Ռուբեն Հայրապետյանի ժամանակը անցել է

ruben hayrapetyan

Երեկ Ֆեյսբուքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին, որոնցից մեկը վերաբերվել է ֆուտբոլին:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անկախ հասարակական կազմակերպություն է, բայց տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են, և ես հուսով եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում հենց այս տրամաբանությամբ կգործի: Որքանով տեղյակ եմ՝ առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենան: Հույս ունեմ, որ այդ ընտրությունները տրամաբանական լուծումների կհանգեցնեն», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տրամաբանական փոփոխությունը տվյալ դեպքում Ռուբեն Հայրապետյանի հեռանալն է Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնից: Տեւական ժամանակ դա են պահանջում ֆուտբոլասերները, իր հերթին՝ անառողջ հարաբերություններ են ձեւավորվել Ֆեդերացիայի նախագահի ու ակումբների միջեւ:

Ինքը Ռուբեն Հայրապետյանը ժամանակին հայտարարեց հեռանալու մասին, եթե հավաքականը տապալի ընտրական շրջափուլը: Հավաքականը տապալվեց, սակայն նա չհեռացավ, ասելով, թե դեռ անելիք ունի եւ պետք է պայքարի ազգային առաջնությունում մտած տոտալիզատորի եւ այլ երեւույթների դեմ:

Ռուսաստանում տեղի ունեցած առաջնությունը ցույց տվեց, որ ներկայում համաշխարհային ֆուտբոլում «հավասարություն» է, կրճատվում է թիմերի խաղամակարդակների տարբերությունը: Դա բազմաթիվ պատճառներ ունի, որոնցից մեկն էլ ազգային մակարդակում ֆուտբոլի ոլորտում արդյունավետ քաղաքականությունն է:

Հայաստանը դուրս է մնում այս միտումներից թե ազգային առաջնության, թե լեգեոներների մակարդակում: Շտապ քայլեր են անհրաժեշտ հայկական ֆուտբոլն այս վիճակից հանելու համար, եւ այստեղ միայն փողի խնդիրը չէ:

Ռուբեն Հայրապետյանի ժամանակը անցել է թե Հայաստանում նախկին վարչակարգի հեռացմամբ, որի կցորդն էր ֆուտբոլը, թե ֆուտբոլի համաշխարհային կառույցներում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում:

Spread the love