Մակրոնին և Փաշինյանին կարող են միավորել նաև անձնական քաղաքական հատկանիշներ

Makron France

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ունեցած հանդիպումների շարքում իր բովանդակությամբ առանձնանում էր նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Իհարկե, դա պայմանավորված է մեր երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններով, ինչպես նաև` այն հանգամանքով, որ հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը բացառիկ կարևորություն է հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին:

Սակայն Մակրոնին և Փաշինյանին կարող են միավորել նաև անձնական քաղաքական հատկանիշներ. այս երկու գործիչները իրենց երկրների քաղաքական համակարգերի արդիականացման խորհրդանիշներ են:

Մակրոնի հաղթանակը Ֆրանսիայի անցած տարվա նախագահական ընտրություններում, առանց չափազանցության, հեղափոխական էֆեկտ ուներ, որովհետև արմատապես փոխեց Հինգերորդ հանրապետության քաղաքական համակարգը, որը կառուցված էր պահպանողականների ու սոցիալիստների մշտական մրցակցության վրա: Հեղափոխական այդ էֆեկտը պետք է կապիտալացվեր կարճ ժամանակ հետո անցկացված խորհրդարանական ընտրություններում: Շատերը թերահավատ էին, բայց Մակրոնը պատվով հանձնեց քաղաքական քննությունը` իր փոքրաթիվ «Առաջ, Ֆրանսիա» կուսակցությանն ընտրությունների արդյունքներով դարձնելով խորհրդարանական մեծամասնություն:

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի արդիականացման քաղաքական շարժումը հիմնված էր հենց Մակրոնի խարիզմայի, հեղինակության վրա և Ֆրանսիայի գործող նախագահը խորհրդարանական ընտրական կամպանիան կազմակերպեց բացառիկ պայմաններում` օնլայն ռեժիմով թեկնածուներ ընտրելով սեփական կուսակցության համար:

Մակրոնը ճիշտ ժամանակին հասկացել էր Ֆրանսիայի հասարակության անհաղթահարելի անվստահությունը հին քաղաքական համակարգի հանդեպ և հմուտ մարտավարությամբ կարողացավ օգտվել այդ իրավիճակից: Նրա շարժումըMarche-ը(քայլ, երթ) հիմնված էր ոչ թե կուսակցական ինստիտուցիոնալ կառույցների, այլ հասարակության ակտիվ աջակցության, ցանցային պայքարի, քաղաքացիական նախաձեռնությունների վրա առանց գաղափարական կլիշեների, շատ դեպքերումքաղաքական օրինաչափություններից դուրս դրսևորումներով: Սա նոր Ֆրանսիան էր Մակրոնի դեմքով:

Գրեթե նույն քաղաքական, գաղափարական այցեքարտն, ինստիտուցիոնալ կառուցվածքն ունի Նիկոլ Փաշինյանի շարժումը. «Իմ քայլի» տրամաբանությունից սկսած, վերջացրածայն սաստիկ հարվածով, որ Փաշինյանի շարժումը հասցրեց հին կոռումպացված համակարգին: Հայկական հեղափոխության հրապարակային միակ հերոսը Նիկոլ Փաշինյանն է, որն առաջիկա ամիսներին պետք է փորձի կրկնել Մակրոնի քաղաքական ֆենոմենը իր փոքրաթիվ, մինչ հեղափոխությանը քչերին հայտնի կուսակցության համար մեծամասնություն ապահովել ապագա խորհրդարանում:

Նիկոլ Փաշինյանի թիմը չունի քաղաքական մրցակիցներ, էլեկտորալ խնդիրներ ու անկասկած կլուծի այդ խնդիրը: Հայաստանում հարցն առաջիկա ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը չէ, ինչը կանխատեսելի ու քաղաքականապես մոտիվացված է, այլ` այդ հաղթանակի որակը, ինչից մեծապես կախված է նոր Հայաստանի բովանդակությունը, քաղաքական համակարգի որակը:

Մինչև հեղափոխությունը ՔՊ-ն ուներ ընդամենը մեկ գրասենյակ, օրերս բացվեց 55-րդըերկու հազար անդամության դիմումներով: Սա բնական գործընթաց է, որը հաջորդում է զանգվածային հրապարակային գործընթացին. ի վերջո կան շարժմանը մասնակից հազարավոր անկեղծ քաղաքացիներ, որոնք այս օրերն անդամակցելով ՔՊ-ին ցանկանում են ֆորմալացնել իրենց մասնակցությունը հեղափոխությանը:

Մյուս կողմիցՔՊ-ն շատ ուշադիր և նրբանկատ պետք է լինի, որպեսզի չդառնա նախորդ իշխող կուսակցությունների ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի նախատիպը: ՀՀՇ-ի քաղաքական ճգնաժամը սկսվել է 1994-95թթ-ից, երբ համազգային շարժման ալիքի վրա ձևավորված կուսակցությունը համագործակցության գնաց նեմենկլատուրայի հետ` ըստ էության, հրաժարվելով ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականությունից և թույլ տալով, որ Հայաստանում ձևավորվի պետական կապիտալիզմի արատավոր մոդելը:

1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ՀՀԿ-ն դարձավ օլիգարխիայի ու կրիմինալի քաղաքական ցուցանակը` ասոցացվելով գողապետության հետ:

Շատ կարևոր է, որպեսզի ՔՊ-ն կարողանա ձերբազատվել զանգվածային կուսակցություն դառնալու գայթակղությունիցիր շարքերը համալրելով արժեքային հստակ կողմնորոշում, տեսլական ունեցող մարդկանցով: Հեղափոխության արժեքների կապիտալացումը ենթադրում է ոչ միայն հաղթանակ խորհրդարանական ընտրություններում, այլ նաև այնպիսի իշխանության ձևավորում, որն ինստիտուցիոնալ բարեփոխումներով բովանդակություն կհաղորդի նոր Հայաստանին հնարավորություն ընձեռելով, որ երկրի ներսում ձևավորվի մրցակցային միջավայր, որտեղ կբախվեն այլընտրանքային մոտեցումներ, տարբեր դիրքորոշումներ ու կարծիքներ:

Քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը խիստ կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ նոր համակարգը զերծ լինի պոպուլիզմից, հեղափոխական անտագոնիզմից և իրապես դառնա նոր Հայաստանի մոդելային մանրակերտը:

Spread the love