Ճեղքված լռության արտահայտությունը Կամիլայի պոեզիայում

- in Մշակույթ

Լույս է տեսել Կամիլա Երկանյան-Քեշիշյանի «Ծաղկած ցավ» բանաստեղծությունների ժողովածուն: 

Հոգու կուտակումները լույս աշխարհ բերելու համար արվեստագետին երբեմն բավարար է լինում կարճ մի ընթացք, երբեմն էլ՝ երկար տարիներ: Հաճախ բուռն ստեղծագործական ակտիվությանը հաջորդում է երկարաձգվող լռությունը, որը ճեղքելուն նպաստում են անսպասելի շրջադարձեր կյանքում, մարդկային հարաբերությունների վերանայումներ՝ երբեմն օտար աչքի համար աննկատելի, աննշան, բայց խիստ էական, հեղափոխիչ՝ ստեղծագործող անձի համար: Հոգու քուրայում հասունացած բառ ու կերպար, մտածում և հույզ ուներ Կամիլան շուրջ մեկ տասնամյակ, որ մի հուժկու պոռթկմամբ ցայտեց վերջին երկու տարիներին, ինչի արդյունքում կազմվեց իր բանաստեղծությունների նոր՝ թվով վեցերորդ ժողովածուն, որ կրում է «Ծաղկած ցավ» խորագիրը: Նախորդները տպագրվել էին 1999-ից սկսյալ՝ ընդամենը մեկ-երկու տարվա տարբերությամբ, ամենամեծ ընդմիջումը եղել էր չորս տարի: Եվ ահա 11 տարվա լռությանը հաջորդում է Կամիլա Երկանյան-Քեշիշյանի՝ նոր, առավել խտացված գույներով, պատկերավորման հարստությամբ ու խտությամբ աչքի ընկնող, պինդ ու վստահ վրձնահարվածներով արված փոքր ու միջին ծավալի բանաստեղծական կտավների ծնունդը:

Ինքն իր տառապանքի երկարամյա լուռ ընթերցողը՝ հիմա մի «անխինդ երջանկությամբ» երկխոսում է ինքն իր հետ՝ կիսաբաց անելով իր աշխարհի դռներն ընթերցողի առջև, այն աշխարհի՝

«Որտեղ չկա՛յ չարութիւն ու տատասկ,
Որտեղ վհուկներ չեն վխտում:
Քամուն եմ տուել ցաւդ մրրկահողմ,
Պսակով օծել վիշտդ զարդարուն…»:

Իր կուրծքը պատռելով ճակատագրի դեմ՝ հիմա անհաշտ-հաշտված, ընդվզող-խոնարհ, տարիների մեջ իմաստնություն ամբարած՝ մենախոսում է, ու իր տողերը հասցեական են, խոկումը՝ ծայրեիծայր ապրված… Հետո արդեն՝ հետագա էջերին քիչ առ քիչ բացահայտվում է իր տառապանքի աղբյուրը, բայց էլի նուրբ գծագրումներով, ո՛չ դիմահար, բանաստեղծական պատկերների ու այլաբանության լեզվով: Տողատակի և տարընթերցումների համար տեղ է թողնված,ահա թե ինչու նույն գործն վերընթեռնելիս նորանոր շերտեր ես հայտնաբերում: Տառապանքի կնիքն ունեն իր վերապրումները մանկության տան դռների առջև հայտնվելուն պես՝ իրեն այցելած պատկերներով ու հուշերով պարուրված, տառապանք է ապրում, երբ աշխարհից ու մարդկանցից օտարված որբ մանկանց հայացքներների մեջ է հոգեսուզվում, տառապանքի խորը կնճիռն է գծագրվում Կամիլայի տողերում, երբ խոսում է հանուն հայրենիի կյանքը զոհած այրերի մասին: Սրանք առանձին բանաստեղծական շարքերի մեջ են զետեղված, թեև թեմատիկ առումով խիստ սահմանազատված չեն, քանի որ բոլոր խմորումները նույն հոգում են կատարվում, բանաստեղծական հարուստ լեզուն էլ ու պատկերահամարկագը թույլ են տալիս խորհրդապաշտ լինել՝ ջնջելով հիմնական թեմայի և անհատի զգայական աշխարհի ու դրանից բխող վերաբերմունքի արտահայտության միջև բոլոր սահմանները: Փորձել տարանջատել, թե սա հայրենիքին նվիրված շարք է, իսկ մյուսը՝ սիրուն, երրոդը՝ զուտ խոհական, չորրորդը՝ բնապատկերների շարան և այլն, Կամիլայի պոեզիայի պարագայում անկարելի է, քանի որ սրանք ներհյուսված են մեկմեկու, շատ գործերում՝ բազմաճյուղ, տարընթերցելի: Որքան ընդհանրական, նույնքան հասցեական են, և սա է քնարերգության հմայքն ու ուժը…

Գիրքը բացվում է հայրենիքին ուղղված տողերով, բայց այն ձոն չէ, ավելի շատ մտերմիկ զրույց, սիրահարված կնոջ՝ ապավեն գտնելու կերպ, հավատարիմ զավակի մտերմիկ դիմում իր ծնողին, ցավը հասկացողի և կիսողի երկխոսություն.
«Տունս յենուել եմ մարող արեւիդ», «Բառս յենուել է ծարաված շուրթիս», «Վէրքս յենուել է փլատակ յոյսիդ»,- այս տողերով են առանձին-առաձին գլխագրվում բանաստեղծության պարբերությունները՝ անձնական ապրումի լեզվով արտահայտելով հայրենի եզերքի հանդեպ իր վերաբերմունքը. դա գալիս է նաև մանկությունից քաղված վառ հիշողությունից, ինչին հետագա շատ գործերում անդրադարձներ ունի: Իսկ այստեղ սեր ունի՝ հայրենի «արնաթաց հողին» շաղված, «փլատակ յոյսերի» առկայությունը չի վանում, ընդհակառակը՝ ձգում, առավել սիրելի է դարձնում. հայրենիքն իրեն որպես ապավեն է դիտում և պատկերացնում լույսերի մեջ.

«…յենուել եմ ես մանկութեանս արդար,
Իսկ նա յենուել է արեւիդ լոյսին,
Որպէս յաղթութեան յենարան անհաս»:
Հայրենիքի հետ իր ներդաշնակման-միաձուլման իղձ-ցանկությունը կարդում ենք հաջորդիվ՝
«Դաշտ է մարմինս հիւլէ,
Ուր երցուկն է ապրում,
Խառնիր նուագդ անհուն
Նրա հունչերին մաքուր…»:

Իր նվիրմամբ քնարական հերոսը, որ ինքը՝ բանասեղծն է, թագադրում է կատարում իր հայրենիքին՝ «զերթ լուսատուի», գուրգուրում է այն՝ «հանց իր ձագի», լվանում է նրան «արնավէրք ցավից», մաքրում «ստուերախոց ճահճից»… Իրականության պատկերը տալով գեղավեստական պատկերի միջոցով՝ ավելի տեսանելի է դարձնում իրերի բուն վիճակը՝ չհուսախաբվելով, սակայն, և ոչ էլ հուսախաբելով ընթերցողին, քանզի լույսի և արևի ներկայությունն է ամենուր, և ապագա թագադրումների հրճվանքն է սպասվում.

«Մաքրե՜մ ստուրախոց ճահճից,
Թագադրե՜մ, զերթ լուսատու,
Մեզ նոյն Արեւն է պահում,
Ինչպէս հմուտ նավարկու»:

Օրերի հոլովույթում ապրված իր հուսավառության և հիասթափության, քաղած փորձառության, վանող հասարակությունից տարանջատվելու, պատրանքներից ցավագնորեն ձերբազատվելու մասին է խոսում հեղինակը «Ճգնաւորները» յոթնապատումի մեջ:

«Երազներ են թափւում մեր մարմնից,
Դատարկւում է անզօր գիշերը»:

«Թափու՛ր է աշխարհը մեզնով». պատրանքների անկման պահերին և իրականության դաժանությանը բախվելով՝ «սպիացող քաղցր վէրքերով» ճգնում է ապրել իր օրը:
Կյանքի «դառնաշունչ փչող հովերին», «գորշ անցեալի մահականչերի» հիշողության, ապրվող ժամի «չարախնդության» մեջ դիմում է Արարչին՝ ուժ առնելու՝

կյանքի ու վախճանի համար.
«Աստուածները երբ լալիս են,
Ո՞նց բարբառեմ այս ամենը:
Արարի՛չ, օգնի՛ր ինձ անվախ
Արնոտ կեանքի դուռը փակել»:

Բանաստեղծն ինքն իր մտքերի հետ կռիվ ունի, մերթ ներում, հանդարտվում է, մերթ ընդվզում-ծառս է լինում: Խոհեր են հավերժականի և անցավորի մասին, խոհական բանաստեղծության նմուշներ են, որ երբեմն մղձավանջների վերապրումով են արտահայտվում: Կյանքի և մահվան մասին խոհը հոռետեսությամբ է եզրագծված.

«Մղձավանջը ելել՝ ընդերքի խորքից,
Գլխատուած կեանքի երազն է խժռում»:

Նույն անկումնային տրամադրությամբ են ստեղծված շարքի «Մղձաւանջ», «Տարփուհին», «Երբ աշխարհը փտում է հիփնոզով փառքի» գործերը, առաջինում՝ մարդկության հոգեկան թշվառության, երկրորդում՝ սիրո մահվան և պղծության, երրորդում՝ նախանձից մինչև համաշխարհային աղետի մասին ծանր մտածումներն ու նկուն տրամադրությունները: Այս ամենը բերում կապում է Հայրենիքի ներկայի և ապագայի հետ առնչվող սեփական մտահոգությանը,

«…Երբ օրերը անտուն են եւ անսէր
Ու նոյնիսկ դիմակներն են լալիս
Եւ դարն է զառանցում՝ փտախտը կեանքի
Իսկ հայերնի տունը դատարկուող փեթակ է ասես…»:

Երաժի՛շտը հենց պիտի, հայության ներկայի նկարագիրը տալիս, կորուստների մասին խոսեր այս տողերով.
«Երբ հնամենի բոյնը ծախում են մի քանի գրոշով
Ու թրքաթաթախ կըլկըլոցները գերադասում՝
Սեփական արեան լադերից…»:

Սեփական արյան լադեր են Կամիլայի «նվիրումները» նրանց, ովքեր կյանք ու երազ չխնայեցին հայրենի արմատները պահպանելու համար: Բանաստեղծությունների մի փունջ ձոնված է՝ ի հիշատակ և ի պանծացում նրանց, ովքեր՝

«… չվերադարձան,
Հասկանալով,
Որ հեռուներից իրենց հետ տուն են բերել
Ծանր առաւօտները, պատերազմները,
Հացի կարմիր դաշտերը,
Ուր արեւը արեան կաթիլներից
Լայնանում, ուռչում է եւ
Պայթում օրուայ ափերում…»:

Ծանր բան կա պատերազմից թե՛ վերադարձողների, թե՛ չվերադարձողների հուշ-զգացողություններում, նաև նրանց, ովքեր, անտեղյակ պատերազմից, ապրում են իրենց մանկությունը և հետո՛ են գիտակցելու իրենց հայրերի հերոսացման գինը.

«… Իսկ երեխաները շարունակում են
Կռիւ-կռիւ խաղալ
Հեռացող թռչունների բներում»:

Մահվան ու հերոսացման, տված զոհերի համար ափսոսանքի մասին է խոսում խորհրդանիշների լեզվով, և սիմվոլներից մեկն էլ կերպավորված Ծառն է.

«Հեղուկ մթի
Փամփշտահար եզերքում
Սաւառնում է հայեացքս,
Որին հանգում է ծառը,
Որ չմրսի,
Ու նրա բարալիկ ճիւղերը
Բողբոջում են վէրքերիս վրայ…»:

«Համբոյրս որպէս վիրակապեր դնեմ վէրքիդ վրայ»,- ասում է նա ազատության մարտիկին;

«Քո աչքերի մէջ\ Յոյսի կանգառներն են\ Հայոց բարձրադիր\ Եզերքը պահում…»,- այսպես է իր խոնարհումը բերում բանաստեղծուհին հանուն հայոց գոյության նահատակներին և ապա վերջակետում՝ «հերթը մե՛րն է\ Պատուով ապրելու»:

«Լռութեան ճիչը» լսելի է սիրելիների հեռացումից հետո, և այդ ցավը տարբեր գեղարվեստական արտահայտություններ է առնում Կամիլայի գրքում: Կարճ, ընդամենը մի քանի տողից կազմված գործերում խտացումները մեծ են, ասելիքը՝ ազդու: Իսկ «Պատերազմ» բառը՝ միայն վերնագրում:

«Երկնքի գունատ դէմքից
Դալկադէմ աշնան մի տերեւ ընկաւ սեղանիս,
Որպէս գալիքի ցուրտ օր»:

2017-ին գրված այս եռատողը անցյալի վերապրու՞մ է, ներկայի տագնա՞պ, ապագայի վտանգի կանխազգացու՞մ. թերևս բոլորը միասին, որ բնապատկերի միջոցով ընթերցողին է հաղորդվում՝ ընկողմանելով նրան տագնապահարույց մտածումների մեջ :Դաշտերից տուն բերված «վիրավոր թռչունների», «պատառոտուած երկնքի» երեխայի պես լացի պատկերները դարձյալ ասոցացվում են պատերազմի ու զինադադարի հետ:

Ապա հաջորդում են ինքնազննումները՝ «Ինքնանկար», «Տար ինձ քո հեռուն» և այլ գործերում: Հոգու թևավոր տենչանքներով, «ցավէ պսակ» հեծեծանքերով, բեղմնավոր հույզերով, լուսաբեր հմայքներով՝ «ստուերներից լոյս թրծող աջիկ» է, որ ներհայեցումներով, մտովի սավառնումներով, միայնության մութ ժամերով և հեռուն տանող լուսաբացներով գծագրում է իր ներքին կառույցը: Թռչունը, որին դիմում է, հենց իր կերպավորումն է.

«Քո թեւերը հրեշտականման են,
Իսկ թռիչքը՝ գնդակահարուած….
Թռչու՜ն,
Տար ինձ քո հեռուն…»:

Ինքնադիմանկարի մի այլ յուրահատուկ դրսևորում է «Մի՛ մոտենայ իմ սեղանին» տողով սկսվող բանաստեղծությունը.

«…Ես՝ անտիպ բանաստեղծութիւն
Դրուած կեանքի զոհասեղանին…»:

Մի այլ տեղում՝ «Հայելիներ» շարքի Ե մասում դարձյալ իմաստավորում է իր գոյությունը, այն է՝ լույս սերմնավորել հոգիներում.

«Իմ ձեռքերում
Լոյսի սերմեր են
Որ բերել են թռչունները
Ու ափերիս մեջ բնաւորել իրենց գոյութիւնը…»:

Ներքին ինքնահրկիզման պահերի արդյունք են Կամիլայի հիշողությունների արծարծումները. կռահել է պետք իր հոգու հացի պարունակությունը՝ ընթերցելով այս տողերը.

«Եօթն շրթունք
Համբուրում են հացի հիշողութիւնը:
Հաջորդ կանգառը՝
Ինքնահրկիզում»:

Հուշը բանաստեղծական ապրումի հիմքն ու աղբյուրն է. բայց Կամիլան ներփակված է իր մեջ, ու իր խոսքն ակնարկի գաղտնիքով է կառուցված. ամբողջապես չի տալիս ընթերցողին իր բաժին հուշ-հիշողությունը, գաղտնորեն է վերապրում մորմոքները՝ վաղ տարիներից մաշկի տակ առած.

«Մի՛դիպչիր յուշիս.
Նա իր մէջ ներծծում է
Ապրած օրերիս հանրագումարը…»:

Այս հանրագումարում շարունակ հոլովվում է իր մանկությունը, ու այստեղ արդեն գույները մեղմվում, լույսի բաժինը շատանում է: Ամենը գնում-հանգում է մանկությանը, որի պայծառությունից շարունակ լույս է քամում ու բերում լցնում իր տողերը: Նույնին ականատես ենք եղել Կամիլայի նախորդ՝ «Բառահանդէս» գրքում, և հիմա էլի նորանոր ձևերով անդրադառնում է իր վաղ զգացողություններին.

«Մանկութիւնս ու ես,
Կտուց կտցի օրհնում ենք
Իրիկնահաց բաժանող
Թռչուններին»:

Կամիլայի «մազապուրծ հուշի երակներից\ Կարօտի երգեր են հոսում»: Այդ կարոտի արտահայտությունն է նրա «Ռեքվիեմը»՝ բազում ափսոսանքներով ու հուշի պատկերազարդումներով: «Ես կանգնած եմ մեր հին տան առջեւ…». այսպես է սկսում ու նույն տողով ավարտում բազմամաս «Ռեքվիեմի» շատ դրվագներ, ու սա ակամա հիշեցնում է երաժշտական երկի կառուցվածք. դարձյալ նվիրում է, այս անգամ նրան, ով միշտ եղել է մանկության հուշերի հորիզոնում, ումից լույս ու ջերմություն է քաղել, ում երկրպագել է, ումով հիացել է, ում ներկայությունը, թեկուզ հեռահար, ջերմացրել է իր օրերը: Հա՛յրը:

Մանկությունն այն ապաստանն է, որտեղ շարունակ վերադառնում է, որում իրերը շնչավոր են ու կրում են իր գոյության նախասկզբի իմաստը, որի ամեն մի աղճատում ցավագնորեն է գնահատում. վերապրումները տարամերժ են: Դրան հաջորդել են «կեղեքված արշալույսներ», «ոտնաչափ տարածություն ունենալու գոյապայքարը», «զրպարտաբերան ժպիտները»: Իսկ իր փայփայած հուշերում՝ մանկության անձեռնմխելի աշխարհում՝

«Հայրենիքը տաք հացի յիշողութիւնն է՝ դաջուած
Իմ հին տան պատին,
Որտեղ Աստծոյ ամէն ատաւօտ
Մանկութիւնս թռչու՜մ է դէպի Նա՝
Ամոքելով մեզ համար պահուած օրերի չափաբաժինը»:

Տարիներ առաջ իր ապրածի վերարժևորումները հասուն անձի հայացք են, որ խոհական բանաստեղծության համար հիմք են դառնում: Երջանկության բանաձևումը տալու համար դիմում է խորհրդապաշտությանը.

«Ամենաերջանիկ թռչունները,
Երկինքն իրենց թեւերին դրած,
Տանում են տաք երկրներ,
Ուր գեղեցիկ կինը
Իր բանաստեղծութիւններն է կախում ծառերից,
Որպես վերադարձ…»:

Հուշերի բնակարանում «հրեշտակները դաշնամուր են նուագում\ Նրա ցոլքալոյս հոգու գագաթների վրայ»: Ապա գնում է դեպի իր հոր՝ Սեդրակ Երկանյանի նվագը, որի տակ օրորվում էին իր երազները.

«… Իսկ Լիստը ռոյեալիդ ստեղներից յառնող
Խռովայոյզ տարերքն էր եւ «Օբերմանի հովիտը»:
Պահը լուռ տեղաւորուել էր ժամացոյցի սլաքների արանքում
Եւ սիրահարուած ունկնդրում էր
Քո ձեռքերով վեր բարձրացող երաժշտութիւնը»:

«Կարմիր մայրամուտների հեքիաթում» տեղավորված իր աշխարհում վերադարձը ոչ միայն հին տպավորությունների վերապրում է, այլև վաղ կորուստների ցավի կենդանացում ու վերագնահատում, բայց ցավն այդ ծաղկած է, ոնց փշածաղիկն է գեղեցիկ ծաղկում՝ բոլորովին անսպասելի… Այդ հուշերի մեջ վեցամյա աղջնակի արած նկարն է, կարմիր կոշիկները, բանալիների ձայնն ու հոր ոտնաձայները, որոնց արթուն սպասում էր դուստրը ներսի սենյակում: Նման սպասում բանաստեղծուհին ապրել է շարունակ, ու կարոտի նկարագիրն այսպես է ձևակերպում Կամիլան.

«… կրծքիս տակ անդադար քնում-արթնանում են
Սպասումի աչքերը՝
Ճանապարհի վերմակով ծածկելով իրենց անյագուրդ կարօտը,
Երբ ուղղութիւնը անհետք է
Եւ ժամանումը չի՛ ճանաչում ոչ մի տարածք,
Եւ բացակայութիւնը քո ներկայութիւնն է փորագրված իմ մէջ…»:

Հորը նվիրված ձոն-նվիրում աքրոստիքոսով է Կամիլան եզրափակում իր հուշապատում-վերապրումները.

«…Եդեմական ճախրանքներուդ յոյզ-թեւիկը ես ըլլամ,
Րոտեմ մէջքիս այգալոյսներ բազմաձայն:
Կարնոյ դաշտէ՜ր հունձքերուդ մէջ թռչնաւոր,
Անծայրածիր հեռուներով տարագիր…»:

Գեղարվեստական առանձին արժեք են ներկայացնում բանաստեղծուհու կերտած՝ առնվազն մի տասնյակի հասնող զուտ բնանկարներն ու «նատյուրմորտները», որ թերևս նկարչի աչքի դիտողականության արդյունք են: Ահա դրանցից մի նմուշ՝

«Անձրեւից հետոյ
Նռնենիները հորիզոններին կ’ընծայեն
Մերկութիւնն իրենց
Ու իրենց մէջ բանտած
Կարմրակէզ պտուղներ կը սփռեն
Անկշռութեան մէջ»:

Ահա և մի նատյուրմորտի օրինակ՝ «Կաւէ հին կարաս\ Նրա մէջ\ Մի կաթիլ գինի\ Գինու կաթիլում\ Մի հատիկ ցորեն\ Ու նրա երազում\ Ծփանքը արտերի»:

«Ծաղկած ցավ» բանաստեղծությունների ժողովածուի՝ քննարկման արժանի թերևս ամենից հզոր բաժիններից մեկը սիրային քնարերգությունն է: Սկսյալ «Առյուծաբաշ արքաներ» քերթվածքից մինչև «Արեւելքի գիշերներ» բաժնի երգերը, անթաքույց, գիրգ, պերճ ու հասուն սիրո արտահայտություններ են՝ հատու վրձնահարվածներով, թանձր գունեղությամբ, սիրո և վայելումի զգացումով հագեցած, բանարվեստի արտահայտչամիջոցների ճոխ գործածությամբ:

«Կեանքն ըմբոշխնող արու-արքայ մարմիններ,
Հարուա՛ծ-հարուա՛ծ սուզուող խորքը ցնծութեան,
Հասնումների սիրատոչոր ժայթքումով,
Առագաստի քրտինքներով բոցավառ…»: («Առյուծաբաշ արքաներ»)

Բանաստեղծական տողի նույն թափով է գրված «Առընչութիւնը»:

«Բանաստե՜ղծ,
Խմի՛ր հաճոյքի գաւից ինքնակէզ
Եւ առագաստիս ճիրաններում սուզուած՝
Անյագ գիշերուայ մարմինը թամբիր
Ու ամբարիր մութը մազերիս…»:

Սիրո խտտանքի հարուստ գույներով է լեցուն «Ծով» խորագրված շարքը: Այն արևելքի պերճ գույն ու հանգով է ստեղծված՝ վայելումի խոնջանքով ու հրճվանքի զգացումով:
«Շուրթերս կը հասուննան համբոյրէդ
Ու հպումներուդ ռիթմերով մէջս պարպուող
Երջանկութիւնդ կը նոյնանայ տենչերուս
Եւ մարմներգութեան զուգանուագով
Կ’ ամբողջանայ հնգատող յոյզերուս տարփանքը»:

Եվ կամ՝

«Ա՜փդ
Խխունջներուն երազը գողնալով
Կը սահի մարմնիս մամռահամ բլուրներուն վրայէն
Ու ականջներուս մէջ կը խշշայ ե՛րգը
Անհաս պռունկներուդ…»:

«Հասունցած հասկի կշռոյթով» իր «առագաստի դաշտերուն փռուած\ անուշաիւղ մերձեցումի ապրումով» հեգում է իր սիրեցյալին՝ անհագուրդ, առատ, բոլորանվեր:

Կամիլա Երկանյան-Քեշիշյանի «Ծաղկած ցավ» բանաստեղծությունների ժողովածուն այլ շերտեր էլ ունի, ընթերցողը նրանում բազում բացահայտումներ ունի անելու: Եվ ուրեմն՝ մնացյալ բացահայտումների հրճվանքը թողնենք ընթերցողին, որ կունենա առիթն առնչվելու Կամիլայի կարոտներին, թաքուն կսկիծներին, նվիրումի անկեղծությանը, նկարչուհու վրձնահարվածների զորությանը և սիրո տողերի ջերմությանը…

Հասմիկ Սարգսյան

Spread the love