Հայաստանը կարող է որոշակի միջնորդական առաքելություն ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի բարդ հարաբերություններում

- in Միջազգային
dzerq

Երեկ միանգամից երկու տեղեկատվություն է հայտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի վերաբերյալ։ Իհարկե, տեղեկատվության աղբյուրն ըստ էության նույնն է։ Մի դեպքում դրա մասին խոսել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ հյուրընկալվելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ավելի ուշ վերջինս պարզաբանում է ներկայացրել «Արմենպրես» գործակալությանը։

Երեկ ընդունելով հարևան երկրի դեսպանին՝ Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը թերևս ակնարկել է, որ Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին դրամատիկ զարգացումները, մասնավորապես՝ ամերիկյան պատժամիջոցները ազդեցություն չեն ունենալու հայ-իրանական հարաբերությունների վրա։

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավականին կոշտ հայտարարություն էր հնչեցրել՝ ասելով, թե այն ընկերությունները, որոնք տնտեսական հարաբերություններ կհաստատեն Իրանի հետ, կզրկվեն ԱՄՆ-ի հետ հարաբերություններ ունենալու հնարավորությունից։ Թրամփի այս կոշտ երկընտրանքը շատերին է անհանգստացրել նաև Երևանում։ Թեև դժվար է ճշգրտորեն կանխատեսել, թե ինչ քայլերի կդիմի անկանխատեսելի վարքագծով հայտնի Թրամփը, բայց Վաշինգտոնում միշտ ըմբռնումով են մոտեցել հայ-իրանական հարաբերություններին՝ համարելով, որ դրանք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, որի երկու սահմանները հասկանալի պատճառներով փակ են։

Կարծում ենք՝ ամերիկյան վերնախավում այս մոտեցումը կշարունակի գերիշխող մնալ, այլ հարց է, որ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների վերականգնման հետևանքով Իրանի տնտեսական հնարավորությունները որոշակիորեն սահմանափակվել են, ինչը, բնականաբար, հետևանքներ կունենա նաև Հայաստանի հետ հարաբերությունների վրա, մասնավորապես՝ կարող է ազդել առևտրի շրջանառության ծավալի, մեր երկիր այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի վրա։

Այնուամենայնիվ, երեկ դեսպանը, կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ, պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որ երկու երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ: Սրանք այն ոլորտներն են, որոնք կարևորվում են Թեհրանի կողմից, շատ կարևոր է, որպեսզի Երևանը ներկայացնի երկկողմ հարաբերությունների իր տեսլականը։

Իհարկե, Երևանում այս օրերին կան նաև էյֆորիկ տրամադրություններ, որոնք հանգում են նրան, թե Հայաստանը կարող է որոշակի միջնորդական առաքելություն ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի բարդ հարաբերություններում։ Սրանք, իհարկե, խոսակցություններ են, որոնք որևէ աղերս չունեն ռեալ պոլիտիկի հետ։ Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում առկա ճգնաժամը մեղմելու ուղղությամբ ապարդյուն անցան անգամ Եվրամիության ջանքերը, այս համատեքստում ակնհայտ է, որ Հայաստանը չունի նման միջնորդություն իրականացնելու ռեսուրսներ ու պոտենցիալ։

Սակայն վերադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ Իրան սպասվող այցին։ Թեև Իրանի դեսպանը ավելի հաստատական ձևակերպումով էր խոսել Փաշինյանի այցի մասին՝ տպավորություն ստեղծելով, թե դրա ժամկետները հստակեցված են, այնուամենայնիվ՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ձեռնպահ է մնացել կոնկրետ ամսաթիվ կամ ժամկետ նշելուց։ «Ինչպես գիտեք, կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի՝ Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։ Եվ երբ այն հստակեցվի, հանրությունը դրա մասին կտեղեկացվի` պատշաճ ժամկետներում և համապատասխան աղբյուրից»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրան կայցելի մինչև տարեվերջ, մանավանդ, որ իրանական քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, որի կարևորությունն ավելի կարող է ընդգծվել տարածաշրջանային անվտանգության համատեքստում՝ հատկապես նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ակնհայտ սադրիչ գործողությունների հետևանքով։

Spread the love
  • 2
    Shares