Փոքր և միջին ձեռնարկատիրությունը եղել է նախորդ երկու իշխանությունների թշնամին

- in Կեղտոտ լվացք
Mterqner

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Կառավարության համար սա չափազանց կարևոր ուղղություն է` նաև այն պատճառով, որ փոքր և միջին բիզնեսն ավելի մոբիլ է և այստեղ կառավարության գործունեության պոզիտիվ արդյունքներն ավելի արագ նկատելի կդառնան: Այս ոլորտի հետ առնչվում է գործարարների, ձեռներեցների շատ լայն շրջանակ: Մենք պետք է նաև ապահովենք մշտական հաղորդակցություն, կարողանանք հաղորդակցության հուսալի համակարգ ներդնել և համոզված լինել, որ այն, ինչ անում է կառավարությունը, անում է նաև փոքր և միջին ձեռներեցների մասնակցությունն ապահովելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իրավացիորեն նշել է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը կառավարության համար կարևոր ուղղություն է և պատրաստակամություն է հայտնել աջակցել դրան։ Առաջին հայացքից տնտեսական թվացող այս տեղեկատվությունն իրականում շատ լուրջ քաղաքական երևույթի մասին վկայող տեղեկատվություն է։

Փոքր և միջին ձեռնարկատիրությունը եղել է նախորդ երկու իշխանությունների թշնամին՝ բառի ամենաուղիղ իմաստով և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական դրդապատճառ։ Փոքր ու միջին բիզնեսի կայացումը նշանակում է երկրում միջին խավի ձևավորում ու կայացում, իսկ միջին խավի ներկայացուիչները յուրաքանչոյւր նորմալ պետության ողնաշարն են։ Ցանկացած նորմալ երկրում նորմալ իշխանություններն ամեն ինչ անում են առաջին հերթին միջին խավի շահերը սպասարկելու, նրանց էլեկտորալ ներկայացուցիչը դառնալու համար։ Բայց մենք 20 և ավելի տարիներ ունեցել ենք ոչ նորմալ պետություն՝ մեղմ ասած ոչ նորմալ իշխանություններով, որոնց հենարանը եղել է ոչ թե հասարակության որևէ խավը, այլ քրեական աշխարհն ու օլիգարխիան։ Այդ իշխանությունները պահպանվել և վերարտադրվել են ընտրակաշառքի, վարչական ու քրեական ահաբեկումների միջոցով։ Չլիներ ընտրակաշառքը, չէր կարողանա գոյատևել քոչարյանական ու սարգսյանական իշխանությունը, չէր կարողանա գոյատևել ու առավել ևս՝ վերարտադրվել։ Իսկ ընտրակաշառքը էլեկտորալ գործոն կարող է դառնալ միայն սոցիալապես անապահով բնակչություն ունեցող երկրում։ Որովհետև ապահովված մարդը ոչ թե օրվա հացի խնդիր լուծող մարդն է, այլ առաջին հերթին քաղաքացի է՝ իրավատեր քաղաքացի, բոլոր իրավունքներից ամենակարևորը հենց ընտրական իրավունքը համարող քաղաքացի։

Նման քաղաքացիներ ունեցող երկրում ընտրակաշառքը եթե լիներ ոչ թե 10, այլ անգամ 100 հազար դրամ, չէր կարող որևէ ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա։ Հետևաբար, որքան էլ նախորդ իշխանությունները բարձրագոչ ու պաթետիկ հայտարարություններ էին անում երկրում միջին խավի կայացման անհրաժեշտության մասին, նրանք գործնականում պետք է անեին ամեն ինչ՝ այդ խավի կայացումը թույլ չտալու համար։ Եվ անում էին։ Անում էին՝ հարկային ու վարչական տեռորի ենթարկելով փոքր ու միջին բիզնեսը։ Կոտրում էին միջին խավի ողնաշարը՝ մենաշնորհներ հաստատելով ու օլիգոպոլիկ տնտեսութան մոդելի ներդրմամբ։ Փոքր ու միջին բիզնեսին զարգացման որևէ հնարավորությունից զրկում էին բանկային անբնական ու անբանական բարձր տոկոսադրույքներով։ Այդ ամենի նպատակը մեկն էր՝ որևէ կերպ թույլ չտալ, որ քաղաքացիների կենսապահովման մակարդակը հասնի այնքան բավարար աստիճանի, որ քաղաքացին մտածի ոչ միայն հացի խնդրի, այլ նաև իր իրվունքների՝ իշխանության տեր լինելու սահմանադրական իրավունքի մասին։ Արդյունքում այդ սխեման հստակ գործում էր՝ տարեցտարի մարդկանց կենսապայմանները վատանում էին, իսկ որքան ավելի շատ մարդ էր ապրում վատ պայմաններում, այնքան ավելի էր մեծանում իշխանության էլեկտորալ բազան՝ ընտրակաշռք վերցնողների թիվը։

Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխության փիլիսոփայությունը հավասարների հասարակության կերտումն է։ Այդպիսի հասարակությանն անհրաժեշտ է տնտեսական բազա, որի կրողներն էլ հենց լինելու են փոքր ու միջին ձեռնարկատերերը։

Այդպիսին լինելով՝ նրանք լինելու են նաև իշխանության իրական կրողները, որովհետև լինելու են պահանջատեր իշխանության ցանկացած քայլի հանդեպ, լինելու են պահանջատեր յուրաքանչյուր ընտրությունում իրենց շահերը ներկայացնողների հաղթանակի առումով։ Եվ ամենակարևորը՝ ընտրելու են ոչ թե ընտրակաշառքի, այլ գաղափարի, սկզբունքի, արժեքի, ծրագրի հիման վրա։ Այդ առումով փոքր ու միջին բիզնեսին հատկացված Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը չափազանց կարևոր է։ Ընդ որում, նա այդպիսով լուծում է ինչպես պետության, այնպես էլ իր իշխանության համար կարևորագույն խնդիր։ Պետության համար կենսական անհրաժեշտություն է միջին խավի ձևավորումն ու զարգացումը, իր իշխանության համար՝ այդ խավը ամենամեծ ընտրազանգվածը կարող է դառնալ։

Spread the love