Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Արմեն Սարգսյանը հույս ուներ իր սահմանադրական լիազորությունների բացը լրացնել

Օրինակ, դուք գիտեք՝ ո՞վ է Գերմանիայի նախագահը։ Պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, ուրեմն դա այդ պետության վերջն է։ Հայաստանի Հանրապետությունում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար, ինչպես Գերմանիան չի կարող ունենալ երկու ղեկավար։ Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, և հետևաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը և ղեկավարումը դրված է կառավարության և վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի և նախագահի միջև։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդրի, գործադրի և դատական իշխանությունների միջև․ երեկվա ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը միանգամայն ճիշտ է ներկայացնում այն ինստիտուցիոնալ խճանկարը, որը բնորոշ է խորհրդարանական երկրներին։

Իհարկե, Հայաստանում Փաշինյանի ասածը կարող է ընլալվել, այսպես կոչված, ինտրիգային հարթության վրա, եթե հիշենք, որ հեղափոխությունից մի քանի օր հետո հենց նախագահ Արմեն Սարգսյանն էր խոսել բալանսավորման անհրաժեշտության մասին՝ ակնհայտորեն դժգոհելով իր լիազորություններից։ Այս տեսանկյունից՝ կարող ենք համարել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ կոտրուկ մերժեց Արմեն Սարգսյանին՝ վերջինիս, ըստ էության, կանգնեցնելով երկընտրանքի մասին։

Սակայն նույնիսկ ներհայաստանյան իրողությունների համատեքստում վարչապետի երեկվա հայտարարությունը միանգամայն համարժեք է, որովհետև, տվյալ դեպքում, խնդիրն ոչ այնքան սահմանադրության, որքան՝ հենց Արմեն Սարգսյանի մեջ է, որը երկրում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններից հետո կորցրել է իր քաղաքական-ֆունկցիոնալ դերակատարությունը։

Երբ հունվար ամսին Արմեն Սարգսյանը համաձայնում էր դառնալ Հայաստանի նախագահի թեկնածու, նա, անշուշտ, տեղյակ էր, որ տիրապետելու է միայն արաողակարգային լիազորությունների, սակայն այն ժամանակ միանգամայն այլ էր իրավիճակը, ու Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը վերադառնում էր մի Հայաստան, որտեղ համակարգը բացարձակապես զուրկ էր լեգիտիմությունից և նա կարող էր դրանում մեծ կշիռ ձեռք բերել իր միրազգային կապերի ու հեղինակության հաշվին։ Իհարկե, այս սպասումը գերագնահատված էր նույնիսկ այն ժամանակ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն, այսպես կոչված, արտահամակարգային գործիչներին օգտագործում էր դեկորատիվ նպատակներով։ Օրինակ, նախկին վարչապետ Կարեն Կարեպատյանի «նոր ոգին» ընդամենը քողածածկույթ էր, որի հետևում 2017-ի խորհրդարանական ընտրություններում անկաշկանդ գործում էր քրեաօլիգարխիան՝ «տոկոս խփող» իր համակարգով։

Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Արմեն Սարգսյանը հույս ուներ իր սահմանադրական լիազորությունների բացը լրացնել, այսպես կոչված, խոսքի իշխանությամբ, ինչը ենթադրում էր հրապարակային դիրքորոշումներով, հասարակության միջոցով ազդել իրական իշխանության քաղաքականության, գործունեության վրա։ Սակայն այդպես էլ չկարողացանք տեսնել, թե ինչպես է Արմեն Սարգսյանն իր խոսքի իշխանությունը դարձնում պրակտիկ քաղաքականություն․ դեռ նոր էր նա ստանձնել նախագահի պաշտոնը, երբ Հայաստանում ծավալվեցին բուռն ներքաղաքական իրադադարձություններ, որոնք, ի վերջո, ավարտվեցին հեղափոխությամբ։

Քաղաքական, ինստիտուցիոնալ նոր պայմաններում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի Երրորդ հանրապետության համար աննախադեպ լեգիիմություն ու բարձր վարկանիշ, Արմեն Սարգսյանի խոսքի իշխանությունը կորցրել է իր ակտուալությունը՝ բովանդակության, պրակտիկ քաղաքականութան տեսանկյունից․ հասարակությունը դեռ երկար ժամանակ սպասելու է ընդամենը մեկ մարդու խոսքի, սակայն այդ պաշտոնյան ոչ թե Արմեն Սարգսյանն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։

Ստեղծված իրավիճակում Արմեն Սարգսյանն, ըստ էության, զրկված է պրակտիկ ֆունկցիաներից, մանավանդ, որ հեղափոխության թիմը, կարծես թե, նրա անհրաժեշտությունն առանձնապես չի զգում։ Հայաստանի գործող նախագահը մեծ ընտրության հնարավորություն չունի և որոշում պետք է կայացնի մի քանի սցենարների միջև։

Նա կարող է բավարարվել, այսպես կոչված, խորհրդատուի դերով՝ փորձելով իր միջազգային կապերով օգտակար լինել նոր կառավարությանը՝ արտաքին քաղաքականության և ներդրումների ապահովման գործընթացում ստանձնելով որոշակի դերակատարություն, ինչը նրան հնարավորություն կտա որոշակի կշիռ ունենալ իշխանության մեջ։ Սակայն այդ նոր առաքելությունը պայմանավորված է ոչ միայն Արմեն Սարգսյանի, այլ նաև՝ Նիկոլ Փաշինյանի թիմի ցանկությամբ․ հեղափոխությամբ իշխանության եկած ուժերն, որպես կանոն, իրենցից դուրս չեն ընդունում որևէ հեղինակության։

Իհարկե, գործող նախագահը կարող է բավարարվել «անգլիական թագուհու» կարգավիճակով, դադար վերցնել ու առանց շտապելու սպասել՝ մինչև կանցնի հեղափոխական էյֆորիան, ինչը գուցե նոր հեռանկարնեևր բացի նրա համար։ Օրինակ, գործող վարչապետի ու նրա թիմի վարկանիշային գրեթե անխուսափոլի անկումը կարող է մեծացնել Արեն Սարգսյանի քաղաքական պահանջարկվածությունը։

Տեսականորեն Արմեն Սարգսյանը կարող է հրաժարվել իր այսօրվա արարողակարգային պաշտոնից և ազատ քաղաքացու կարգավիճակով զբաղվել իրական քաղաքականությամբ՝ ձևավորելով սեփական քաղաքական թիմը, մանավանդ՝ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում, ըստ էության վակուում է, իսկ Սարգսյանն ունի ինքնադրսևորման բոլոր նախադրյալները։ Սակայն Սարգսյանի պարագայում սա միայն տեսական տարբերակ է, որովհետև նրա կենսագրությունը հուշում է, որ գործ ունենք կերպարի հետ, որը գերադասում է ադապտացվել իրականությանն՝ այն փոխելու փոխարեն։

Spread the love