Մերկելը Պուտինի հետ համաձայնեցրել է իր ծրագիրը Հայաստան այցելելուց առաջ

Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ավելի քան երեք ժամ շարունակված հանդիպում են ունեցել Բեռլինի մերձակայքում՝ Մեզենբերգում գտնվող կառավարական նստավայրում, որն ավարտվել է առանց էական արդյունքների. երկու առաջնորդները բանակցություններից հետո մամուլի ասուլիս չեն տվել, Կրեմլի խոսնակը միայն նշել է, որ «կողմերը համաձայնությունների չեն հասել, քանի որ նման խնդիր չի եղել»։

Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն էր Գերմանիա 2014-֊ից՝ Ղրիմի բռնակցումից հետո, ինչին ի պատասխան Արևմուտքը Ռուսաստանի դեմ մի շարք կոշտ պատժամիջոցներ է սահմանել:

Պուտինի հետ բանակցություններից առաջ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, թե փորձելու է հասնել հրադադարի հաստատման Ուկրաինայի արևելյան շրջաններում, քննարկելու է իրավիճակը Սիրիայում, Իրանում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանում:

Բանակցությունների օրակարգում է եղել նաև «Հյուսիսային հոսք ֊2» գազատարի շինարարության հարցը, որին Միացյալ Նահանգներն ընդդիմանում է` պնդելով, թե դա բխում է միայն Կրեմլի շահերից և մեծացնում Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդների հանդիպման օրակարգի հրապարակային հատվածում չկան հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հարավային Կովկասին՝ թեև ակնհայտ է, որ հնարավոր չէ քննարկել Մերձավոր Արևելքի, հատկապես Իրանի թեմաները՝ շրջանցելով մեր տարածաշրջանը։

Մերկել-Պուտին հանդիպումն ուշագրավ է հատկապես այն հանգամանքով, որ մյուս շաբաթավերջին Գերմանիայի կանցլերը տարածաշրջանային այցի շրջանակներում հյուրընկալվելու է Հայաստանում։ Մեր տարածաշրջանը համարվում է կենսական Մոսկվայի շահերի տեսանկյունից ու գրեթե, անկասկած է, որ Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահի հետ քննարկած կլինի իր առաջիկա այցի որոշ մանրամասներ։

Մերկելը Երևան է ժամանելեու օգոստոսի 24-ին՝ Թբիլսիից․նրա հայաստանյան այցը երկօրյա է, որի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Անգելա Մերկելը այցելելու է նաև Ծիծռնակաբերդ։
Մերկելի տարածաշրջանային այցը ճանաչողական է, որը, սակայն, մեծ կարևորություն կարող է ունենալ Հայաստանի համար՝ երկրում կատարված բեկումնային փոփոխությունների համատեքստում։

Ի դեպ, ի տարբերություն մեր պաշտոնական լրահոսի, պաշտոնական Թբիլիսին ավելի հանգամանալից է ներկայացնում Գերմանիայի կանցլերի պաշտոնական այցի օրակարգը։ Նախօրեին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին ասել է, թե Անգելա Մերկելի հետ Վրաստան կժամանեն ԳԴՀ-ի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Նրանք վրացական ընկերությունների հետ կլոր սեղանի շրջանակներում կառավարության անդամների մասնակցությամբ կքննարկեն համագործակցության զարգացման հարցեր։ Ենթադրվում է, որ գործարարների այդ խումբը Գերմանիայի ղեկավարին կուղեկցի նաև Հայաստանում։ Այս հանգամանքը լրացուցիչ կարևորություն է հաղորդում Մերկելի այցին․ Հայաստանի իշխանության խնդիրն է՝ հնարավորինս պատշաճ ներրկայացնել նոր Հայաստանի այցեքարտը, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարը, ինչը բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծել Հայաստանում։ Կենսական անհրաժեշտություն է դարձել հեղափոխության արժեքների կապիտալիզացումն արտաքին քաղաքական հարաբերություններում՝ դրանք երկրի զարգացմանը հնարավորինս ծառայեցնելու նպատակով, մանավանդ՝ ուրբաթ օրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում սկսվում է տնտեսական հեղափոխությունը, ինչը ենթադրում է զարգացում ապահովող ներդրումների ներգրավում, ներառական տնտեսության մոդելի զարգացում։

Մյուս կողմից՝ Գերմանիան Եվրամիության առաջատար երկիրն է, իսկ հիմա Երևանը բանակցում է Բրյուսելի հետ՝ հավակնոտ մի ծրագրի շուրջ ու կասկածից վեր է, որ Բեռլինը մեծ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի ու Եվրամիության միջև նոր որակի հարաբերությունների ձևավորման գործընթացում։

Եվ վերջապես՝ շատ կարևոր է, որ Գերմանիայի կանցլերի այցը կրում է տարածաշրջանային բնույթ․ Մերկելն այցելելու է նաև Բաքու։ Գերմանիայի տարածաշրջանային քաղաքականությունը չի փոխվել․այդ երկիրը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության դիրքերից։ Կանցլերը Երևանում և Բաքվում խոսելու է խաղաղության, ԼՂ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։ Դա, անկասկած, զսպող գործոն է Ադրբեջանի համար։

Spread the love
  • 6
    Shares