Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել, ԵՄ-ի հետ համագործակցության նոր սկիզբ

Hayastan EM

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Վեհաժողովը:

Վարչապետը մասնակցելու է Վեհաժողովի շրջանակում տեղի ունենալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակից անդամ և ոչ անդամ պետությունների Վեհաժողովին ու ելույթ է ունենալու, հանդիպելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին, նաև հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ: Փաշինյանի այցը բավական հագեցած է, հատկապես աշխատանքային ֆորմատի համեմատ:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս հայտարարել էր, որ ԵՄ ղեկավարները ջերմ են ընդունելու Փաշինյանին: Այլ կերպն, իհարկե, կլիներ տարօրինակ, որովհետև գործնականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի առաջնորդն է, որը վայելում է հանրության լայն աջակցությունը, և ըստ այդմ՝ տարօրինակ կլինի այդ գործընթացի առաջնորդին չընդունել ջերմությամբ: Սակայն տվյալ պարագայում, իհարկե, ջերմություն ասվածն, ըստ երևույթին, պետք է առաջին հերթին ենթադրի ոչ միայն զգայական ինչ-որ մթնոլորտ, այլ առարկայական խոսակցություն:

Հայաստանում նոր իրավիճակ է, և այդ նոր իրավիճակում եվրոպական ուղղությամբ աշխատանքում անելիք և այսպես ասած՝ պարտավորություն պետք է ունենա ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլ նաև ԵՄ ղեկավարությունը:

Այսինքն՝ ոչ միայն նոր իշխանությունը իր եվրոպական քաղաքականությամբ պետք է որակապես տարբերվի նախորդից, այլ ըստ էության՝ նաև Եվրամիության քաղաքականությունը պետք է որակապես տարբերվի նախորդ իշխանության հանդեպ եղած քաղաքականությունից: Այստեղ, իհարկե, շատերն են անմիջապես նկատի առնում Հայաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը: Սակայն խնդիրն, անշուշտ, լոկ Եվրամությունը «բանկոմատի» դերում դիտարկելը չէ:

Հայաստանի համար նոր իրավիճակում իսկապես կարևոր է ֆինանսատնտեսական օգնությունը, հակահեղափոխական սաբոտաժների որոշակի վտանգները չեզոքացնելու համար:

Դրանք կան և դրանք պահանջում են լուծում, ու այստեղ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի հարցում բոլոր շահագրգռված կողմերը պետք է իրենց հնարավորության սահմանում օգնեն այդ խնդիրների լուծմանը: Առավել ևս, որ նոր կառավարությունը գործնականում է դրսևորում կոռուպցիայի դեմ պայքարը, ընդ որում՝ ոչ թե մանր ձկների, այլ այսպես ասած՝ շնաձկների դեմ պայքարի հաստատակամություն ու հետևողականություն: Այն, ինչ տարիներ շարունակ ակնկալել է Արևմուտքը Հայաստանից, և այն, ինչ հիմա, ըստ էության, տեղի է ունենում Հայաստանում, ընդ որում՝ տեղի է ունենում որպես առաջին քայլերից մեկը: Եվ այդ իմաստով, իհարկե, թերևս պետք է չհապաղի նաև Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, ու Բրյուսել Նիկոլ Փաշինյանի առաջին այցը պետք է դառնա ոչ միայն ծանոթություն, այլ ըստ էության, իհարկե, նաև առաջին քայլ:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի շրջանակին, ապա այստեղ իրավիճակն, իհարկե, մի շարք հանգամանքների բերումով ավելի պահպանողական է, և անշուշտ, էական շարժեր ակնկալել պետք չէ, և ինքնին Վեհաժողովին Հայաստանի նոր վարչապետի մասնակցությունը արդեն իսկ բավականին դրական քայլ է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության հեռանկարի տեսանկյունից: Այդ իմաստով, Հայաստանի խնդիրը նվազագույն տեմպը պահելն է, իսկ անուղղակի, սակայն գործնական առումով առավել կարևոր է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության տեմպի ակտիվացումը, ինչը սպասվում է Բրյուսելի Վեհաժողովում, որովհետև Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայության խորացումը անվտանգության կարևոր պատվար է ամբողջ ռեգիոնի համար, բնականաբար, այդ թվում նաև Հայաստանի ու Արցախի:

Spread the love