Մի հոգու հետ սեքսը՝ 8-10 հազար դրամ. Թուրքիայում հայաստանցի կինը 50/50-ով հայ կանանց է մատակարարել

- in Իրավունք
brnutyun

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Գոհարիկ Ք.-ի գործի դատական քննությունը:

Այս գործը մեկ անգամ արդեն քննվել ու դատավճիռ էր կայացվել, միայն թե՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ Վահե Խալաթյանի նախագահությամբ: Այնուհետև այդ դատավճիռը բողոքարկվել էր վերաքննիչ քրեական  դատարանում:

47-ամյա Գոհարիկին մեղադրանք էր առաջադրված պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 –րդ մասի 5-րդ կետով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գոհարիկը նպաստել է հայ մարմնավաճառուհիների կողմից Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելուն:

Գոհարիկը 1993 թվականին ամուսնացել էր նոյեմբերյանցի երիտասարդի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, նրանք արդեն չափահաս են:

Ամուսնությունից ու երեխաներ ունենալուց կարճ ժամանակ անց Գոհարիկն ամուսնալուծվել է, երեխաները մնացել են նրա խնամքին:

Գոհարիկը բազմիցս մեկնել է Թուրքիա՝ այնտեղ բնակվող քրոջ մոտ: Հետագայում Գոհարիկն էլ է մշտական բնակություն հաստատել Թուրքիայի Սպարտա քաղաքում:

Նա ծանոթացել է հայ մարմնավաճառուհիներ Քրիստինեի, Գյուլնարայի հետ: Մինչ այդ՝ Քրիստինեն իր ընկերուհի Ժաննայից իմացել էր, որ նա մարմնավաճառությամբ զբաղվելու համար մեկնում է Թուրքիա, և այնտեղ նրան օգնում՝ հաճախորդներով ապահովում է Գոհարիկ Ք.-ն: Քրիստինեն նույնպես ցանկություն է հայտնել Ժաննայի հետ Թուրքիա մեկնել և նույն գործով զբաղվել:

Պայմանավորվածության համաձայն Քրիստինեն ու Ժաննան 2015-2016  թվականների ընթացքում մի քանի անգամ մեկնել են Թուրքիա, նրանց դիմավորել է Գոհարիկ Ք.-ն:

Վերջինս Քրիստինեին ծանոթացրել է «աշխատանքային պայմաններին», և առաջին օրվանից Քրիստինեն զբաղվել է մարմնավաճառությամբ:

Հաճախորդներին ապահովել է Գոհարիկը՝ Քրիստինեի ու Ժաննայի վաստակած գումարից հանելով կոմունալ ծախսերը, իսկ մնացած գումարը մարմնավաճառուհու և իր միջև բաժանելով հավասարաչափ:

Հետագայում Քրիստինեն Թուրքիա՝ Գոհարիկի մոտ մեկնել է նաև առանց Ժաննայի:

Հերթական անգամ Քրիստինեն զանգել է Գոհարիկին ու ասել է, որ հետը Թուրքիա է տանելու նաև ընկերուհուն՝ Գյուլնարային:

Գոհարիկ Ք.-ն 2016 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 29-ը և  2016 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը Քրիստինեին ու Գյուլնարային հյուրընկալել է Սպարտայում գտնվող իր տանը ու նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն՝ ապահովել է հաճախորդներով, նրանց աշխատած գումարներից հանել է կոմունալ ծախսերը, իսկ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի հիսուն տոկոսը վերցրել է ինքը՝ այդ կերպ նա գույքային օգուտ է ստացել:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը Սպարտայի իր տանը Գոհարիկը  հյուրընկալել է Գյուլնարային, իսկ 2015 թվականի մարտի 15-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում 3 անգամ հյուրընկալել է Քրիստինեին, նրանց ապահովել է հաճախորդներով՝ նույն պայմաններով:

Գոհարիկ Ք.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ  ամուսնալուծությունից հետո սկսել է մեկնել Թուրքիա,  բնակություն է հաստատել Սպարտա քաղաքում: Խնամել է մեծահասակների ու միայն այդ ճանապարհով է գումարներ վաստակել:

2015 թվականին իրեն զանգել է ծանոթ Ժաննան ու ասել է, թե Սպարտայում է, ցանկանում է հանդիպել: Ժաննան եկել ու իր հետ բերել է ընկերուհուն՝ Քրիստինեին: Վերջինիս ինքը չէր ճանաչում:

Ժաննան ասել է, թե եկել է Թուրքիա՝ մեծահասակներ պահելու: Քանի որ նրանք իր հայրենակիցներն էին, այդ պահին գիշերելու տեղ չունեին, տեղավորել է իր տանը, որը պատկանում էր մի թուրք տարեց կնոջ: Նրանք մի քանի օր մնացել ու գնացել են:

Որոշ ժամանակ անց իր տուն է եկել Քրիստինեն՝ ընկերուհու՝ Գյուլնարայի հետ: Նա ասել է, թե Ժաննան հեռու է գնացել, իրենք մնալու տեղ չունեն, խնդրել են, որ մի քանի օր մնան իր տանը: Խղճահարությունից ելնելով՝ ինքը համաձայնել է:

Մի քանի օր մնացել ու գնացել են:

Հետո ինքը նրանցից ոչ մի տեղեկություն չի ունեցել:

Որոշ ժամանակ անց իր ընտանիքի անդամներից, ովքեր Հայաստանում էին ապրում, իմացել է, որ ոստիկանությունից իրեն են փնտրում: Իր հայաստանյան տանը կատարվել է խուզարկություն: Ինքն այդ մասին իմանալով՝ կամովին եկել է Հայաստան ու ներկայացել է քննության:

Ինքը տեղյակ չի եղել՝ Քրիստինեն ու Գյուլնարան ինչ նպատակով էին եկել Թուրքիա: Ինքը նրանց չի կանչել, չի իմացել, որ նրանք մարմնավաճառներ են, որևէ կերպ չի նպաստել նրանց կողմից Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվելուն:

Դատարանում Գոհարիկը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, հարցերին պատասխանելուց:

Վկա Քրիստինեն հայտնել է, որ ամուսնալուծված է, ունի… յոթ երեխա: Նրանց գոյությունն ապահովելու համար մի քանի տարի զբաղվել է մարմնավաճառությամբ Երևանի Ծերեթելի կոչվող հատվածում:

Ժաննան իր ընկերուհին էր: 2015 թվականին զրույցի ժամանակ Ժաննան ասել է, թե իր նման մարմնավաճառությամբ է զբաղվում, բայց դա անում է Թուրքիայում և անհամեմատ ավելի մեծ գումարներ է աշխատում: Նա առաջարկել է միասին գնալ Թուրքիա: Ինքը համաձայնել է: Ժաննան հեռախոսով խոսել է Թուրքիայում ապրող ընկերուհու՝ Գոհարիկի հետ: Պայմանավորվել են: Երթուղային ավտոբուսով մեկնել են Վրաստան, այնտեղից՝ Սպարտա: Իրենց դիմավորել է Գոհարիկը: Նա իրեն բացատրել է գործի «պայմանները»: Ինքը համաձայնել է:

Գոհարիկը իրենց հաճախորդներով է ապահովել, իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ են ունեցել, իրենց վաստակած գումարից Գոհարիկը հանում էր կոմունալ ծախսերը, մնացած գումարը բաժանում էր հավասարաչափ:

Յուրաքանչյուր հաճախորդի հետ կենակցելը կարող էր արժենալ ՀՀ դրամով՝ 8-10 հազար դրամ:

Հիմնականում իրենց հաճախորդները թուրք են եղել: Իրենց  անձնագրերը իրենց մոտ էին, իրենց տեղաշարժի վրա արգելք դրված չէր:

Գումար են աշխատել, վերադարձել են Հայաստան: Նույն նպատակով ինքը Սպարտա՝ Գոհարիկի մոտ է գնացել նաև առանց Ժաննայի՝ Գյուլնարայի հետ:

Մարմնավաճառությամբ զբաղվել են Սպարտայի «Շարքի գարաժ» կոչվող բնակավայրում: Այդ ընթացքում Գոհարիկի տանը չեն ապրել, իսկ Գոհարիկը ոչ մի ծեր կնոջ չի խնամել, նա գումար է աշխատել՝ իրենց հաճախորդներ ապահովելով: Իրեն Գոհարիկի մոտ տարել է Ժաննան, ինքն էլ իր հերթին նրա մոտ է տարել Գյուլնարային:

Դատարանում Քրիստինեն ասել է, թե ինքը չորս անգամ է գնացել Թուրքիա, աշխատել է մոտ 1000 դոլարի չափ գումար: Հանդիպումները հաճախորդների հետ Գոհարիկն է կազմակերպել՝ իրենք լեզու չգիտեին: Տղամարդիկ զանգել են Գոհարիկին, իրենք հյուրանոց գնացել-եկել են մեքենայով ՝ մեկ ժամով: Մեկ ժամը արժեր թուրքական 50  միլիոն, որը հայկական դրամով կազմում է  9-10  հազար դրամ: Ինքն իրեն լավ է զգացել, յոթ երեխա ունի, նրանց պահել էր պետք: Իրենք գումարը Գոհարիկի հետ «կիսվել են հիսուն-հիսուն»՝ հանելով կոմունալները, տան վարձը և այլն:

Իրենց ու Գոհարիկի միջև վիճաբանություն չի եղել: Ինքը չի ուզում, որ Գոհարիկը պատասխանատվության ենթարկվի՝ նա իրենց չի ստիպել, իրենք իրենց կամքով են գնացել:

Գյուլնարան հայտնել է, որ շուրջ 10 տարի Երևանի Ծերեթելիում զբաղվել է մարմնավաճառությամբ: Քրիստինեին ճանաչում է վեց տարի՝ նույն վայրում են մարմնավաճառությամբ զբաղվում:

Մի անգամ Քրիստինեի հետ զրույցում ասել է, թե պարտքեր ունի, կարգին գործ չկա: Քրիստինեն պատմել է, որ Թուրքիայում Գոհար անունով ընկերուհի ունի, գնում է նրա մոտ, այնտեղ է զբաղվում մարմնավաճառությամբ, գումարի մի մասը տալիս է նրան, մնացած գումարով վերադառնում է Հայաստան: Քրիստինեի առաջարկով ինքն էլ է համաձայնել մեկնել Թուրքիա՝ նույն աշխատանքը նույն պայմաններով կատարելու:

2016 թվականի մարտին Քրիստինեի հետ մեկնել են Թուրքիա՝ «Շարքի գարաժ» կոչվող բնակավայր: Իրենց դիմավորել է Գոհարիկը, տարել է իր տուն, որտեղ վարձով էր ապրում: Գոհարիկի ասած պայմաններով զբաղվել են մարմնավաճառությամբ: Երբ լրացել է մեկամսյա վիզայի ժամանակը, վերադարձել են Հայաստան:

Մեկ ամսում ինքն աշխատել է 800 դոլար:

Երկրորդ անգամ ինքն ու Քրիստինեն Գոհարիկի մոտ են գնացել 2016 թվականի հուլիսին:

Իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենում էին դրսում՝ ոչ Գոհարիկի տանը: Օրական երկու անգամ հաճախորդ էին ունենում:

Ընդհանուր առմամբ՝ ինքը երեք անգամ է Թուրքիա գնացել, աշխատել է միշտ նույն պայմաններով: Իրենց մոտ լրիվ գրված էր՝ ժամով, րոպեով: Իրենց նկատմամբ ճնշում չի եղել:

Գյուլնարան էլ է հայտնել, թե չի ուզում՝ Գոհարիկը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գոհարիկին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել էր 4  տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը պետք է հաշվվեր Գոհարիկ Ք.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտներ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Գոհարիկի շահերի պաշտպանը՝ փաստաբան Ա. Մկոյանը:

Վերջինս երեք պահանջ էր ներառել բողոքի մեջ, վերաքննիչ դատարանի առաջ էր դրել «այն բոլոր խնդիրները, որոնք տեսել էր տվյալ գործով կայացված դատական ակտում»:

Վերաքննիչ դատարանում Ա. Մկոյանը, հիմնավորելով իր բողոքը, նշել է, որ Գոհարիկի գործը քննվել է ո՛չ այն առաջին ատյանի դատարանում, որտեղ պետք է քննվեր, այսինքն՝ գործն ընդդատյա չէր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, այլ պետք է քննվեր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Պաշտպանը ներկայացրել է օրենքի պահանջը՝ եթե ենթադրյալ հանցավոր արարքը կատարվել է արտերկրում, ապա այն պետք է քննվի հայաստանյան այն տարածքի դատարանի կողմից, որտեղ եղել է մեղադրյալի վերջին բնակության վայրը:

Գոհարիկ Ք.-ն ՀՀ քաղաքացի է, հաշվառված է եղել ու հիմա էլ հաշվառված է Լոռու մարզի կոնկրետ բնակավայրում: Այնտեղ են ապրում նրա երեխաները: Ենթադրյալ հանցավոր արարքը նա կատարել է Թուրքիայում: Ոչ ոք չի հարցրել Գոհարիկի համաձայնությունը՝ ուզո՞ւմ է նա, որ իր գործը քննվի Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում: Հետևաբար, Գոհարիկի գործը պետք է քններ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Ընդդատության վերաբերյալ օրենքի պահանջի խախտումը հիմք է՝ տվյալ դատական ակտը բեկանելու, գործը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ինքը՝ Գոհարիկը, պնդել է, որ հաշվառված է ու հիմա էլ ապրում է Լոռու մարզում, վերաքննիչ դատարան է եկել իր բնակավայրից: Ճիշտ է, ինքը ավելի շատ ապրել է Թուրքիայում, հաճախ մեկնել է Վրաստան, որտեղ ապրում էր իր վատառողջ մայրը, բայց երբ եղել է Հայաստանում, ապրել է իր երեխաների մոտ և իր աշխատած գումարներով պահել ու օգնել է նրանց:

Մեղադրող դատախազ Ս. Մարտիրոսյանը վերաքննիչ դատարանում առարկել է այս պահանջի դեմ՝ նշելով, թե Գոհարիկը Լոռու մարզում փաստացի չի ապրել, Հայաստան եկել-գնացել է «որպես տուրիստ»: Դատախազը քրեական գործում մատնացույց է  արել Գոհարիկի կողմից կատարված սահմանահատումները՝ նշելով, որ Գոհարիկը հիմնականում ապրել է Թուրքիայում և Վրաստանում: Նա Լոռու մարզում միայն ձևականորեն հաշվառված է եղել 2012 թվականից: Նույնիսկ երբ Թուրքիա մեկնելու, այնտեղ մնալու հետ կապված խնդիրներ է ունեցել, եկել է Հայաստան, փոխել է անձնագիրն ու… ազգանունը և ուրիշ ազգանվան տակ նորից մեկնել է Թուրքիա:

Մեղադրողը օրինական է համարել, որ փաստացի Հայաստանում չբնակվող, ենթադրյալ հանցավոր արարքը արտերկրում կատարած Գոհարիկի գործը քննվել է այն տարածաշրջանում, որտեղ ավարտվել է գործի նախաքննությունը, իսկ այն սկսվել ու ավարտվել է Էջմիածնում՝ Արմավիրի մարզում:

Մեղադրողը վերաքննիչ դատարանում նաև նշել է, որ Գոհարիկի արարքը հանրային մեծ վտանգավորություն ունի՝ նա հայաստանաբնակ կանանց համոզել է մեկնել Թուրքիա, այնտեղ աջակցել է, որ նրանք զբաղվեն մարմնավաճառությամբ, ինքն էլ գույքային օգուտներ է ստացել՝ դրանով իսկ շահագրգռված է եղել նրանց գործունեությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ բեկանել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ գործի քննության ընդդատության խախտման հիմքով, գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ  գործը նորից քննել է արդեն՝ արագացված ընթացակարգով՝ Գոհարիկ Ք.-ն այս անգամ իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել է արագացված կարգով գործը քննելու վերաբերյալ:

Դատարանը Գոհարիկ Ք.-ին մեղավոր է ճանաչել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի  5-րդ կետով: Պատժի մասով Լոռու մարզի դատարանը ավելի մեղմ վերաբերմունք է դրսևորել Գոհարիկի նկատմամբ՝ նրան դատապարտել է  3 տարի ազատազրկման, այդ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 2 տարի փորձաշրջան:

Spread the love