Քաղաքական ուժերը գտնվում են նախորդ համակարգի հոգեբանական ազդեցության գոտում

- in Կեղտոտ լվացք
AJ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ անհասկանալի է, թե որտեղից է գալիս Ընտրական օրենսգրքի նախագծի պատվերը: Ռուստամյանը փաստացի շարունակել է նախորդ օրը քննարկված թեման, որ բարձրացրել էր ՀՅԴ նախկին կոալիցիոն գործընկեր Վիգեն Սարգսյանը:

Նրան էլ հասկանալի չէր, թե որտեղից է գալիս օրենսգրքի փոփոխությունների նախագծի քաղաքական պատվերը: Հասկանալի է, թե ինչու խորհրդարանական քաղաքական ուժերին հասկանալի չէ օրենսգրքի փոփոխության նախագծի քաղաքական պատվիրատուն: Խնդիրն այստեղ գտնվում է երկու հարթության վրա՝ ֆորմալ, դասական-քաղաքագիտական, երբ շատ կոնկրետ իշխող քաղաքական ուժ նախաձեռնում է օրենսդրական փոփոխություններ, կրում դրա քաղաքական պատասխանատվությունը, հանդիսանում դրա, այսպես ասած, քաղաքական պատվիրատուն: Բայց Հայաստանում վիճակն այլ է, և քաղաքական պատվիրատուն թավշյա հեղափոխությունն է, որի արդյունքում փոխվել է իշխանությունը, փոխվել է Հայաստանում հաստատված քաղաքական համակարգը, ստատուս-քվոն:

Այս դեպքում չկա Ընտրական օրենսգրքի քաղաքական պատվիրատու, քանի որ պատվիրատուն հասարակությունն է, որը պահանջում է նոր ընտրություն և նոր քաղաքական իրականություն: Այդ իրականությունը հնարավոր չէ առանց նոր Ընտրական օրենսգրքի: Խորհրդարանում ներկայացված ուժերի համար այդ իրավիճակը անհասկանալի է, որովհետև չգիտեն, թե ում հետ է պետք պայմանավորվել: Նրանց համար քաղաքականությունը մշտապես եղել է պարզ բանաձևով՝ կա ուժեղ, որոշող մեկը, և մնում է գնալ և նրա հետ պայմանավորվել, ընդունել նրա խաղի կանոնները, դառնալ դրանց պաշտպանը, միաժամանակ ստանալով այդ կանոնների շրջանակում խաղացողների հիմնական կազմում լինելու երաշխիք: Սակայն այժմ մի իրավիճակ է, որ երաշխիք չունի ոչ ոք՝ բացառությամբ թերևս «Քաղաքացիական պայմանագրի», այն էլ պայմանով, որ ՔՊ-ն կշարունակի լինել հանրության հետ պայմանավորվածության, պայմանագրի մեջ:

«Քաղաքական պատվերի» փնտրտուքը իրականում երաշխիքի փնտրտուքն է, փնտրտուքն է այն մեկի, որի հետ պետք է և հնարավոր է պայմանավորվել սեփական ճակատագրի հարցում: Այլապես, «չպայմանավորված» Ընտրական օրենսգիրքը որևէ մեկի ճակատագրին չի տալիս դրական, հուսադրող երաշխիք: Երբ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը կամ ԲՀԿ-ն ասում են, հարցնում են, թե ով է «քաղաքական պատվեր տվողը», իրականում հարցնում են, թե ո՞վ է որոշողը, ասողը, որի հետ պետք է իրենք պայմանավորվեն: Քաղաքական գործունեության այլ կերպ այդ ուժերը չեն պատկերացնում, ինչը նաև միանգամայն բնական է, քանի որ տասնամյակներ շարունակ Հայաստանում քաղաքական գործունեության այլ ձև չի էլ եղել: Իրավիճակը նման է վանդակում հայտնված գազանի, որին բնություն բաց թողնելուց հետո վարքագիծը, ըստ էության, ոչնչով չի փոխվում, քանի որ նա վարժվել է վանդակին և այն այլևս ունի ոչ միայն վիզուալ-ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ազդեցություն:

Հայաստանի քաղաքական ուժերը գտնվում են նախորդ համակարգի հոգեբանական ազդեցության գոտում, փոխվել է միջավայրը, վանդակներ չկան, սակայն նրանք դեռևս շարունակում են իրավիճակը պատկերացնել հին տրամաբանության ներքո: Կարո՞ղ են այդ ուժերը փոխվել: Հազիվ թե: Բանն այն է, որ հայաստանյան քաղաքական կյանքում եղել է նաև զգալիորեն «բնական ընտրություն»: Այսինքն՝ քաղաքական միավորները իրենց գերակշռող մասով ձևավորվել են անձանցից, որոնք առավել ադապտունակ են եղել նախորդ խաղի կանոններին, դրա տրամաբանությանը: Այլ պայմաններում այդ մարդիկ քաղաքականության մեջ չէին լինի «մրցունակ» և չէին գտնի իրենց տեղը: Ավելին, նախորդ համակարգում այդ ընտրությունը կատարվում էր ոչ միայն «բնության» սկզբունքով, այլ նաև շատ դեպքերում մանրակրկիտ կադրային ընտրություն էր կատարվում քաղաքական մենեջմենթի տրամաբանությամբ: Նաև դա է հիմնարար պատճառներից մեկը, որը Հայաստանում անհրաժեշտ է դարձնում նոր քաղաքական ուժի կամ ուժերի ձևավորումը, նոր տեսակի, որակի, տրամաբանության և բնույթի, որի կրողներն ունակ կլինեն քաղաքականությամբ զբաղվել նոր իրավիճակում, վանդակազերծ իրավիճակում, դրանով իսկ նաև անշրջելի դարձնելով այդ իրավիճակներն ու ապահովելով վանդակների անդառնալի չեզոքացումը:

Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխության գլխավոր «կապալառու» Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին, ապա նա, անկասկած, լավ է պատկերացնում, որ քաղաքական հին համակարգի հետ պայմանավորվելու փորձը լինելու է ճակատագրական և դառնալու է առնվազն վերջի սկիզբը: Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկմանը նրա հայտարարությունը, որ ինքը որևէ մեկին պարտք չէ խորհրդարանում վարչապետ ընտրվելու համար, դրա վկայությունն էր:

Spread the love