Նիկոլ Փաշինյանը շոշափում է արժեքային հեղափոխության խնդիրը

Մենք ուզում ենք գողական լինել և թալանի դեմն առնե՞լ, Տավուշում հանրության հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ քաղաքացիներն ըստ էության պետք է իրենց պատասխանատու զգան ապօրինություններ տեսնելիս և ահազանգեն դրանց մասին շատ հստակ և բաց:

Հայաստանում հաճախ է խոսվում այն մասին, որ մարդիկ չեն ցանկանում շատ կոնկրետ դեմքով ներկայանալ և խոսել ինչ-որ մեկի հանցանքի մասին, կամ անօրինականության մասին: Ընդ որում, այստեղ խնդիրը լոկ վախը չէ, որ այդ մեկը կարող է պատժել: Մարդիկ հաճախ խուսափում են ուղիղ ու բաց մատնացույց անել որևէ ապօրինություն, որովհետև ծանոթ են, բարեկամ, ընկեր, ազգական և այլն: Ու այսպես ձևավորվում է մի ահռելի շղթա, որը կարող է հասնել մինչև ամենավերև: Բայց եթե անգամ ամենավերևում մի տեղ այդ շղթան ընդհատվում է, միևնույն է, ներքևում դրա գոյությունը երբեք թույլ չի տալու ունենալ իսկապես նորմալ պետություն, որը չի թալանվում, որը չի մսխվում, որտեղ անօրինականությունները բացառվում են ոչ թե լոկ պատժի, այլ արժեհամակարգային, մտածողության մակարդակում:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը շոշափում է արժեքային հեղափոխության խնդիրը, և մինչև մեզնում տեղի չունենա այդ հեղափոխությունը, մենք չեն կարող ամբողջապես զգալ տնտեսական, քաղաքական հեղափոխության, իշխանափոխության որևէ էֆեկտ, չեն կարող ռազմավարական հեռանկարի կտրվածքով կապիտալիզացնել այդ հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյանը Տավուշում բարձրացրել է հեղափոխության կապիտալիզացիայի այդ կարևոր խնդիրը, որը պետք է տեղի ունենա ոչ միայն պետական էֆեկտիվ կառավարման մակարդակում, այլ նաև հանրային մտածողության, հոգեբանության, արժեքների մակարդակում:

Հայկական իրականությունը զանազան պատճառներով ու զանազան փաթեթավորումներով, այդուհանդերձ, տարիներ շարունակ ներփակված է եղել մի կողմից «գողական» կամ «քրեական», «թաղային», մյուս կողմից՝ նոմենկլատուրային, պալատական, ներքինիական «մշակույթների» մեջ: Ի վերջո դրա վրա է հիմնված եղել քառորդ դար գոյատևած համակարգը, այլապես, առանց այդ հիմքի համակարգի, կյանքը չէր կարող երկար լինել: Թավշյա հեղափոխությունը այսպես ասած կտրել է համակարգի սաղարթը, սակայն բունն ու արմատները դեռ կան և կծլարձակեն վաղ թե ուշ որևէ ձևով, եթե չկտրվեն նաև դրանք: Իսկ դա նշանակում է վերանայել արժեքները, վերանայել հանրային համակեցության կանոնները ոչ միայն հասարակություն-իշխանություն մակարդակում, ոչ միայն հասարակական-քաղաքական գործընթացների մակարդակում, այլ նաև կենցաղային հարաբերություններում:

Վերևում հեղափոխությունը տեղի է ունեցել, հիմա այն պետք է տեղի ունենա ներքևում: Հակահեղափոխությունն իրականում այն վտանգները չեն, որ մենք պատկերացնում ենք, կամ որ երբեմն հրամցվում է մեզ՝ նախկին իշխանության որևէ շրջանակի տեսքով: Հակահեղափոխությունն իրականում մեր մեջ եղած կամ մնացած այն արժեքայինն ու մշակութայինն է, որ կարծրացել է քրեականի և նոմենկլատուրայինի միջև տարիներ շարունակ ներփակված մնալու, իրական մտավորական էլիտայից զուրկ լինելու պայմաններում, ընդ որում՝ դեռևս խորհրդային տարիներից, որովհետև քրեական մշակույթի կուլտիվիզացիան գալիս է դեռևս խորհրդային իրականությունից, որպես քաղաքական այլախոհության հասարակական ընկալումները կառավարելու իշխանական տեխնոլոգիա: Հեղափոխությունը բարեհաջող, առանց բռնության ու արյան, ներքևից բարձրացել է վերև, հիմա պետք է վերևից այն իջնի ներքև ամբողջանալու և ամրանալու համար՝ մաքրելով հանրության արժեհամակարգային և մշակութային պլաստը՝ ընդհուպ անձնական հարաբերությունների մակարդակում:

Spread the love
  • 3
    Shares