Մանուկյանը բավականին թափանցիկ ակնարկում է, որ կա «խորհրդավոր» կրակող

- in Կեղտոտ լվացք
Vazgen Manukyan

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ, բավականին ուշագրավ է և, անկախ Մանուկյանի, նրա քաղաքական գործունեության, դրա ընթացքում տարբեր տրանսֆորմացիաների վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիքից, արժանի է դիտարկման և խորությամբ ուսումնասիրման: Հատկապես կրակոցների մասին դիտարկումով, որում Մանուկյանը բավականին թափանցիկ ակնարկում է, որ կա «խորհրդավոր» կրակող:

Մանուկյանն առաջինը չէ, որ ակնարկում է այդ մասին, բայց այն, որ այժմ նա այդ միտքը հրապարակ է բերում, ինքնին հետաքրքիր է: Երբ այդ միտքը հրապարակ է բերում Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին իշխանության որևէ այլ ներկայացուցիչ, այստեղ շատ հստակ է ինքնապաշտպանության միտումը՝ առնվազն: Բայց ինչո՞ւ է դա անում Վազգեն Մանուկյանը: Նա կարծես թե չունի ինքնապաշտպանության խնդիր, միևնույն ժամանակ, եթե նրա խնդիրը Քոչարյանին կամ հնարավոր մեղադրվող որևէ մեկին պաշտպանելն է, ապա մի՞թե դա վատ են անում կամ վատ կանեն Քոչարյանի փաստաբանները: Առավել ևս, որ հազիվ թե Վազգեն Մանուկյանն ունի այն մեծ հեղինակությունը, որի «պաշտպանական» խոսքը կարող է ազդեցիկ լինել նախկին իշխանության որևէ ներկայացուցչի պաշտպանության համար: Ըստ այդմ՝ հազիվ թե այդ իշխանությունից որևէ մեկը «շատ» խնդրեր Մանուկյանին անել այդ քայլը:

Եվ ուրեմն՝ այստեղ կա այլ մոտիվացիա: Առայժմ պարզ չէ, թե որն է այն: Ընդհանրապես Մանուկյանի մոտիվացիոն հիմքերի շարքում իհարկե կա 1996-ի պատմությունը: Վազգեն Մանուկյանը խոշոր հաշվով այդպես էլ մնաց դրանից «կախված», և, ի դեպ, դա հետագայում նրան բերեց նաև մի շարք քաղաքական վրիպումների՝ սկսած 1998 թվականի նախագահի ընտրությունից, որտեղ Վազգեն Մանուկյանը խոշոր հաշվով ձախողվեց և դուրս մնաց արդիական քաղաքականությունից: Բայց դա այլ հարց է: Եթե Մանուկյանը շարժված լիներ միայն 1996-ի հիշողությամբ, ապա բոլորովին կարիք չկար անդրադառնալու կրակոցների խորհրդավորությանը: Մինչդեռ հայտարարության առանցքում հենց դա է ու պատմության չափումը՝ սկսած 1918 թվականից:

Արդյո՞ք Վազգեն Մանուկյանն ակնարկում է, որ Մարտի 1-ի զենքերը «լիցքավորվել» են Հայաստանի սահմաններից դուրս, և խնդիրը առնչվում է Հայաստանի ինքնիշխանությանը: Բայց այդ դեպքում ի՞նչն է նրան խանգարում ավելի բաց հայտարարել այդ մասին: Կամ՝ ի՞նչն է խանգարում, որ այդ մասին ընդհանրապես բաց հայտարարեն հենց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կամ պոտենցիալ մյուս մեղադրյալները, որոնք անկասկած պետք է լինեն Քոչարյանից բացի, այլապես խոսել գործի բացահայտման մասին՝ կլինի, մեղմ ասած, հարաբերական:

Կհայտարարի՞ նրանցից որևէ մեկը բաց և պատասխանատու կերպով, որ Մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված է եղել երրորդ կողմ, և ո՞րն է այդ կողմը, կամ՝ որ այդ կողմը Ռուսաստանն է: Այս թեման ամենևին նոր չէ: Մարտի 1-ից անմիջապես հետո շոշափվել է Ռուսաստանի մասնակցության, ռուսական ստորաբաժանումների ներգրավման հարցը, մամուլում տարածվել են ռուս «ինստրուկտորների» լուսանկարներ: Այդ ամենը նախկին իշխանության համար «ծածկո՞ց» էր, թե՞ Մարտի 1-ի սպանություններն իրապես «խորհրդավոր» են: Միևնույն ժամանակ այդ ամենը հարց է առաջացնում, թե արդյո՞ք Հայաստանի նոր իշխանության պարագայում Մարտի 1-ի գործը կունենար այդ շրջադարձը, որը նման իրողությունների առկայության պարագայում՝ առայժմ, իհարկե, ենթադրական առկայության, ըստ էության շրջադարձ է Ռուսաստանի դեմ: Կգնա՞ր նոր իշխանությունն այդ քայլին՝ հատկապես, երբ ներկայումս ունի հակառակ խնդիրը՝ հաստատել ՌԴ հետ կայուն հարաբերություն: Թե՞ դա կարող է լինել հենց այդ խնդիրը լուծելու մի հնարավորություն:

Իրավիճակը իսկապես բավականին բազմաշերտ է, և բազմաթիվ են հարցերը, որոնց պատասխանը բնականաբար պետք է տա գործի քննությունը: Բայց հասարակությունն էլ չպետք է սպասի, պետք է պահանջի այդ հարցերի պատասխանը՝ թույլ չտալով քննության որևէ քաղաքականացում կամ, այսպես ասած, քաղաքական կառավարում:

Բանն այն է, որ Մարտի 1-ի գործն այդ իմաստով յուրօրինակ «կոդ» է՝ կա՛մ հանրությանը կառավարելու կոդ, կա՛մ հանրության ամբողջական ազատագրման կոդ: Դա կախված է հասարակության պահվածքից, այն հարցադրումներից, որ կանեն հանրային ակտիվ խմբերը՝ չհայտնվելով այս կամ այն քաղաքական ճամբարի ազդեցության տակ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...