Նիկոլ Փաշինյանն ամփոփել է այցի արդյունքները

- in Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած երկօրյա աշխատանքային այցի վերջում օդանավակայանում ճեպազրույց է տվել լրագրողներին՝ ամփոփելով այցի արդյունքները:

Փաշինյանը նշել է, որ իր առաջին այցը Բրյուսել ծանոթությունների հաստատման այց է, և այդ առումով այն հասել է իր նպատակին:

Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներում անդրադարձել է արցախյան խնդրի կարգավորմանը՝ նշելով, որ կարգավորման համար համապատասխան մթնոլորտ է պետք, և միջազգային հանրությունը պետք է նպաստի այդ մթնոլորտի ձևավորմանը:

Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական օրակարգ չէ, այլ արժեհամակարգ և բարեփոխումների իրականացման գործում ակնկալում է ստանալ Եվրամիության քաղաքական աջակցությունը: Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հայցվոր չի, և բարեփոխումները տեղի են ունենալու անկախ այդ աջակցությունից: Փաշինյանի խոսքով, Հայաստանը բաց չի թողնելու բարեփոխումներ իրականացնելու այս հնարավորությունը, իսկ ԵՄ-ն կարող է բաց թողնել դրանց աջակցելու հնարավորությունը:

Անդրադառնալով Հայաստանի տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը Եվրամիության ղեկավարության և երկրների արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ողջույնի խոսքերին ու կոմպլիմենտներին, Հայաստանի հանդեպ քաղաքականության առումով փոփոխություն չկա: Փաշինյանն առաջարկեց, որ ավելի լավ է կամ ողջույնների ու կոմպլիմենտների տոնայնությունը իջեցնել, կամ էլ դրան համարժեք քաղաքականություն վարել:

Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն կա, սակայն փաստ չէ, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրված է համագործակցության ընդլայնմամբ:

Փաշինյանը նշել է, որ այցի գլխավոր արդյունքն այն է, որ գործընկերների համար հստակեցվել է Հայաստանի դիրքորոշումը: Հայաստանի վարչապետը նաև դժգոհություն է հայտնել, որ Եվրամիությունը նախկինում անարդյունավետ կերպով միլիոնավոր դոլարներ է ծախսել օրինակ դատաիրավական բարեփոխումների վրա, սակայն հեղափոխությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում այդ առումով ավելի շատ բան է արվել:

Փաշինյանը պատմել է նաև, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կարճ զրույց է եղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Վերջինս մոտեցել է Փաշինյանին, հայտնել, որ հետևել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Պատասխանելով Դոնալդ Թրամփի հետ շփման մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զուգահեռ քայլում էին, ձեռքսեղմում տեղի ունեցավ, ծանոթացան:

Spread the love