Նախարարն առաջարկել է Ուռուցքաբանության կենտրոնը տալ Լֆիկ Սամոյի կառավարմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․ խոսքն «Աստղիկ» ԲԿ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է։

Ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների հանցավոր գործունեության բացահայտումը։

Թեև Թորոսյանը նախնական պայմանավորվածություն է ունեցել Ալեքսանյանի հետ, սակայն կառավարությունն Ուռուցքաբանության կենտրոնը նրան հանձնելու առաջարկին բացասաբար է վերաբերվել, և հարցը կարծես փակվել է։

Հիշեցնենք, որ դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք է նշված կենտրոնը Համաշխարհային բանկի օգնությամբ կառուցվել, հետագայում այն զինել են ժամանակակից սարքավորումներով, սակայն մինչ օրս չի շահագործվում։ Իշխանությունը մտադիր է այն վստահել բարեխիղճ և պրոֆեսիոնալ շահագործողի։ Այն ծառայելու է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար․ ամեն տարի մեր երկրից հարյուրավոր հիվանդ քաղաքացիներ մեկնում են արտերկիր՝ բուժվելու, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվում է, որ դրսից Հայաստան կժամանեն»։

Spread the love