Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը փորձում է դարձնել նորմալ պետություն

- in Հրապարակ

Ժողովրդավարությունը Հայաստանի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ արժեքային համակարգ։ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների հետ կայացած գրեթե բոլոր հանդիպումներում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է նաև, որ Հայաստանը արդեն իսկ սկսված ներքին ժողովրդավարական բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը շարունակելու է Եվրոպայի աջակցությամբ կամ առանց դրա։ Այս հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների ու քննարկումների առիթ դարձան, ինչը ստիպեց Նիկոլ Փաշինյանին հավելյալ պարզաբանում ներկայացնել. նա նշեց, թե իր այդ հայտարարության իմաստն այն է, որ Եվրրամիության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, ԵՄ-ն Հայաստանին վերաբերում է այնպես, ինչպես թավշյա հեղափոխությունից առաջ, մինչդեռ հեղափոխությունից հետո վերաբերմունքը պետք է այլ լիներ։ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հայտարարությունները, նաև պարզաբանումը զուրկ չեն հիմքից, եթե հաշվի առնենք նույն Եվրամիության՝ տարիներ շարունակ արատահայտած դիրքորոշումը։

2009 թվականին «Արևելյան գործընկերության» ծրագրի մեկնարկից սկսած Եվրամիությունը միշտ հայտարարել է, որ այդ ծրագրի անդամ հետխորհրդային վեց երկրների հետ հարբերությունները կառուցվում է «ավելին՝ ավելիի» դիմաց սկզբունքով։ Այսինքն՝ որքան երկիրը ավելի շատ բարեփոխումներ կիրականացնի, այնքան կավելանա աջակցության մակադարակը, այդ թվում՝ ֆինանսական օգնությունը։ «Արևելյան գործընկերության» ծրագիրը երկարաժամկետ ծրագիր էր, որի հիման վրա Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ ստորագրվեցին Ասոցացման համաձայնագրերը, Հայաստանի հետ՝ Համափարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։ Այդ ծրագիրի հիմքում դրված է այն սկզբունքը, որ հետխորհրդային այս պետությունները, նաև Ադրբեջանն ու Բելառուսը՝ գտնվելով ռուսական ազեցության տիրույթում ժողովրդավարական բարեփոխումներ կարող են իրականացնել աստիճանաբար, երկարաժամկետ հեռանկարում, քանի որ այդ երկրների իշխանությունների բնույթը ավելիի հնարավարություն չի տալիս։ Բայց Հայաստանում բոլորի, այդ թվում Եվրամիության համար անսպասելիորեն տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, իշխանության է եկել ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող գործիչ, որն ընդամենը երկու ամսում ներքին բարեփոխումների ու հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ արել և անում է անգամներով ավելին, քան նշված է Եվրամիության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերում տարիների, երկար տարիների համար։ Ու այդ իմաստով, այո, Եվրամիության արձագանքը գուցե համարժեք չէ։

Մյուս կողմից սակայն, այն ինչ այսօր անում է Հայաստանի իշխանությունը իր բովանդակությամբ ու նշանակությամբ միայն ու բացառապես եվրոպական է, ինչպես միանգամայն իրավացիորեն նկատել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Պետք չէ բացառել նաև, որ Եվրամիության համարժեք արձագանքի բացակայությունը պայմանավորված է ոչ այնքան Հայստանում տեղի ունեցածը ըստ արժանվույն գնահատելու այդ կառույցի անհամարժեքությամբ, որքան Եվրամիության չինովնիկական բյուրոկրատիայով, ինչի բացասականության մասին խոսում են հենց իրենք՝ Եվրամիության պաշտոնյաները։ Որովհետև ի վերջո, նույն Տուսկի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում կատարվածը միանգամայն համարժեք գնահատելու վկայություն։ Այդ իմաստով բացառված չէ, որ եվրոպական բյուրոկրատիան տեղից կշարժվի և արդեն առաջիկա ամիսներին մենք կտենսնենք առարկայական քայլեր Հայաստանին տրամարդվող նաև ֆինանասական աջակացության ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությանը՝ ժողովրդավարությունը որպես արժեքային համակարգ, և ոչ որպես արտաքին քաղաքական կողմնորոշում դիտարկելու վերաբերյալ, ապա դրան կարելի է համաձայնել կամ ոչ, բանավիճել ինչպես տեսական, քաղաքագիտական, այնպես էլ գործնական քաղաքականության հարթությունում։ Բայց անկախ նրանից ինչպես է իշխանությունը վերաբերում ժողովրդավարությանը, այն ինչ արվում է այսօր՝ ներքին բարեփոխումների ու նույն կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, արտաքին քաղաքական կողմնորոշում ունի ոչ թե որպես վեկտորալ ընտրություն, այլ ֆունկցիոնալ առումով։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը փորձում է դարձնել նորմալ պետություն՝ ժողովրդավարկան, իրավական պետություն՝ զերծ կոռուպցիայից ու այլ արատավոր երևույթներից, բոլորի համար հավասար ու արդար կառավարում ունեցող պետություն։ Դա մի կողմից իսկապես եվրոպական է իր էությամբ, մյուս կողմից հակառուսական ու հակաեվրասիական է ամբողջությամբ։ Ռուսական իմպերիալիզմը ու դրան ծառայող ԵՏՄ-ն հիմնված են դրա անդամ երկրների իշխանությունների ոչ լեգիտիմության, կոռումպացվածության ու հակաօրինական բնույթի վրա։ Դա այդ երկրների իշխանությունների կառավարելիության միջոց է, այլ միջոց ու գործիքակազմ Ռուսաստանը չունի։ Հայաստանը թավշյա հեղափոխությամբ դուրս է եկել արատավոր այդ շրջանակից, Հայաստանում հաստատվել է իրական ժողովրդավարական իշխանություն, որի վրա բացի հանրային հաշվետվողականությունը այլ, ստվերային ազդեցության լծակ չկա։ Առավել ևս այդպիսի լծակ չունի Ռուաստանը, եթե չհաշվենք այն անվտանգային սպառնալիքները, որ մեր ռազմավարական դաշնակիցը կարող է «կազմակերպել» մեր հակառակորդի՝ Ադրբեջանի միջոցով։

Նորմալ, Ժողովրդավարական Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում տեղ չունի Եվրասիական միությունում ու ՀԱՊԿ-ում։ Որովհետև նորմալ պետությունը նշանակելու է ուժեղ պետություն, այդ թվում՝ իր անվտանգության խնդիրները սեփական ուժերով լուծելու ունակ պետություն, որը չի ունենալու ՀԱՊԿ-ի կեղծ, միայն հռչակագրային անվտանգային հովանոցի կարիքը։ Այնպես որ ինչպես էլ վերաբերի Հայաստանի իշխանությունը ժողովրդավարությանը, այն իր էությամբ ունենալու է արտաքին քաղաքական կողմնորշում։ Դա լինելու է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ ոչ թե որպես արտաքին քաղաքական կողմոնորոշում, այլ ընտրությունը՝ ճակատագրով, աշխարհում հաստատված խաղի կանոնների բերումով։ Ամենակարևորը՝ դա Հայաստանի համար միայն դրական հեռանկարներ պարունակող ընտրութուն է, նորմալ, զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենալու անխուսափելի ընտրություն։

Spread the love