Նիկոլ Փաշինյանի խոսքում կան բավական թափանցիկ տողատակեր

- in Հրապարակ

Հայաստանում սուպերվարչապետության ինստիտուտը պետք է վերածվի վարչապետականի, բայց դա չի լինի շատ արագ, իսկ լիազորությունների վերաբաշխումն էլ պետք է լինի ոչ թե վարչապետի և նախագահի հարթությունում, այլ վարչապետի և խորհրդարանի:

Այս մասին հուլիսի 20-ին տված մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային խնդրին:

Համենայնդեպս, սուպերվարչապետական համակարգը ներկայումս իրադարձությունների առանցքն է, քանի որ առանց այդ համակարգի թավշյա հեղափոխության երկրորդ, այսինքն՝ արդեն իշխանական փուլի արդյունավետությունը ոչ միայն կլիներ ցածր, այլև կլիներ պարզապես կասկածի տակ:

Միևնույն ժամանակ նաև՝ Նիկոլ Փաշինյանի խոսքում կան բավական թափանցիկ տողատակեր նաև երրորդ՝ հետընտրական փուլի մասով, որ կհաջորդի խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ սուպերվարչապետության չեզոքացումը կամ տրանսֆորմացիան վարչապետության լինելու է քայլ առ քայլ, և նրա խոսքից հստակ է, որ դա չի լինելու խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այդպիսով սուպերվարչապետությունը պահում է որպես խորհրդարանի ընտրության որևէ անակնկալի երաշխիք: Սա ինչ-որ իմաստով նաև տրամաբանական է, քանի որ մեծ հաշվով այդ արտահերթ ընտրությունը անկասկած լինելու է ոչ միայն նոր օրենսդրական խաղի կանոնների, այլ նաև հնի իներցիայի, տարբեր ստվերային մեխանիզմների պահպանվածության ազդեցության տակ, լինելու է յուրօրինակ սահմանագծում, և այստեղ դարձյալ նոր իշխանության հենարանը լինելու է սուպերվարչապետության ինստիտուտը:

Մյուս կողմից՝ ընտրությունից հետո, եթե իրականություն դառնա ամենատարածված սպասումը կամ ամենահավանական դիտվող ելքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում, սուպերվարչապետական համակարգը այլևս կարող է աստիճանաբար վերածվել իշխանության փորձության, գայթակղության, երբ բացարձակ մեծամասնություն ունեցող թիմը այնքան էլ հակված չի լինի լիդերի բացարձակ իշխանությունը թուլացնելու հարցում: Այդպիսով Հայաստանը կհայտնվի մեկ այլ սահմանային իրավիճակում՝ այս դեպքում ոչ թե հնի ու նորի, այլ նորի, այսպես ասած, բովանդակության և բնույթի:

Մյուս կողմից՝ սուպերվարչապետական համակարգը խոշոր հաշվով ինքնին օրինականության դաշտում չի պարունակում որևէ սարսափելի հեռանկար, եթե երկրում պահպանվում է ընտրական արդարության ու ազատության, ընտրական և ընդհանրապես հանրային-պետական օրինականության մեխանիզմը: Այս մասին առիթ ունեցել ենք գրելու թե՛ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, թե՛ դրանից հետո:

Իհարկե, կախված կոնկրետ անձից, որը կրողն է այդ սուպերվարչապետության, և համակարգից՝ այն կարող է ունենալ տարբեր որակներ ու ազդեցության տարբեր աստիճաններ, սակայն մյուս կողմից էլ՝ եթե կա անօրինականության, անձի կամայական կառավարման հակում, տրամադրվածություն և այլն այդ ուղղությամբ, ապա իշխանության բնույթն այնպիսին է, որ այդ դեպքում արդեն մեծ հաշվով էական նշանակություն չի ունենալու՝ սուպերվարչապետակա՞ն է համակարգը, թե՞ ոչ:

Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ սուպերվարչապետական համակարգի ամբողջ, այսպես ասած, էությունը ոչ թե հանրությունից, այլ հենց սեփական իսկ համակարգից, իշխանությունից պաշտպանվելն էր, որը Սերժ Սարգսյանը փորձում էր ապահովել՝ հաշվի առնելով ներքին շահերի բախման ու բաժանարար գծերի այն կոշտությունը կամ սրությունը, որ աստիճանաբար ավելանում էր իշխանության ներսում՝ ընդհուպ նրա վարչապետության դեմ ներիշխանական մի շարք շրջանակների տրամադրվածության պարագայում: Որովհետև հանրությանը ճնշելու հարցում եթե կա այդպիսի անհրաժեշտություն, ինչպես տեսանք հենց թավշյա հեղափոխության օրերին, սուպերվարչապետությունը խոշոր հաշվով դեր չխաղաց, ինչի մասին մենք ևս, ի դեպ, արտահայտվում էինք՝ հակառակ այն կանխատեսումների, թե Սերժ Սարգսյանը կհաղթահարի անցումային շաբաթը, կստանձնի սուպերվարչապետությունն ու ամեն ինչ կգցի տեղը: Չստացվեց:

Spread the love