ուղղակի անթաքույց ակնարկ է, որ Մոսկվայում սադրանք է նախապատրաստվում Հայաստանի ու նրա իշխանության դեմ։ Այս համատեքստում խիստ սկզբունքային է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն հավատարիմ մնան իրենց դիրքորոշմանը և մասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Սա հրաշալի մեսիջ կլինի Հայաստանի արևմտյան գործընկերներին, որ հեղափոխությունից հետո իրապես գործ ունեն նոր Հայաստանի հետ, որն ինքնիշխան է որոշումներ կայացնելու հարցում։

Spread the love