Հեղափոխությունը չի ունենալու հակառակորդներ, սակայն բացակայելու է նաև քաղաքական մրցակցությունը

- in Ընտրություններ

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության ղեկավար անդամ Լենա Նազարյանն «Առաջին լրատվական»-ի տաղավարում ասել է, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի վերջին։

Սա տեղեկատվություն է, այսպես ասած, առաջին ձեռքից, ըստ այդմ՝ առաջիկա երկու ամիսների ամենակարևոր ներքաղաքական իրադարձության ելակետ պետք է համարենք հենց այս ժամկետը։

Ակնհայտ է, որ նույնիսկ գերճիգերի պարագայում հնարավոր չէ Ընտրական օրենսգիրքը բարեփոխել մինչև ավագանու արտահերթ ընտրությունները և գործընթացը նախապատրաստվելու է և անցկացվելու է հին օրենսդրությամբ։ Իհարկե, գործող ԸՕ-ի ամենավիճահարույց դրույթը, որը վերաբերում է, այսպես կոչված, ռեյտինգային համակարգին, չի տարածվում  Երևանի ավագանու ընտրությունների վրա․ դրանք անցկացվելու են 100%-ոց համամասնական ընտրակարգով, կամ՝ այսպես կոչված, փակ ցուցակներով։

Այնուամենայնիվ, Երևանի ընտրությունների գլխավոր առաքելությունն այն է, որ պետք է փորձարկվի նաև ընտրությունների բաց ու թափանցիկ լինելու մոդելը: Մոդել, որտեղ չեն գործում թաղային հեղինակություններ, ընտրակաշառք: Եթե օրինական ընտրությունների փորձարկումը հաջողությամբ պսակվի, սա կլինի հետհեղափոխական Հայաստանի ամենակարևոր քաղաքական իրադարձությունը՝ գրեթե համարժեք վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը։

Մյուս կողմից՝ օրինակելի ընտրությունների անցկացումը ցույց կտա, որ դրանք հնարավոր են նույնիսկ անկատար օրենսդրության պարագայում, եթե առկա է իշխանությունների քաղաքական կամքը, ցանկությունը։ Սա շատ կարևոր ազդակ կլինի, որպեսզի կուսակցություններն արագ կոնսենսուսի գան ԸՕ բարեփոխումների հարցում, որովհետև հիմա նկատվում է ակնհայտ միտում, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն տեխնիկապես դժվար իրագործելի առաջարկութոյւններով փորձում են ժամանակ ձգձգել, այլ խոսքով՝ հնարավորինս հետաձգել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն, ըստ էության, լինելու են խորհրդարանական ընտրությունների քաղաքական մանրակերտը։ Այս հարթության վրա հուսադրող է այն հանգամանքը, որ հակահեղափոխությունը ռևանշի նույնիսկ տեսական հնարավորություն չունի։ ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, առհասրակ չի մասնակցի մունիցիպալ ընտրություններին․ նախկին իշխող կուսակցությունը բարոյապես այնքան մաշված է, որ քաղաքական, մարդկային ռեսուրսները կարող է կոնսոլիդացնել ընդամենը մեկ մասշտաբային ընտրության համար, բնականաբար՝ այս պարագայում, առաջնությունը տրվելու է խորհրդարանական ընտրություններին։

Հեղափոխությունը չի ունենալու հակառակորդներ, սակայն բացակայելու է նաև քաղաքական մրցակցությունը․ դեմոկրատական այլընտրանքի դերին չի ձգում որևէ կուսակցություն։ ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ զուտ կազմակերպչորեն կարող է այլընտրանք դառնալ գործող իշխանությանը։ Սակայն խոսքը՝ ոչ թե ինստիտուցիոնալ այլընտրանքի, այլ ընդամենը՝ պայքարելու կազմակերպչական կարողության, պոտենցիալի մասին է։ Իր էությամբ՝ ԲՀԿ-ն նույնքան, գուցե ավելի օլիգարխիկ կառույց է՝ որքան ՀՀԿ-ն ու պարզապես անկարելի է պատկերացնել, որ նա քաղաքային ընտրություններում կարող է դառնալ այլընտրանքային տեսակետների կրող, մանավանդ՝ հետհեղափոխական առաջին մասշտաբային ընտրություններում երևանցիները քվե են տալու ոչ թե, այսպես կոչված, հանրային կառավարման մենեջերի, այլ՝ իրենց վերաբերմունքն են արտահայտելու հեղափոխության հանդեպ։ Արդյունքները կանխատեսելի են, որովհետև քաղաքական զանգվածային շարժման տասնյակ հազարավոր մարդիկ իրենց քվեարկությամբ, ըստ էության, վավերացնելու են սեփական մասնակցությունը հեղափոխությանը։

Մյուս կողմից՝ բացարձակապես չարժե գերագնահատել ԲՀԿ-ի հնարավորությունները։ Այս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ժողովրդականությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի ստվերում, բացի այդ՝ ԲՀԿ քաղաքական հաջողությանը ֆենոմենը եղել է նախորդ համակարգը՝ հիմնված, այսպես կոչված, «տաս հազար դրամների» կոնսենսուսի վրա։ Նոր իրավիճակում առայժմ տեսանելի չէ ԲՀԿ-ի կողմից առաջ քաշված որևէ իդեա, գաղափար, որն ավելին արժե, քան՝ տաս հազար դրամն, որն օբյեկտիվորեն քաղաքացին չի կարող առջիկա ընտրությունններում ստանալ այս կուսակցությունից։

Ամենաինտրիգայինը մնում է Նիկոլ Փաշինյանի թիմի մասնակցության ձևաչափը։ Ո՞րն է այդ թիմը՝ «Քաղաքացիական պայմանագի՞րը», թե՞ «Ելք» դաշինքը, ընդ որում՝ երկուսն էլ չունեն ավտոնով էլեկտորալ ռեսուրսներ և ապավինում են բացառապես գործող վարչապետի բարձր վարկանիշին։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ ՔՊ-ն միայնակ պետք է մասնակցի ընտրություններին ու դրանցում համոզիչ հաղթանակով կապիտալիզացնի իր նախաձեռնած հեղափոխության արժեքները։ Եթե նույնիսկ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանն որոշի վերադառնալ դաշինքային ձևաչափին, քաղաքային գործընթացին ինքնուրույն մասնակցությունը, ավելի շուտ՝ ՔՊ-ի կանխատեսելի հաղթանակն ընտրություններում, կդառնա այն ազդակը, որը թույլ կտա հաղթահարել «Ելքում» այսօր առկա ճգնաժամը, որը թույլ չի տալիս հստակություն մտցնել դաշինքի հեռանկարի հարցում։ ՔՊ-ի հաղթանակը քաղաքային ընտրություններում վերջակետ կդնի դաշինքային կաբինետային քննարկումներին․ «Հանրապետութունն» ու «Լուսավոր Հայաստանը» ԱԺ ընտրություններին ընդառաջ կամ կհամաձայնեն ՔՊ-ի առաջարկած քվոտաներին, կամ էլ՝ ընտրություններին կմասնակցեն առանձին ցուցակով կամ ցուցակներուվ՝ շատ մշուշոտ հեռանկարով։

Spread the love