Այսպիսով՝ իրավիճակը բավականին ուշագրավ է դառնում

- in Ընտրություններ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում վերջին օրերին նկատվող աննախադեպ լարվածությունը, որի առանցքում Նիկոլ Փաշինյանի թիմի ու ԲՀԿ-ի հակադրությունն է, կարծես՝ դուրս է գալիս կոնկրետ գործընթացի համատեքստից ու ավելի գլոբալ հարթություն է տեղափխվում՝ ստանալով ուշագրավ դրսևորումներ։

Դեռ նախօրեին իր ելույթում «Իմ քայլը» դաշինքի ագրեսիվ մարտավարությանը անդրադարձել էր «Լույս» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կանգնած են եղել Նիկոլ Փաշինյանի կողքին եւ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են. «Հիմա էդ մարդիկ մտածում են՝ արտահերթ ընտրություններին կողմնակից լինեն՝ ի՞նչ անեն: Բա ո՞նց ենք էդ խնդիրը լուծելու, բա էստեղ մտածելու բան չկա՞:

Նույն սահմանադրության հանրաքվեն էլ ի վերջո Ազգային ժողով է գալու և այդ մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող էլ էլ չօգնել: Իհարկե՝ ես միանշանակ ուզում եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կասկածել ինձ, որ ես այդ ընտրություններն դեմ եմ, դա նույնն է՝ մտածել, որ իմ ցանկությունն է եղել պատգամավոր դառնալը: Շատ լավ գիտեք, որ ես երկու անգամ պատգամավոր ընտրվել եմ, բայց չեմ գնացել խորհրդարան, ես երբեք ինձ առաջ չեմ գցել, ամբիցիա չեմ ունեցել, պաշտոն չեմ ուզել»։

Այսօր անսպասելիորեն ԱԺ արտահերթ ընտրությունների թեման զարգացրել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Tert.am-ին տված հարցազրույցում նա ասել է․ «Միանշանակ միանում եմ և կիսում իմ գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի երեկ հնչեցրած բոլոր մտահոգությունները։ Իհարկե, մտածելու ենք այդ մասին, և որևէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով և պարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզավեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, և եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» և այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ–ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, և ինչ որոշում էլ, որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը, և որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է մեզ սպառնալ ժողովրդի մի հատվածով:

«Կբերեմ, կճնշեմ և կքվեարկեք»։ Ո՛չ։ Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները»։

Այսպիսով՝ իրավիճակը բավականին ուշագրավ է դառնում, որովհետև խորհրդարանում նոր կառավարությանը պաշտպանող ամենամեծ խմբակցության փաստացի երկրորդ դեմքը հայտարարում է, որ հնարավոր են համարում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության նախաձեռնության տապալումը։ Իհարկե, մեծ իմաստով, Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած տեսակետն ավելի շատ հարցեր է ծնում, որոնց պատասխաններն այսօր տալ չենք կարող։

Արդյո՞ք ԲՀԿ այս դիրքորոշումը ավելի վաղ է հասունացել՝ մինչև Երևանի ավագանու քարոզարշավը, ու Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ինֆորմացիայի տիրապետում էր, ինչի պատճատով էլ ընտրեց կոշտ նախընտրական մարտավարություն՝ իր մրցակիցներին համարելով «սևեր» կամ հակահեղափոխականներ, թե՞ այնաուամենայնիվ հենց «Իմ քայլի» քաղաքական մենիշխանության ձգտումն ու քաղաքական դաշտը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու մարտավարությունը ԲՀԿ-ի մոտ առաջացրեցին դիմադրելու ցանկություն։ Այս հարցերը չունեն միանշանակ պատասխաններ, սակայն մի բան հստակ է՝ Նաիրա Զոհրաբյանի այսօրվա հայտարարությունը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում երկրում։

Եթե երեկ արձանագրում էինք, որ քաղաքապետական ընտրությունների քարոզարշավը փլուզեց ժամանակավոր կառավարության ձևավորման հիմքում դրված ազգային համաձայնության մոդելը, ապա այսօր կարող ենք արձանագրել ավելի խորքային հակադրություն, որն, ըստ էության, վերացնում է հետհեղափոխական կոնսենսուսը խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ։ Նիկոլ Փաշինայնը դեռևս ունի հասարակական վստահության մեծ ռեսուրս ու խորհրդարանի արտահերթ ընտրությունների հարցը կարող է լուծել հանրային ճնշման միջոցով։ Սակայն այս տարբերակը վստահաբար կարող է աշխատել հիմա ու դա ենթադրում է, որ Նիոկոլ Փաշինյանը քաղաքապետական ընտրությունների ավարտից անմիջապես հետո պետք է ձեռնամուխ լինի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստամանը։

Դժավար է ասել, թե մյուս տարվա մայիս-հունիս ամսիներին ինչ մակարդակի վրա կլինի Նիկոլ Փաշինյանի հասարակական վստահության նշաձողը, այլ խոսքով՝ արդյո՞ք մյուս տարվա մայիս-հունիս ամիսներին Փաշինյանը կարող է փողոցի ուժով խորհրդարանին որևէ բան պարտադրել։ Հետհեղափոխական ռեժիմում իրավիճակ է փոխվում յուրաքանչյուր օր, շաբաթ, օր, ժամ։ Ինչն այսօր Նիկոլ Փաշինյանը կարող է անել հաստատապես, վիճահարույց կարող է թվալ շաբաթներ կամ ամիսներ անց։

Ստացվում է հակասական վիճակ․ մի կողմից՝ «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակը քաղաքապետական ընտրություններում քաղաքականապես մոտիվացնում է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի մտադրությունը, մյուս կոմից՝ իշխանությունը մենաշնորհելու նրա թիմի ձգտումը հանդիպում է կոալիցիոն այսօրվա գործընկերների համառ դիմադրությանը՝ առնվազն մշուշոտ դարձնելով գործող խորհրդարանը լուծարելու ընթացակարգը, մանավանդ եթե հաջորդ տարվա գարնանը հեղափոխական էյֆորիան այս մակարդակի վրա չլինի։ Ո՞ր ճանապարհը կընտրի Նիկոլ Փաշինյանը։ Նա կգնա խորհրդարանի ընտրությունների արագ կազմակերպմա՞նը, թե՞, այնուամենայնիվ՝ ունի վստահություն, որ մյուս տարվա գարնանը նույնպես՝ ինքն է լինելու հասարակական վստահության կրողը ու չի շեղվի կառավարության ծրագրով հաստատված ժամանակցույցից։

Իհարկե, հնարավոր են միջանկյալ լուծումներ։

Արտահերթ ընտրությունների խնդիրը կարող է կարգավորվել նաև նոր կոնսենսուսի ճանապարհով, իսկ գուցե Փաշինյանը վստահ է, որ ԲՀԿ-ի դիմադրությունը կոտրվելու է՝ տեղեկացված լինելով մերձքաղաքական իրավական գործընթացների մասին, որոնք կարող են ավելի «պայմանավորվող» դարձնել Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմին։ Իհարկե, խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեման շատ ավելի բազմաշերտ է, որովհետև այս հարցում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է ունենա կառավարությանը մասնակից ուժերի լոյալությունը, այլ նաև կոտրի հին համակարգի ռեստարվրացիայի կողմնակիցների դիմադրությունը։

Ամեն դեպքում՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ոչ այնքան հեղափոխության ձեռբերումների կապիտալիզացիայի հանգրվան դարձան, որքան՝ քանդեցին հետհեղափոխական փխրուն համաձայնությունները, ինչի հետևանքով ներքաղաքական հակադրությունն ավելի բազմաշերտ ու բազմահարթակ դարձավ՝ մեծացնելով անկանխատեսելիության ու անորոշության գործոնը։

Spread the love