Ի՞նչ է «երեք նախագահների եռանկյունին»

- in Կեղտոտ լվացք
Serj Robert

Հայաստանի ներքաղաքական դիսկուրսը կրկին սահուն մտավ «երեք նախագահների եռանկյունու» շրջանակ, այն բանից հետո, երբ մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին: Հին համակարգը ի դեմս նրա գտավ նոր «երաշխավոր», տեղի է ունենում որոշակի համախմբում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ստանձնեց Քոչարյանի գլխավոր մեղադրողի դերը եւ առաջարկեց ստեղծել արդարադատության անցումային մարմիններ:

Տեղեկություն կա, որ հարցաքննելու են Սերժ Սարգսյանին, ինչը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ, կարող է փլուզել թավշյա հեղափոխության պլատֆորմը՝ իշխանության խաղաղ փոխանցումը:

Հին համակարգի այլ ուժեր այս հանգամանքները սկսել են օգտագործել որպես առեւտրի առարկա նոր իշխանության հետ, խաղարկելով «հակահեղափոխության» գործոնը:

Հայկական հեղափոխությունը յուրահատուկ էր, որի տրամաբանական հանգուցալուծումը կարող էր ստեղծել «հայկական մոդելը»: Դա շատերն էին նշում Հայաստանում ու աշխարհում, եւ ինչ որ առումով դրանով է պայմանավորված արտաքին գործընկերների սպասումն ու անորոշությունը:

Ինչ է «երեք նախագահների եռանկյունին». Դա նախկին համակարգն է իր բոլոր դրսեւորումներով, մեռյալ կենսափիլիսոփայությամբ ու մոտիվացիայով: Թավշյա հեղափոխության իմաստն ու արժեքը հենց այդ համակարգը փոխելն էր, ռեֆորմացիայի մեկնարկը: Հայ ժողովուրդը վերջապես պետք է հրաժեշտ տար «քաղաքական մեռելներին» եւ հեղափոխության ահռելի էներգիան ուղղեր ապրեցնող նախագծերի՝ մեծ թե փոքր:

Որտեղ սխալվեց նոր կառավարությունը, հարություն տալով նրանց: Ըստ ամենայնի, պատճառը այս երեք ամիսների ընթացքում համակարգային փոփոխություններին ուղղված ծրագրերի, օրենսդրական ակտերի բացակայությունն է: Եվ սրա պատճառն ամենեւին հին համակարգի դիմադրությունը չէր, այլ այդ ուղղությամբ քաղաքականության բացակայությունը:

Բայց հենց սա է ժամանակի ընթացքում ուժեղացնում նախկին համակարգին, նրան արդեն օժտելով նաեւ «սահմանադրական լեգիտիմությամբ»: Եվ դրա դեմ պայքարն արդեն պահանջում է այլ՝ արտակարգ միջոցներ, որոնց մասին հայտարարեց վարչապետը, եւ որի արդյունքն ու հետեւանքներն այնքան էլ միանշանակ չեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...