Չարենցավանում «07»-ը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային, վերջինս մահացել է

- in Իրավունք
vtar

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Շահբազյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Հ.-ի գործի դատական քննությունը:

34-ամյա Արմեն Հ.-ին մեղադրանք էր առաջադրված անչափահասի մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի 16-ին, ժամը 19-ն անց 45-ի սահմաններում Արմեն Հ.-ն իր կողմից վարած «ՎԱԶ-2107» մեքենայով Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցով ընթանալիս տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ, որոնցով պայմանավորել է վրաերթի առաջացումը՝ իրեն զրկելով վրաերթը կանխելու հնարավորությունից: Նա մեքենան վարել է ճանապարհի այդ հատվածում թույլատրելի արագությունը՝ 60 կմ/ժ գերազանցող՝ 80 կմ/ժ արագությամբ, ուշադրությունը շեղել է ճանապարհի երթևեկելի գոտուց, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել մեքենայի արագությունը դանդաղեցնելու, ընդհուպ՝ մեքենան կանգնեցնելու ուղղությամբ այն հաշվով, որ հետիոտնը դուրս գա վտանգավոր գոտուց:

Արդյունքում Արմեն Հ.-ն «Զոյա» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել վազքով ճանապարհի երթևեկելի հատված մուտք գործած անչափահաս տղային՝ 2005 թվականի օգոստոսին ծնված, 12-ամյա Նարեկ Պ.-ին:

Արմեն Հ.-ն մեկ այլ մեքենայով իր կողմից վրաերթի ենթարկված տղային տեղափոխել է հիվանդանոց, բայց ճանապարհին երեխան ստացած վնասվածքներից մահացել է…

Տուժող երեխայի իրավահաջորդը, ինչպես նաև մեղադրողը չեն առարկել գործը արագացված ընթացակարգով քննելու դեմ:

Տուժողի իրավահաջորդը ամբաստանյալի դեմ բողոք, պահանջ առաջ չի քաշել:

Դատարանը հաշվի է առել, որ Արմեն Հ.-ի խնամքի տակ են 11 և 7 տարեկան որդիները: Ընդ որում՝ Արմենի կրտսեր որդու անունն էլ Նարեկ է…

Դատարանը հաշվի է առել նաև, որ Արմեն Հ.-ն դեպքի պահին մեքենան վարել է կոտրված, գիպսային վիրակապի մեջ գտնվող ձեռքով ու գերազանցել է թույլատրված արագությունը, հետևաբար՝ նրա արարքը բարձր հանրային վտանգավորություն ունի:

Արմեն Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել է 1 տարի 6 ամիս իրական ազատազրկման՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի հունվարի 16-ից:

Դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո տուժող երեխայի՝ իրեղեն ապացույց ճանաչված ձախ ոտքի կիսաճտքավոր կոշիկն ու սև գլխարկը կվերադարձվեն տուժողի իրավահաջորդին…

Spread the love