Նիկոլ Փաշինյանն ընդգծեց ՀՀ տնտեսության տեսլականը, խոսեց՝ կոռուպցիայի, Քոչարյանի, աղետի գոտու ու այլ հարցերի մասին

Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել համախառն ներքին արդյունքի ձևավորման մեծ բաժին ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, տնտեսական ոլորներն ու գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում այլևս պետք է չկարողանան գործունեություն ծավալեն այլ ոլորտներում: Դա նշանակում է, որ մյուսները նույնպես պետք է ունենան այդ հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ քաղաքական մակարդակում այս հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու առաջին իսկ օրից, և այս խնդրի լուծման համար քաղաքական խոչընդոտներ չկան, կառավարությունը նաև իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիթորինգ իրականացնել, տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Եթե դրանք չկան կամ դանդաղ են տեղի ունենում, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը հակված է այս գործընթացն իսկապես իրականացնել հանդարտ, առանց ցնցումների՝ տնտեսական իրավիճակը չբարդացնելու համար. «Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի  ստեղծմանն ուղղված ջանքերը: Ցանկացած միջազգային փորձագետ կասի, որ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ են երկու պայման՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը, բնականաբար, առաջիկայում պետք է նաև ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում, այդ թվում նաև հարկային օրենսգրքում, որի մասին բազմիցս հայտարարել ենք և որի շրջանակում պետք է լուծենք փորք և միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»:

«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում բոլոր հանդիպումներում ես արձանագրել եմ հետևյալը՝ եվրոպական կողմնորոշումը մեր համոզմունքն է, հավատամքն է, և տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»,- այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպանի հայտարարություններին: Նա արձանագրեց, որ երկար տարիներ ԵՄ-ն ասել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ ինքը հարաբերվում է «ավելին՝ ավելիի» դիմաց բանաձևով, և ավելին վերաբերել է հռչակված արժեքներին՝ ժողովրդավարություն, թափանցիկություն, կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայություն: Ն. Փաշինյանի խոսքով՝ մինչև ԵՄ իր այցը եղել է հայտարարություն, որ ԵՄ-ն պատրաստվում է աջակցել ՀՀ-ին ինչ-որ ձևով, սակայն ԵՄ բանաձևը չի աշխատում հենց ԵՄ-ի համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անարձագանք չի թողնի այս կամ այն կադրային նշանակումների առնչությամբ հանրային անհանգստությունները, բայց նաև չի պատրաստվում գնալ առանձին դեպքերի հետևից: Այս մասին հայտարարեց վարչապետը՝  անդրադառնալով Պետեկամուտների կոմիտեում որոշ նշանակումների, որոնք մամուլում սուր քննադատության են արժանանում: «Հայաստանում դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ արձագանք չեն առաջացնում: Դրանք տարբեր մակարդակների են՝ կախված տարբեր հանգամանքներից: Պետեկամուտների կոմիտեի առնչությամբ ասեմ, որ կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, այդ կառույցի քաղաքականությունը այդ թվում՝ միջին օղակների քաղաքականությունը, վարում է ՊԵԿ նախագահը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ այդ թեմայով մի քանի անգամ խոսակցություն է ունեցել և հույս ունի, որ կոնկրետ արդյունքներ կլինեն: «ՊԵԿ-ի քննչական մասն այնպիսի բացահայտումներ է անում, որ մենք չէինք կարող երևակայել չորս ամիս առաջ: Չվճարված այնպիսի հարկեր է բացահայտում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ իրենց նպատակը ոչ թե հարկային պարտավորություններից խուսափած ընկերությունների գործունեության դադարեցումն է, այլ ընդհակառակը դրանց բարեհաջող զարգացումը օրենքի շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որը կադրային քաղաքականությունը վարելիս առաջնորդվում են փոփոխությունների այս շրջանում համակարգերի կայունությունն ապահովելու մտայնությամբ: «Ոստիկանությունում դրամատիկ հեղափոխական կադրային փոփոխություններ չարեցինք, հարկային ու մաքսային համակարգերում հեղափոխական փոփոխություններ չարեցինք, ինչու, որպեսզի ապահովենք համակարգերի կայունությունը»,-հավելեց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում քաղաքական հեղափոխությունն ավարտվելու է կադրային հեղափոխությամբ:

Հայաստանում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա սահմանափակում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այսինքն, մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի: Սրանով ամեն ինչ ասված է: Մենք նաև չենք ունենալու այնպիսի քրեական գործը, որը վարող քննիչի դերում կհայտնվի ՀՀ վարչապետը»:

Անդրադառնալով այն հարցին, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ամեն կերպ ծաղրել է հեղափոխության գաղափարները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ դա վառ, անհերքելի ապացույցն է այն բանի, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն:

«Եթե նայենք, ով երբ ինչի համար է ծաղրել, ապա այդ ցանկը կարելի է շարունակել: Կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Մենք չենք կարող լինել անսխալ, բայց բացառում եմ այնպիսի իրավիճակ, որ մենք կաշկանդված լինենք դրանք շտկելու ճանապարհին: Այո, մենք կարող ենք սխալվել կադրային հարցում, բայց մեզ ոչինչ չի խանգարում դա ուղղելու հարցում: Շնորհակալ եմ հանրությանն աջակցության համար»,-նշեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների. «Բանակցության նյութ կա ու այդ նյութերին մենք պետք է ամբողջապես ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք»:

Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, ունի Սահմանադրությամբ  բացարձակ իմունիտետ, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասախանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Ռոբերտ Քոչարյանին վերապահված բացարձակ իմունիտետն է նրան վստահություն տալիս «Մարտի 1»-ի գործով եւ եթե անհերքելի փաստեր լինեն ի՞նչ հնարավորություն կա նրան այդ իմունիտետից զրկելու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում են Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Նախ ասեմ, որ ես անձամբ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել անել: Ինչ վերաբերում է մեր թեկնածուին, ապա ասեմ, որ քննարկումներ են ընթանում, շրջանառվում են մի քանի թեկնածուների անունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը մասնակցում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերին, մասնակցում է «Ելք» դաշինքի շրջանակներում քննարկումներին:

Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ գոյություն ունի գրավոր համաձայնագիր նոր սխեմայի մասին, որի կողմ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում, սակայն մենք մեծապես հետաքրքրված ենք այդ նախագծով: Խոսքը Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական ընկերության միջև եռակողմ համաձայնության մասին է: «Ընկերությունը պետք է պայմանականորեն օգնի, որ վրացական և ռուսական մաքսային ծառայությունները հնարավորություն ունենան իրենց գործառույթներն իրականացնել: Մոդելը հետևյալն է՝ նրանք պետք է Վրաստանի տարածքում կապարակնքեն բեռները, ապա Ռուսաստանի տարածքում, վրաց մաքսավորների ներկայությամբ ու նրանց հետ համագործակցելով, հանեն կապարակնիքները: Սրա հետ կապված համաձայնությունները կնքված են: Հայաստանը, համաձայնության կողմ չլինելով, բնականաբար, շատ շահագրգռված է, որ նախագիծն իրականացվի»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ թե ռուսաստանցի, թե վրացի գործընկերները հավաստիացնում են, որ պատրաստ են կյանքի կոչել ծրագիրը:

«Այնտեղ հիմա ենթակառուցվածքների խնդիր կա, դրանք պետք է պատրաստվեն: Ցավոք, մենք կողմ չենք և խնդրի լուծումները մեր հասանելիության տիրույթում չեն, սակայն մենք բնականաբար ակտիվ բանակցում ենք: Հույս ունենք, որ այս մեխանիզմը կաշխատի»,- ասաց նա:

Հավաստիացնում եմ՝ ինչքան ժամանակը գնա, այնքան էյֆորիան մեծանալու է: Այս մասին այսօր նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ արտահերթ ընտրությունների հետաձգման առումով մտավախություն չունեն, որ կարող է էյֆորիան նվազի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում առանց բավարար ապացույցների ոչ ոք չի դատվելու: Լրագրողների հետ հանդիպմանը գործադիրի ղեկավարը նշեց, որ կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց դատելն ու բանտերը լցնելն է, այլ Հայաստանում օրինականության հաստատումը:

«Նույնիսկ եթե ՀՀ գործող վարչապետը նախկինում շատ կոնկրետ քաղաքական հայտարարություն է արել, որ այսինչ անձը հանցագործ է, դա քաղաքական հայտարարություն է: Եթե ուզում եք, որ հանցագործները դատվեն, պետք է համագործակցեք իրավապահ մարմիններին հետ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում: Հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի՞ իրականացվում:

«Ո՞վ է ասում, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի իրականացվում:  Բա Էջմիածնում հայտնաբերվածն ինչի՞ հետ էր կապված, բա այդ երեխաները ե՞րբ էին սնունդն առաջնագիծ ուղարկել: Բա որ մենք զինված ուժերում կարգ ու կանոն հաստատելուն ուղղված քայլեր ենք ձեռնարկում, դա ինչի՞ հետ է կապված: Ես խնդրում եմ այսպիսի շեշտադրումներ մի արեք, թե՝ տեսեք այս հարցը չի քննվում, փաստորեն ոչ մի բան չի փոխվել, ոնց եկել է, այնպես էլ կգնա… ժողովուրդ ջան, այդ ամենի  ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմինները ուժասպառ են լինում: Վստահեցնում եմ՝ չկա այնպիսի բան, որ չի քննվելու: Չարաշահումներ իրականացնողները լսում են ու իրենք գիտեն, որ իրենց հետևից գնալու են, տարբերակ չկա, որ պլստան»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ծրագիր կա այց կազմակերպելու ԱՄՆ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծրագիր կա սեպտեմբերին այց կազմակերպելու՝ ՄԱԿ-ի  գլխավոր ասամբլեայի  շրջանակներում»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով, սակայն, այս պահին չի կարելի ասել, թե դա պաշտոնական այց է ԱՄՆ:

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը սկսել է քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, որի աշխատանքները կշարունակվեն հետագայում ավելի լայն ֆորմատով, այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե հանձնաժողովը ներկայացրել է փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի մոդելը, Փաշինյանն արձագանքեց, որ հանձնաժողովի ներկայացրածը «նախագծի նախագիծ է» և քննարկումները դեռ առջևում են:

«Ինքս որևէ սցենար չեմ բացառում: Մեզ համար կարևոր է, որ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը լինի լիարժեք լեգիտիմ»,- ավելացրեց Փաշինյանը:

Աղետի գոտու անօթևանների հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ պետք է հստակեցնել, թե ինչպես պետք է առաջ շարժվել այդ ուղղությամբ:

«Ամենակարևոր խնդիրն աղետի գոտում իրավիճակն արձանագրելն է: Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինություն իրականացնելու մասին, որոշ մասնագետներ ասում են, որ լուրջ խնդիր կա: Շուկայում կան վաճառքի հանված տներ, որոնք բնակեցված չեն, և եթե Գյումրիում նոր բնակարանաշինություն տեղի ունենա, ապա կարող է անշարժ գույքի շուկան փլուզվել, բնակարանների գներն էլ զրոյանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ պետք է հստակեցնել քաղաքականությունը և որոշել, թե ինչ ճանապարհով է անհրաժեշտ առաջ գնալ, հասկանալ՝ ովքեր են տնակներում ապրողները, ինչ պատճառներով են հայտնվել:

«Ինձ ասել են, թե տնակների առք ու վաճառքի երևույթ կա Գյումրիում: Ինչ-որ մեկը բնակարան է ստացել, իր տնակը վաճառել է հարակից գյուղերից մեկի բնակչին, ով գալիս է այդտեղ ապրում է: Պետք է հասկանալ իսկապե՞ս կան այդպիսի երևույթներ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գյումրիում մնացած ենթակառուցվածքների մասով ծրագրեր են իրականցվում, կան նաև ներդրումային ծրագրեր: Նա հույս հայտնեց, որ աշխատատեղերի, աղքատության խնդիրներն իրականացվող փոփոխություններին համընթաց լուծումներ կստանան:

Spread the love