Ալիևը կրակում է Հայաստանի սահմանին՝ կրակելով ՀԱՊԿ-ի ուղղությամբ

zinvor

Հայաստանում ծավալվող ու թեժացող նախընտրական, ներքաղաքական զարգացումների ֆոնին որոշակի ստվերում մնաց այն, որ արդեն մի քանի օր ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, այդ թվում՝ նաև Նախիջևանից Արենիի մերձակա տարածքներին:

Ըստ էության, այստեղ նոր բան հնարավոր է համարել միայն Արենին՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցիները դիրքային վերջին շարժերի ընթացքում է, որ առաջ էին եկել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ընդհանուր առմամբ Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցներ լինում են պարբերաբար՝ ունենալով ակտիվ և պասիվ փուլեր: Հատկանշական է, որ Ալիևի հերթական ակտիվությունն այդ մասով համընկավ Հայաստանի ներքին զարգացումներում ինչ-ինչ իրողությունների հետ, ու նաև Ադրբեջանի շուրջ որոշակի աշխարհաքաղաքական ակտիվության: Ներքին իրողությունների հետ համընկնումները հատկանշական էին դեռևս այն դրվագից, երբ Ադրբեջանի նախագահը անմիջապես որսաց Հայաստանում նոր իշխանությանը բռնապետական որակելու և հարցը ԵԽԽՎ տանելու Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի քայլը: Այդ իմաստով, կրակոցներն, ըստ էության, այդ «ներդաշնակության» յուրօրինակ շարունակություն են, երբ Ալիևը Հայաստանի իշխանության համար բացում է, այսպես ասած, երկրորդ մի ճակատ, իհարկե՝ այդ բառի պայմանական իմաստով, ինչը սակայն, այդուհանդերձ, կլանում է որոշակի ուշադրություն:

Այն, որ Ադրբեջանի նախագահը շահագրգռված է Հայաստանի ներսում նոր իշխանության խնդիրներում, ավելորդ է անգամ մեկնաբանել, քանի որ այդ իշխանության հանգամանքն ինքնին Ադրբեջանի նախագահին դրել է չափազանց բարդ վիճակում, ինչն էլ ավելի բարդացավ նաև նրանով, որ Հայաստանում նոր իշխանությունը ստացավ, փաստորեն, թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի առանցքային հավանությունը: Առավել ևս պատահական չէ նաև, որ Բաքուն կրակոցները Հայաստանի տարածքի ուղղությամբ ինտենսիվացրել է Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, Պուտինի և Մակրոնի հետ հանդիպումների արանքում՝ դրանով իսկ մատնելով, որ երկու հանդիպումն անցել է հայկական կողմի համար դրական օրակարգով և արդյունքով:

Ավելին՝ Ֆրանսիայում հայկական համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ ամփոփելով այդ շաբաթը՝ Մոսկվա-Փարիզ քաղաքական երթուղով, արել է հատկանշական երկու հայտարարություն, մեկն այն մասին, որ համանախագահները պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանին՝ եթե ցանկանում են կարգավորման գործընթաց, իսկ մյուսն այն մասին, որ Արցախը կարող է մտածել Հայաստանին միավորվելու ձևի մասին: Սրանք առանցքային նշանակության հայտարարություններ են, որոնք մի կողմից Բաքվին թույլ չեն տալիս շահարկել, այսպես ասած, կառուցողականությունը, մյուս կողմից՝ խոսում են այն մասին, որ Երևանը աստիճանաբար փորձում է հայկական թավշյա հեղափոխության և իշխանափոխության փաստը կապիտալիզացնել արցախյան խնդրում և դուրս գալ քաղաքական շեշտադրումների նոր դիրքերի, որոնք մի կողմից լինելով ավելի կոշտացում, մյուս կողմից՝ իրենց քաղաքական տրամաբանությամբ Ադրբեջանին թույլ չեն տա, այսպես ասած, փաստարկել ռազմական դիվանագիտության կիրառումը:

Նաև այդ իմաստով է հատկանշական, որ Ալիևը կրակում է հենց Հայաստանի սահմանի ուղղությամբ՝ այդպիսով, փաստորեն, կրակելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ուղղությամբ, այսինքն՝ նաև Ռուսաստանի ուղղությամբ, դրանով իր դժգոհությունը հայտնելով Մոսկվայի պահվածքից: Այստեղ արդեն հատկանշական գիծն այն է, որ Ադրբեջանի նախագահը կրակում է այն ժամանակ, երբ Բաքվում է Իսրայելի պաշտպանության նախարարը, և նաև մեկ օրով այնտեղ հյուր է եղել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ալիևը, ըստ երևույթին, փորձում էր Ռուսաստանին ակնարկել, որ Բաքվի հետ հարաբերությունների, ռազմաքաղաքական պայմանավորվածությունների նախկին ծավալը չվերականգնելու դեպքում, որ կար մինչև ապրիլ, Մոսկվան կարող է զգալիորեն կորցնել Ադրբեջանում, և նրա «տեղը» կլրացնեն Իսրայելն ու Թուրքիան:

Սակայն այդ իմաստով հատկանշական է սեպտեմբերի 17-ին Սոչիում Էրդողանի և Պուտինի հանդիպման, մոտ չորս ժամ տևած բանակցության արդյունքում ստորագրված հուշագիրը սիրիական Իդլիբի մասով: Անկարան ու Մոսկվան պայմանավորվել են, որ կձևավորեն ապառազմականացված բուֆերային գոտի, և չի լինի գրոհ Իդլիբի ուղղությամբ, ինչը պլանավորում էր սիրիական բանակը ՌԴ օգնությամբ: Փաստորեն, ռուս-թուրքական այդ պայմանավորվածությունը միտված լինելով Իդլիբի շուրջ ծայրահեղ լարմանը, կարող է բերել լիցքաթափման և դրանով իսկ հիասթափություն պատճառել Բաքվին:

Ադրբեջանն անկասկած ակնկալում է օգտվել ցանկացած այդօրինակ թեժացումից, որ առաջանում է մերձավորարևելյան ուղղությամբ, ընդ որում՝ օգտվել թե՛ Իրանի համար բարդության ակնկալիքով, թե՛ նաև Հայաստանի հանդեպ որոշակի ռազմական սադրանքների «իրավունքի» ձեռքբերման: Անկարայի և Մոսկվայի համաձայնությունն այդ առումով Ալիևի համար այնքան էլ լավ լուր չէր, և ըստ երևույթին, պատահաբար չէ, որ Էրդողանը Բաքվից հեռանալիս՝ Սոչի մեկնելուց առաջ դժգոհել էր, որ Մինսկի խմբի համանախագահները ակտիվ չեն ղարաբաղյան հարցում և ձգում են այն: Թուրքիայի առաջնորդը թերևս գիտեր, որ մեկնում է Ալիևի հանդեպ «մեղք» գործելու և ըստ երևույթին փորձել էր ճանապարհին, այսպես ասած, ավանսով մխիթարել նրան՝ դժգոհելով համանախագահներից:

Spread the love
  • 15
    Shares