Հայկական հեղափոխության չափազանց կարևոր իրողություններից

- in Կարծիք
cuyc 1

Աներկբա է, որ Հայաստանում տեղի ունեցող քրեաիրավական գործընթացները ամենևին պայմանավորված չեն լոկ օրենքի առաջ տարբեր նախկին պաշտոնյաների պատասխանատվության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրով:

Դա իրադարձությունների զարգացման, այսպես ասած, ֆորմալ կողմն է: Իրականում այդ գործընթացը թավշյա հեղափոխության ճանապարհի շարունակությունն է՝ այդ հեղափոխության թե՛ քաղաքական, թե՛ նաև աշխարհաքաղաքական տրամաբանությամբ:

Իհարկե, հեղափոխության թիմը հայտարարում էր, որ թավշյա գործընթացը չունի աշխարհաքաղաքական համատեքստ: Սակայն պետք է արձանագրել, որ խնդիրը այստեղ գերազանցապես առնչվում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորներին, արտաքին կողմնորոշմանը, և ասելով, թե չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ, թավշյա հեղափոխության առաջնորդ Փաշինյանն անշուշտ նկատի ուներ հենց այդ հանգամանքը: Այլապես չի կարող Հայաստանում իշխանության ու պետության բնույթի, որակի փոփոխությունը չունենալ աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով հենց աշխարհաքաղաքական նշանակության այն խնդիրները, որոնց առնչվում է Հայաստանն արտաքին քաղաքական և անվտանգային ոլորտներում:

Ընդ որում, այդ ենթատեքստը հեղափոխության ոչ թե խոցելի և թույլ կողմն էր, այլ հակառակը՝ ուժեղ, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում՝ Մոսկվայի շատ զուսպ դիրքորոշումը վկայեց, որ հայկական հեղափոխության այդ ենթատեքստը միանգամայն ընդունելի և կոնսենսուսային է այդ կենտրոնների համար:

Իհարկե, շատերը ներկայումս գնահատում են իրավիճակը այն պրիզմայով, որ այդ կենտրոնների զուսպ վերաբերմունքը պայմանավորված էր անորոշությամբ, թե նրանք չէին հասկանում՝ ինչ է կատարվում: Դա անլուրջ է այդ կենտրոնների հանդեպ: Մտածել, թե աշխարհաքաղաքականության ուժի կենտրոնները կարող են շվարել Հայաստանում տեղի ունեցողից և կարկամել՝ չիմանալով ինչ անել, չհասկանալով՝ ինչ է կատարվում, դա կլինի անլուրջ և անհարգալից վերաբերմունք ուժային այդ կենտրոնների, բևեռների հանդեպ: Նրանք զուսպ և, այսպես ասած, չեզոք են մնացել հենց այն պատճառով, որ հասկացել են և կոնսենսուսի են եկել հասկացածի շուրջ՝ զերծ մնալով հակազդող միջամտության փորձերից, հակազդող ոչ միայն հեղափոխության գործընթացին, այլ նաև դրա հանդեպ միմյանց դիրքորոշումներին:

Սա հայկական հեղափոխության չափազանց կարևոր իրողություններից, այսպես ասած՝ հենասյուներից մեկն է, որն առերևույթ քիչ է դրսևորվում, որը, սակայն, ունի թերևս ամենաառանցքային ազդեցությունը ընթացիկ պրոցեսների վրա: Հետևաբար դրանց պետք է նայել ոչ թե հեղափոխության ու հակահեղափոխության ներքին պարզունակ և գերազանցապես մակերեսային, հիմնականում իներցիոն-դեկլարատիվ շրջանակի ներքո, այլ աշխարհաքաղաքական այն կոնսենսուսի, որ առերևույթ զսպված դրսևորումով, այդուհանդերձ՝ առկա է եղել հայկական հեղափոխության գործընթացի հանդեպ:

Այդ կոնսենսուսի կողմերից յուրաքանչյուրն իհարկե ունի իր մարտավարական և ռազմավարական շահը, ըստ այդմ՝ իր ակնկալիքները հեղափոխության կարճաժամկետ, երկարաժամկետ ու միջնաժամկետ արդյունքների մասով, և միևնույն ժաանակ այդ կենտրոններն իրենց շահի ձևավորման և ձևակերպման հարցում էլ միատարր չեն ամենևին: Սակայն դա արդեն խնդրի մյուս կողմն է, աշխատանքի մեծ անհրաժեշտություն առաջացնող մյուս կարևոր հանգամանքը, որը, սակայն, ամենևին հակասության կամ հակադրության մեջ չէ այն լայն կոնսենսուսի հետ, որն ուղեկցել և ուղեկցում է թավշյա հեղափոխության գործընթացը արդեն դրա, այսպես ասած, պետաիրավական փուլում:

Եվ այդ փուլի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ նրանք, ովքեր, այսպես ասած, հայտնվել են դրա թիրախում, թերևս ավելի կշահեն իրավիճակը այդ համատեքստում գնահատելուց և ըստ այդմ՝ իրենց քայլերն ու գործողությունները, այդ թվում՝ պաշտպանությունը պլանավորելուց, որովհետև, քարոզչական զանազան տեխնոլոգիաներով հայկական համացանցը կիսելով, ամենևին չի կիսվելու հայկական հեղափոխության աշխարհաքաղաքական կոնսենսուսը:

Spread the love