Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Նոր հեռանկարներ Հայաստանում

- in Միջազգային
nato jens Stoltengerg

«ՆԱՏՕ-ի ղեկավարները անում են հնարավորը Վրաստանի՝ դաշինքին անդամակցությունը ապահովելու համար»,- այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և դաշինքի անդամները անում են հնարավորը, որ դա տեղի ունենա հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ում խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բազմաթիվ բարեփոխումներ Վրաստանն արդեն իսկ կյանքի է կոչել: Մարգվելաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անցնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հաջորդ փուլին: Այսպիսով, Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին ըստ էության ժամանակի հարց է, երկուստեք քաղաքական որոշումն արդեն կայացված է, և խնդիրը մտնում է արդեն տեխնիկական ընթացակարգերի փուլ։ Համենայնդեպս, նման բարձր մակարդակով հայտարարությունը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երկրորդ կարծիք չի թողնում։

Սա չափազանց կարևոր իրադարձություն է ու այդպիսին կլինի ոչ միայն Վրաստանի, այլ նաև մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Փաստորեն, մեր անմիջական հարևանը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ՝ դրանից բխող բոլոր անվտանգային հետևանքներով։ Հայաստանն այդպիսով դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներին սահմանակից պետություն։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի համար Վրաստանի անդամակցությունից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանը դառնալու է կենսական անվտանգության տիրույթ, և մեր տարածաշրջանի անվտանգությունն ընդհանուր առմամբ ավելի բարձր մակարդակի է հասցվելու։

Այս իմաստով Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավորություն է նաև Հայաստանի համար՝ ունենալու ավելի բարձր անվտանգության մակարդակով հարևան, հարևան, որտեղ ժամանակի ընթացքում ներդրվելու են ժամանակակից սպառազինություններ, դրանց սպասարկման կենտրոններ ու ենթակառուցվածքներ։ Ընդ որում, խոսքը մեզ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող հարևանի մասին է, որի հետ, չնայած աշխարհաքաղաքական վեկտորալ տարբերություններին, Հայաստանը բարեբախտաբար շարունակում է իրական բարեկամական հարաբերությունները, ինչը վերահաստատվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի արդյունքներով։ Իսկ մեր տարածաշրջանի նման բարդ, աշխարհաքաղաքական պերմանենտ բախումներ ունեցող տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ բարեկամ երկիր ունենալը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ։

Ընդ որում, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունից հետո ստեղծվելու է բավական հետաքրքիր իրավիճակ. ի դեմս Թուրքիայի՝ մենք փաստորեն ունենալու ենք մեզ սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որի հետ չունենք անգամ դիվանագիտական հարաբերություններ, և ունենում ենք այդ դաշինքի անդամ սահմանակից պետություն, որի հետ ունենք և հուսանք՝ կպահպանենք շատ բարձր մակարդակի բարեկամական հարաբերություններ։

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը՝ իր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նշանակությամբ, շոշափում է նաև այլ խնդիրներ, ուղղակիորեն Հայաստանին առնչվող խնդիրներ։ Փաստորեն մեր տարածաշրջանը, բացառությամբ Ադրբեջանի, շարժվում է անվտանգության մեկ համակարգի ուղղությամբ, Վրաստանի դեպքում՝ նաև Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի առկայությամբ, իսկ Հայաստանը մաս է կազմում միանգամայն այլ ու ՆԱՏՕ-ին հակադիր համակարգի՝ ՀԱՊԿ-ի։

Ադրբեջանը անվտանգային համակարգերի առումով կարողանում է դեռևս չեզոքություն պահպանել և, ունենալով որոշակի համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ՝ միաժամանակ, ի տարբերություն Հայաստանի, ՀԱՊԿ անդամ չէ։ Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, որ Հայաստանը երկարաժամկետ կտրվածքով տարածաշրջանային ընդհանուր զարգացմանը խոչընդոտող, այդ զարգացումն ինչ-որ իմաստով արգելակող պետություն է։

Կարելի է պատկերացնել միայն, թե ինչպիսի աշխարհաքաղաքական իրողություններ կլինեին մեր տարածաշրջանում այն դեպքում, եթե Հայաստանը, ինչպես Վրաստանը, ձգտեր դեպի ՆԱՏՕ և Եվրամիության հետ ստորագրեր 2013 թվականին տապալված Ասոցացման համաձայնագիրը։ Կարճ ասենք՝ Ռուսաստանն այդ դեպքում ամբողջությամբ կզրկվեր Հարավային Կովկասում ունեցած ազդեցությունից։ Այսինքն՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հայտ չներկայացնելով, սպասարկում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության պահպանման շահը, որը մեր պետական շահին հակադիր շահ է։

Հասկանալի է՝ նման հարցերը կարճաժամկետ կտրվածքով չեն լուծվում։ Օբյեկտիվորեն հասկանալի է նաև Հայաստանի նախկին և գործող իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ին ինտեգրվելու օրակարգի բացակայությունը։ Անհասկանալի ու բացասական է, սակայն, որ նման օրակարգ չունեն նաև քաղաքական ուժերը, որոնք, ի տարբերություն իշխանության, ավելի ազատ կարող են լինել իրենց դիրքորոշումներում։ Մինչդեռ նման օրակարգ Հայաստանում պետք է ձևավորվի անհրաժեշտաբար։ Որովհետև դա Հայաստանի զարգացման երկարաժամկետ շահից բխող հարց է, որն առնչվում է նաև մեր տարածաշրջանի զարգացման ու կայունության ընդհանուր տրամաբանությանը։

Մյուս կողմից՝ այս հարցում անելիք ունեն ոչ միայն Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը, այլև հենց նույն արևմտյան կառույցները՝ ՆԱՏՕ-ն։ Լավ է դա, թե վատ, բայց Հայաստանի համար ՀԱՊԿ անդամակցությունը համարվում է անվտանգության ապահովման որոշակի, թեկուզև չգործող երաշխիք։ Հայաստանն այլընտրանքային անվտանգության երաշխիքներ չունի ու ստիպված է նաև շարունակել մաս կազմել ՀԱՊԿ-ին։ Ահա այդ երաշխիքների համակարգն է, որ թեկուզև անուղղակիորեն, հարակից գործիքակազմով Արևմուտքը պետք է ապահովի Հայաստանի համար։

Spread the love