Վանաձորի «Հացատուն Ղշլաղ» խորտկարանը 2-4 հազար դրամով տրամադրվել է մարմնավաճառուհիներին՝ սեքսուալ ծառայությունների համար

- in Իրավունք
axjik

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Լաուրա Մ.-ի գործի դատական քննությունը:

59-ամյա Լաուրային մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ամռան ընթացքում և 2018 թվականի մարտի 28-ին Լաուրա Մ.-ն Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Հացատուն Ղշլաղ» հանրային հաստատությունն օգտագործել ու  2 և ավելի անձանց պարբերաբար տրամադրել է՝ պոռնկությամբ զբաղվելու համար. հաստատության տղամարդ հաճախորդների համար նա պարբերաբար հրավիրել է մարմնավաճառուհիներ Անուշին, Հայկուհուն և այլոց:

Ըստ մեղադրանքի՝ Լաուրան զույգերին տվել է պահպանակներ և յուրաքանչյուր անգամ յուրաքանչյուր մարմնավաճառուհուց որպես գույքային օգուտ ստացել է 2- 4 հազար դրամ: Այսպիսով, ըստ մեղադրանքի, իր գործողություններով Լաուրա Մ.-ն նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Լաուրա Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանը Լաուրա Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտել է 3 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու: Լաուրա Մ.-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվի, դատարանը սահմանել է  2 տարի փորձաշրջան:

Spread the love