ԱՄՆ նախագահն առնվազն ակնարկում է Արցախի կարգավորման գործընթացի հնարավոր ակտիվացման մասին

donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի կապակցությամբ:

Սովորաբար ամերիկյան նախագահների ուղերձներն ունենում են ուշագրավ քաղաքական, դիվանագիտական տողատակեր։ Բնականաբար, դա հատկապես շեշտված է պրագմատիզմով աչքի ընկնող Թրամփի պարագայում։

ԱՄՆ նախագահն իր շնորհավորական ուղերձում հատկապես շեշտադրել է ԼՂ խնդիրը՝ բավականին ուշագրավ ուղերձով։ «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»,- Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ուղերձում գրել է ԱՄՆ նախագահը։

Ի՞նչ հնարավորությունների մասին է ակնարկում Թրամփը, արդյոք համանախագահները կամ ամերիկյան կողմն ունե՞ն մշակված կոնկրետ սցենար, թե՞ Թրամփն ակնարկում է, որ Հայաստանի նոր իշխանությանը տրված թայմ-աութը մոտենում է ավարտին, ու ժամանակն է զբաղվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով։ Դժվար է միանշանակ պատասխաններ տալ այս հարցերին՝ մանավանդ, որ ԼՂ խնդիրը գուցե հիշատակվել է այն պատճառով, որ հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների օրակարգն այնքան աղքատիկ է, որ Վաշինգտոնն ըստ էության Երևանի հետ երկխոսելու այլ առիթ ու թեմա չունի։

Հատկանշական է, որ հենց Անկախության օրվա նախօրեին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտորեն խոստովանեց, որ հայկական կողմին չի հաջողվել Թրամփ-Փաշինյան հանդիպում կայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Այս փաստը ևս վկայում է այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում որակական տեղաշարժեր չեն եղել, ինչը հիմնականում հետևանք է Հայաստանի միավեկտոր արտաքին քաղաքականության։

Սակայն վերադառնանք Թրամփի ուղերձին, ավելի ստույգ՝ դրա այն հատվածին, որտեղ հիշատակվում է, թե առաջիկա ամիսներին հեռանկարներ են բացվել ԼՂ հակամարտության կարգավորման համար։ Պետք է հիմք ընդունենք այն ելակետը, որ ԱՄՆ նախագահն առնվազն ակնարկում է կարգավորման գործընթացի հնարավոր ակտիվացման մասին, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև բանակցությունների վերսկսում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։

Արցախի խնդիրը նոր իշխանության կարևոր քննություններից մեկն է. ակնհայտորեն այս հարցում Նիկոլ Փաշինյանը դեռևս չունի հստակ կոնցեպցիա, եթե հաշվի չառնենք մի քանի հայտարարությունները, որոնք ավելի շատ էմոցիոնալ բնույթ են կրում, քան առնչություն ունեն ռեալ պոլիտիկ հետ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետության հենց հաջորդ օրը Ստեփանակերտում խոսեց բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին։ Իհարկե, բովանդակային առումով Փաշինյանի շեշտադրումը միանգամայն ընդունելի է, սակայն նման նախաձեռնությունները նախապատրաստվում են՝ մինչև հրապարակայնորեն հնչեցվելը։ Այս պարագայում նման բան տեղի չէր ունեցել, ինչը հիմք հանդիսացավ, որ միջնորդներն ակնհայտ անուշադրության մատնեն Փաշինյանի հայտարարությունը, իսկ Բաքվում խոսեն Երևանի իբրև թե ոչ կառուցողական դիրքորոշումների մասին։ Հետևանքն այն եղավ, որ Փաշինյանի հայտարարությունն ըստ էության հակառակ էֆեկտն ունեցավ, ինչը ստիպեց, որ Երևանը հետագայում խմբագրի դրա բովանդակությունը։

Նույն հարթության վրա անհասկանալի մնաց, երբ Մոսկվայի ու Փարիզի հայկական շրջանակների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսեց Արցախը Հայաստանին միացնելու նպատակի մասին։ Այս հայտարարությունը դարձյալ էմոցիոնալ է՝ գուցե հասցեագրված կոնկրետ՝ հայկական լսարանին, սակայն մեր պետական այրերը հաճախ մոռանում են, որ իրենց հրապարակային խոսքը, մանավանդ՝ ԼՂ խնդրին առնչվող, գտնվում է միջազգային հանրության համակ ուշադրության կենտրոնում։

ԼՂ խնդրի շուրջ զարգացումներն առաջիկա ամիսներին անխուսափելիորեն ակտիվանալու են, ու շատ կարևոր է, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները ձերբազատվեն հեղափոխական, պոպուլիստական մոտեցումներից՝ բանակցային գործընթացին հստակ կոնցեպցիայով ինտեգրվելու նպատակով։

Spread the love
  • 19
    Shares