Պետի տեղակալ Բունիաթին «մաքրում են», Զադոյանին՝ փո՞ւռը տան…

- in Իրավունք
dat

Դատախազությունը որոշ աղմկահարույց գործերով չարդարացված դիմադրություն է ցույց տալիս սիրո և համերաշխության հեղափոխությանը: Որոշ իրավապահների նախկին գործարքները կարծես ստիպում են դատախազությանը՝ կալանքն օգտագործել որպես պատժի միջոց… «հատուկ» պատվերով:

Այնքան հատուկ, որ Զադոյանների ընտանիքը չի կարողանում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, դատախազության ճիրաններից ազատվել արդեն 9 տարի: Այնքան հատուկ, որ Զադոյաններին չեն փրկում՝ ոչ անշարժ և շարժական գույքերի արգելանքի տակ գտնվելը, ոչ խափանման միջոցը փոխելու գրավի գումարները և ոչ էլ ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությունները…

Երբ դատարաններն արդարացնում են Զադոյաններից մեկին, իրենց իրավապահ համարողները բռնում են ընտանիքից երկրորդ Զադոյանին…

Հուլիսի 13-ին, Երևան քաղաքի դատարանում՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց «քննիչների կաշառքի» գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ քաղաքացի Բաբկեն Գասպարյանը, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ, փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ՝ միջոցով, 3000 դոլար կաշառք է տվել քննիչ Միքայել Զադոյանին՝ իր որդու Սոս Գասպարյանին առաջադրված մեղադրանքը թեթևացնելու՝ քր. օր-ի 112-րդ հոդվածը 116-ով վերաորակելու նպատակով:

Այն թեև չի արվել, սակայն ԱԱԾ-ի սցենարով, ՀՔԾ-ի ու դատախազության կատարմամբ վերոնշյալ 4 անձինք հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Նրանցից երեքը ստորագրությամբ ազատ են արձակվել, և միայն Միքայել Զադոյանն է կալանքի տակ:

Հուլիսի 13-ի դատական նիստում Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Նշեց, որ չնայած Բունիաթ Եղիազարյանի և մյուսների գործում նույն ապացույցներն են, իսկ Զադոյանի դեպքում՝ նույն մեղադրանքը, սակայն Բունիաթի գործն առանձնացված է, նա ազատության մեջ է, թեև՝ դատաքննության վրա ներազդելու ավելի մեծ հնարավորություն ունի, քան Զադոյանը: Որտե՞ղ է տրամաբանությունը՝ հռետորական հարց հնչեցրեց պաշտպանը:

Բացի այդ, մեղադրող կողմն ինչու՞ ամբաստանյալ Բունիաթին չի ընդգրկել դատակոչի ցուցակում. դա արվել է պաշտպանի միջնորդությամբ:

Ինչ վերաբերում է մեղադրող Արա Մնացականյանի ավանդական պնդմանը, թե Զադոյանը կալանքից ազատվելով կարող է ազդել մյուս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի վրա, ով դեռ ցուցմունք չի տվել դատարանում, պաշտպանը նշեց, որ նա ներազդվողը չէ, քանի որ արդեն լավ թրծվել է ԱԱԾ-ում, նախկինում էլ արդեն բազմաթիվ անգամ ցուցմունքներ տվել:

Ամիրխանյանն ասաց, որ իր պաշտպանյալը կալանքից ազատվելու դեպքում պատշաճ վարքագիծ կդրսևորի, չի խոչընդոտի դատաքննությանը, և կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա:

Բացի այդ, նաև նրա խնամքին են մանկահասակ երկու երեխաները և հաշմանդամ ծնողները:

Պաշտպանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդության հետ միասին ներկայացրեց նաև ԱԺ երեք պատգամավորներ, ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի, Արսեն Միխայլովի և ՀՅԴ խմբակցությունից Սուրեն Մանուկյանի անձնական երաշխավորագրերը՝ 500,000-ական դրամ գրավի /ընդհանուր՝ 1,5 միլիոն/ փաստաթղթերով:

Մեսրոպ Մակյանը դրանք վերցրեց, լսեց պաշտպանական կողմի կարծիքը՝ միջնորդությանը միանալու, առարկություն չունենալու մասին, իսկ դատախազի կարծիքը թողնելով որպես հետո լսելու պահուստային տարբերակ՝ գնաց խորհրդակցական սենյակ:

Վերադարձավ ու պաշտպանական կողմի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գումարները սխալ հաշվեհամարների են փոխանցվել. նախկին դատախազ Սիմոն Ամիրխանյանն այն սկզբում բանկով փոխանցել է դատախազության հաշվեհամարին, իսկ հետո, երբ Միքայելի հայրը՝ Արթուր Զադոյանը նկատել է, փոփոխություն են արել. գումարը վերափոխանցվել է այլ հաշվեհամարի, որը, ինչպես հետո պարզվեց, պետբյուջեի հաշվեհամարն է, և ոչ թե դատարանի դեպոզիտային հաշվինը: Միաժամանակ դատավորը տեղեկացրեց, որ այնտեղից սովորաբար դժվար է լինում գումարը հետ վերադարձնել, եթե ոչ անհնարին:

Սակայն պաշտպանները պատրաստակամություն հայտնեցին ուղղել վրիպակը և գրավի գումարները փոխանցել դատարանի դեպոզիտային հաշվին /ինչն արեցին անմիջապես/: Դա լսելուց հետո դատարանը նիստի դահլիճ հրավիրեց երեք պատգավորներին, բացատրեց երաշխավորի՝ նրանց իրավունքները, պարտականությունները, խախտման դեպքում՝պատասխանատվությունը, հավաստիացավ, որ նրանք պնդում են անձնական երաշխավորությունը, վերցրեց ստորագրությունները: Բայց մեղադրող Արա Մնացականյանի նույնաբովանդակ առարկությունը լսելուց հետո, թե՝ Բաբկենին ու մյուս ամբաստանյալներին դեռ չեն լսել, Զադոյանն էլ կարող է ներազդել նրա վրա, թաքնվել , դատարանը մերժեց միջնորդությունը:

Մ. Զադոյանի մյուս պաշտպան Հրանտ Անանյանը նկատեց, որ կալանքը պատժի տարրեր է պարունակում…

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 20-ին, որից հետո հավանաբար մինչև սեպտեմբեր հնարավոր չի լինի դատական նիստ անել, քանի որ դատավարության մասնակիցների մի մասն էլ դեռ պետք է արձակուրդ գնա՝ հանգստանալու, իսկ Զադոյանը, ի տարբերություն մյուս ամբաստանյալների, պետք է սպասի շոգ խցում՝ ընտանիքից կտրված:

Դատախազությունը դիմադրում է հեղափոխությանը. որտե՞ղ է աղբյուրը

Եվ, իրոք, ի՞նչ է սա, եթե ոչ ֆիզիկական, հոգեբանական, նյութական խոշտանգում, որից այդպես էլ չի կարողանում ձերբազատվել նախկին գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչի հավատարիմ կադր, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ղեկավարած կառույցով…

Հատկապես այն քրեական գործերով, որոնք ծնվել են Գառնիկիչի օրոք, և «ժառանգաբար» փոխանցվել իրավահաջորդ կամ ձևականորեն անկախ ենթականերին՝ ինչպես Զադոյանների դեպքում՝ 2009-ից մինչ օրս:

Հիշեցնենք, որ 2009թ.-ին, Արարատի մարզի սկանդալիստ, ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանը կրակել էր Արթուր Զադոյանին՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելով նրան, իսկ հետո դարձել տուժող: Բարեբախտաբար դատարանները գտնվեցին իրենց բարձրության վրա և գոնե արդարացրին, ճանաչեցին Արթուր Զադոյանի անմեղությունը: Սակայն Կարոյին անպատիժ թողնելը դարձավ գլխացավանք՝ իրավապահների ու դատարանների համար, հալածանքի մշտաբուխ աղբյուր՝ Կարոյի հետ խնդիր ունեցողների համար, և դիմադրության աղբյուր՝ թավշյա հեղափոխության համար:

Ի դեպ, երբ Աղվան Հովսեփյանը լքում էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, մի ցնցող խորհուրդ տվեց իր ենթականերին. ասաց՝ եթե չեք կարողանում ինքնուրույն որոշում կայացնել, շարժվեք օրենքով:

Այս անկեղծ արտահայտությամբ նա իրականում խոստովանեց իր պաշտոնավարման տասնյակ տարիների գործելաոճը. քրեական գործերը «բացահայտելիս» առաջնայինն իր անձնական որոշումներն են եղել, հետո՝ օրենքը: Եվ այդ որոշումների հետևանքով առնվազն 20 տարի հանցագործություններ են «ցանվել», որոնցից ծլած տարբեր տրամաչափի «մոլախոտեր» աքցանել են արդարադատությունը:

Աղվան Գառնիկիչը գնաց, սակայն «ցանածի» պտուղներն այսօր նրա նախկին ենթակաները հրամցնում են մեկը մյուսին… Կարծես Բունիաթ Եղիազարյանին ներքաշելով այս պատմության մեջ՝ փորձում են ամեն գնով փուռը տալ նրա ենթակա Մ. Զադոյանին…միայն թե Զադոյաններին պատժելու խոստում տված Յուվեցին գոհ մնա:

Հավանաբար, դրանով է պայմանավորված է խտրական վերաբերմունքը Մ. Զադոյանի նկատմամբ և Բունիաթի մասով գործի առանձնացումը վարույթից:

Ընդհանրապես, իրավապահների մոտ գործը առանձնացնելու չգրված օրենք կա. եթե անձը, ում գիտությամբ, օժանդակությամբ կամ միջոցով որևէ երրորդ անձի կամ անձանց դեմ իրավապահներին ձեռնտու «կոմպրոմատներ» են ձեռք բերվում, նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք է լինում:

Նրա գործն առանձնացնում են, ձևականորեն դատում, որ գործով անցնող մյուս ամբաստանյալները չհասկանան տվյալ անձի իրական դերակատարությունը «սարքած» գործին, և նախաքննական մարմինը կարողանա հեշտությամբ կազմակերպել նրա ազատման, «մաքրման» գործընթացը՝ որպես շնորհակալություն:

Երկրորդ. առանձին քննելու դեպքում, «քավության նոխազ» ամբաստանյալները հնարավորություն չեն ունենում լիարժեքորեն հետևել «օժանդակողի» գործով ձեռք բերված ապացույցներին, որոնք կարող են բարենպաստ, արդարացնող նշանակություն ունենալ նաև իրենց համար:

Հիշեցնենք, որ Բունիաթն ու Բաբկենն ի սկզբանե ստորագրությամբ ազատ արձակվածի կարգավիճակում են եղել, փաստաբան Գայանե Գալոյանը մի քանի ամիս է մնացել կալանքի տակ, իսկ Զադոյանի կալանքը չեն փոխում ոչ մի պայմանով…

Նրան փուռը տալու և դրա համար ապացույցանման հիմքեր ստեղծելու հույսը Բունիաթի և Բաբկենի երկրորդ գործողությունն է՝ դատաքննական ցուցմունքի տեսքով:

Եթե դա էլ հաջողացրին, ուրեմն հետագայում ցանկացած պաշտոնյայի գլխին պրովոկացիոն մեթոդներով կաշառքի գործ սարքելու նախադեպ կարող է ստեղծվել… եթե մինչ այդ նոր որակի ԱԱԾ-ն օրենքի դաշտ չբերի այդ «մասնավոր պատվեր» տվողներին ու կատարողներին:

Spread the love