«Սադրանքը» ունի խորը արմատներ՝ քննության և բացահայտումների մեխանիզմի անորոշություն

- in Վերլուծական
Rus zinvor

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ անդրադառնալով Փանիկ գյուղում ռուսական ռազմակայանի զինվորների մասնակցությամբ հայտնի աղմկոտ միջադեպին՝ ասել է, որ դա սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերության և Հայաստանի ինքնիշխանության դեմ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն:

Փաշինյանի հայտարարությունն ու արձագանքը շատ կարևոր են առաջին հերթին այն առումով, որ խնդրին Հայաստանն անդրադառնում է առաջին դեմքի մակարդակով, ու նաև տրվում է բավականին հստակ, ոչ լղոզված գնահատական: Դրանով Երևանը առնվազն ցույց է տալիս, որ մտադիր չէ ռազմակայանի հետ կապված այդօրինակ խնդիրները մատնել անուշադրության կամ, այսպես ասած, քողարկել տարբեր մակարդակներում:

Փաշինյանի անդրադարձում կարևոր է նաև հանգամանքը, որ շեշտվում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությանը հարվածելու բաղադրիչը, այլ նաև Հայաստանի ինքնիշխանության հարցը: Այդպիսով, խնդիրը դրվում կամ դիտարկվում է ամբողջականության մեջ՝ միաժամանակ բավականին թափանցիկ տողատակով արձանագրելով, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ որևէ սադրանք կամ հարված հարված է հայ-ռուսական հարաբերությանը:

Այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանը տեղի ունեցածը դիտարկում է քաղաքական ավելի լայն համատեքստում՝ ինչ-որ առումով այն առիթ դարձնելով հայ-ռուսական հարաբերության խնդրին ավելի լայն անդրադարձի համար, որտեղ, իհարկե, առանցքային նշանակություն ունի ռուսական ռազմակայանը՝ որպես գործոն և որպես գործիք, որը մի կողմից՝ կարող է ունենալ առանցքային կառուցողական նշանակություն թե՛ հայ-ռուսական հարաբերության, թե՛ ռեգիոնի համար աշխարհաքաղաքական ավելի խորքային համատեքստում, և միաժամանակ կարող է դառնալ ապակառուցողական, սադրանքի աղբյուր թե՛ Հայաստանի ու Ռուսաստանի, թե՛ ռեգիոնի անվտանգության ու կայունության դեմ ընդհանրապես:

Նիկոլ Փաշինյանն այդ առումով հայտարարության տակ դնում է կարևոր տողատակ, ինչը մենք դիտարկել ենք դեռևս Փանիկի միջադեպից անմիջապես հետո, երբ Երևանից դեռևս չէին հնչել քաղաքական բարձր մակարդակի արձագանքներ:

Միևնույն ժամանակ՝ այդ իմաստով իհարկե առկա է նաև այլ ուշագրավ հանգամանք, որը արտացոլվում է Փաշինյանի ուղիղ խոսքում: Դա տեղի ունեցածի քննության իրավական ֆորմատի հարցն է, որը, ըստ նրա, ունի խնդիրներ և անորոշություն: Սա ևս առանցքային քաղաքական տողատակ պարունակող հարց է, որ շոշափում է վարչապետ Փաշինյանը:

Այսինքն՝ «սադրանքը», խորքային առումով, ունի բավականին խորը արմատներ՝ ընդհուպ քննության և բացահայտումների մեխանիզմի անորոշություն: Դա գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված խնդիր է՝ պարզ չէ, սակայն փաստացի ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը, լինելով թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական անվտանգության կարևորագույն, առանցքային գործոն, փաստորեն «կանգնած» է իրավապայմանագրային ոչ ամբողջականորեն որոշակի հենքի վրա, ինչը ինքնին արդեն իսկ պարարտ հող է տարաբնույթ «սադրանքների» համար: Այլ կերպ ասած՝ ներկայիս իրավիճակում կարող ենք գործ ունենալ, այսպես ասած, խորությամբ պլանավորված գլոբալ սադրանքի հետ՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեսքով, որը փաստացի կարող է դիտվել «սադրանքահեն» ռազմակայան:

Հետևաբար խնդիրը ռազմակայանի գոյությունը խորքից, այսպես ասած՝ հիմքից «սադրանքազերծելն» է: Հարցը պետք է լուծման ենթարկվի խորքից՝ հետագա «սադրանքների» հնարավորությունը, առավել ևս՝ անպատիժ հնարավորությունը գրեթե զրոյացնելու համար: