Վարդաբլուրի համայնքապետը կեղծ փաստաթղթեր կազմելով` յուրացրել է շուրջ 4,5 մլն դրամ

- in Իրավունք
Merdzavan gyux

Հուլիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարչության քրեական հտախույզները, համագործակցելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի աշխատակիցների հետ, պարզել են, որ 2014-2017 թթ. ընթացքում համայնքապետարանը կեղծ պայմանագրեր է կնքել գյուղի մի քանի բնակիչների հետ՝ նրանց պատկանող մեքենաները համայնքային նպատակներով շահագործելու վերաբերյալ։

Սակայն մեքենաները չեն շահագործվել, իսկ պայմանագրով նախատեսված գումարները Գալստյանը յուրացրել է։

Պարզվել է նաև, որ տարբեր տարիներին Գալստյանը տեղակալ է հրամանագրել երկու հոգու, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ աշխատավարձերը համայնքապետը յուրացրել է։

Միաժամանակ պարզվել է, որ Արտավազդ Գալստյանը տարբեր ժամանակներում գյուղացիների անվամբ ձևակերպել է դրամական օգնություններ, որոնք շահառուներին չեն վճարվել. կեղծելով նրանց ստորագրությունները՝ Գալստյանը յուրացրել է գումարը։

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավարը 2010-2017 թթ․ ընթացքում կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով յուրացրել է նախնական հաշվարկով շուրջ 4,5 մլն դրամ։

Ձեռնարկվում են միջոցառումներ Արտավազդ Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Spread the love