ՀՔԾ-ն, ըստ ամենայնի, չի հավատացել Հովիկ Աբրահամյանին

- in Իրավունք
Hovik Abrahamyan

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Հովիկ Աբրահամայանի, այսպես կոչված, «սուխոյ ատկազից» հետո, թե ինքը կապ չունի ոչ տարածքի և ոչ էլ՝ հայտնաբերված զենքի հետ, իրադարձությունների նման ընթացքը կանխատեսելի էր։

Մյուս կողմից՝ ՀՔԾ-ն, ըստ ամենայնի, չի հավատացել Հովիկ Աբրահամյանին, որովհետև պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ նշվում է, որ տարածքը փաստացի պատկանում է նախկին վարչապետին՝ թերևս ակնարկելով նաև հայտնաբերված զենքի պատկանելիությունը նրան։ Հիմա քննությունը պետք է այլ փաստերի համադրումով ապացուցի, որ տարածքն ու զենքը պատկանում են Արգամիչին, և վերջինս մեղադրանքից, ըստ ամենայնի, «պլստացել» է ժամանակավորապես։

Հովիկ Աբրահամյանն իրեն պահել է նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներին բնորոշ քրեական մենթալիտետի տրամաբանությամբ․ «չորով» հերքել է այն, ինչը թերևս ակնհայտ է բոլորի, այդ թվում՝ իր համար։ Այդպես է վարվել նաև Ռոբերտ Քոչարյանը, որը փորձում է իրեն «մաքրել» թիվ 0038 հրամանից՝ թեև ՀՔԾ-ն բնավ էլ չհավատաց երկրորդ նախագահին ու, անկասկած, չի հավատալու նաև Հովիկ Աբրահամյանին։ Առհասարակ՝ նախկին համակարգի առաջին դեմքերը կորցրել են ադեկվատությունը՝ չգիտակցելով, որ իրենց հին վարքագիծը նոր իրավիճակում, մեղմ ասած, չի աշխատում ու ավելի շատ գործում է հենց իրենց դեմ։

Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը «չոր» հերքման հետևանքով իր վրայից չմաքրեց կասկածները, բայց «փուռը» տվեց եղբորը, նաև՝ վարորդի եղբորը, որի մասին հարազատ գյուղում ասում են՝ անշառ մարդ է։

Սակայն ՀՔԾ երեկվա հաղորդագրությունը նաև հարցեր է ծնում, որոնց պատասխաններն առայժմ չունենք։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի տարածքում խուզարկություները կատարվել է Մարտի 1-ի գործի հետքերով, այսինքն՝ ենթադրվում է, որ հայտնաբերված զենքն արյունոտ իրադրաձությունների ժամանակ օգտագործվել է։ Այդ վարկածի գոյությունը նախօրեին հաստատել են թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Սակայն ՀՔԾ երեկվա հաղորդագրությունից այնքան էլ պարզ չէ՝ Հենրիկ Աբրահամյանը նոր մեղադրյա՞լ է Մարտի 1-ի գործով՝ թվով հինգերորդը, թե նրա գործն առայժմ առանձին վարույթում է ու Մարտի 1-ի գործին կմիանա ընթացքում՝ այլ փաստերի, իսկ գուցե նաև մեղադրյալների ներգրավումից հետո։ Այս հարցի պատասխանը հետաքրքիր է՝ առավելապես Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը հասկանալու համատեքստում։

Մի հանգամանք էլ կա, որն առնվազն կհետաքրքրի ընթերցողներին։ Հովիկ Աբրահամյանի տարածքում պահված զենքի մասին նախաքննության մարմինն իմացավ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո։ Արդյո՞ք Քոչարյանը սկսել է խոսել՝ առաջինը թիրախավորելով Հովիկ Աբրահամյանին, թե՞ ազատության մեջ գտնվող կարևոր այլ ֆիգուրանտ է «արդյունավետ» համագործակցում նախաքննության մարմնի հետ։

Spread the love