Ներքին Գետաշենում 14-ամյա աշակերտուհու ծնողները մտել են դասարան ու ծեծել դստերը նեղացրած տղային

cec

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Թելման Ա.-ի գործի դատական քննությունը:

43-ամյա Թելման Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել անչափահաս տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Տուժող տղան 7-րդ դասարանի աշակերտ է, Թելմանի անչափահաս դստեր համադասարանցին:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցի Նվերը (անունը փոխված է) դասամիջոցի ժամանակ ծաղրել ու վիրավորել է համադասարանցի Նունեին (անունը փոխված է): Աղջիկը նեղացել ու անմիջապես տեղեկացրել է մայրիկին, խնդրել է, որ նա դպրոց գա:

Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, երբ 7-րդ դասարանում հայոց լեզվի դասաժամ էր, ուսուցչուհու և 14 աշակերտների ներկայությամբ դասասենյակ են մտել Նունեի հայր Թելմանն ու մայր Մարինեն: Նրանք, ասես չնկատելով ուսուցչուհու ներկայությունը, իրենց դստերը հարցրել են՝ ո՞ր մեկն է Նվերը: Նունեն ցույց է տվել առաջին նստարանին նստած տղային:

Նունեի ծնողները մոտեցել են Նվերին: Առաջինը մայրն է ապտակել ոտքի կանգնած  երեխային:

Այնուհետև հայրը՝ Թելման Ա.-ն, երեխայի հագուստից բռնելով, բարձրացրել է գրատախտակի մոտ, երկու անգամ ձեռքով հարվածել է նրա գլխի ու դեմքի շրջանին՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Առաջադրված մեղադրանքում Թելման Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե դստեր՝ Նունեի համադասարանցի Նվերը հաճախ է նրան նեղացրել, վիրավորական խոսքեր ասել, ինչի վերաբերյալ դուստրը պարբերաբար բողոքել է նրանից:

Դեպքի օրը՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, ժամը 14-ի սահմաններում Նունեն մորը տեղեկացրել է, որ Նվերը նորից նեղացրել է իրեն: Ինքը այդ ժամանակ գտնվել է գյուղամիջում: Կնոջը հանդիպել է դպրոցի բակում, միասին մտել են դպրոց: Մտել են իրենց դստեր դասարան, որպեսզի պարզեն՝ Նվերը ինչո՞ւ է Նունեին նեղացրել: Դասարանում հայոց լեզվի դասաժամ էր, ուսուցչուհին դասարանում էր:

Կինը իրենց դստերը հարցրել է՝ ո՞ր մեկն է Նվերը: Նունեն ցույց է տվել առաջին նստարանին նստած տղային: Սկզբում տղային մոտեցել է կինը, ձեռքի ափով հարվածել է Նվերի այտին: Այնուհետև ինքն է մոտեցել, բռնել է Նվերի հագուստից, բարձրացրել է գրատախտակի մոտ ու երկու անգամ հարվածել է նրա այտին ու գլխին: Հետո ինքն ու կինը Նվերին տարել են տնօրեն Հովհաննիսյանի մոտ: Վերջինս նախատել է… երեխային՝ համադասարանցուն նեղացնելու համար…

Տուժող երեխան՝ Նվերը, ընդունել է, որ համադասարանցի Նունեին նեղացրել է: Եվ հայոց լեզվի դասաժամին դասարան են մտել Նունեի ծնողները, հարցրել են՝ ո՞վ է Նվերը: Ինքը նստած էր առաջին նստարանին, ոտքի է կանգնել: Սկզբում իրեն մոտեցել է Նունեի մայրը, ձեռքով ապտակել է, որից ինքը… ֆիզիկական ցավ չի զգացել…

Այնուհետև մոտեցել է Նունեի հայրը, իր հագուստից բռնելով՝ իրեն բարձրացրել է գրատախտակի մոտ ու ձեռքով հարվածել է իր այտին ու գլխին, որից ինքը ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել: Հետո Նունեի ծնողներն իրեն տարել են տնօրենի մոտ: Տնօրենը… նախատել է իրեն՝ համադասարանցուն նեղացնելու համար…

Դասարանում ուսուցչի ու դասընկերների ներկայությամբ երեխայի վրա ձեռք բարձրացնելուց հետո դեռ ծեծված երեխային տարել էին տնօրենի մոտ, որպեսզի տնօրենն էլ նրան նախատի, չնայած տվյալ դեպքում ուսուցչի ու տնօրենի կողմից երեխա ծեծող ծնողները պիտի սաստվեին, գոնե  նախատինքի պիտի արժանանային… Դպրոցում գտնվող երեխային առաջին հերթին ուսուցիչներն ու տնօրենը պիտի պաշտպանեն բոլոր տեսակի ոտնձգություններից…

Դասարանում ներկա ուսուցիչն ու աշակերտները գործով ստացել են վկայի կարգավիճակ՝ նկարագրել են, թե ինչպես են Նունեի ծնողները մտել դասարան ու հարվածներ հասցրել Նվերին…

Դատարանը Թելման Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտել է տուգանքի՝ 30 հազար դրամի չափով…

Spread the love
  • 19
    Shares